Կոմիտասի, Ադամյանի եւ այլոց բացիկ-լուսանկարները՝ Մատենադարանի ընտրանուց - Mediamax.am

exclusive
1811 դիտում

Կոմիտասի, Ադամյանի եւ այլոց բացիկ-լուսանկարները՝ Մատենադարանի ընտրանուց


Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան


2023-ի նոյեմբերին Մեսրոպ Մաշտոցի Մատենադարանում բացվեց «Մատենադարան․լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով ցուցահանդեսը։ Մատենադարանի ֆոնդերում պահվող լուսանկարչական հսկայական ժառանգությունը ներկայացվում էր առաջին անգամ։

Մատենադարանի ավագ գիտաշխատող, ցուցադրության համադրող եւ «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուից» պատկերագրքի հեղինակ Իվեթ Թաջարյանը Մեդիամաքսի խնդրանքով առանձնացրել է մի քանի լուսանկար, որոնց հավելյալ արժեք ու կարեւորություն են հաղորդում ուղեկցող մակագրությունները։

«19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի լուսանկարիչների աշխատանքներն ուսումնասիրելիս՝ մեզ մեծապես օգնում են մակագրությունները։ Եղել են լուսանկարիչներ, որ իրենց ձեռքով տեղեկություններ են թողել, թե երբ եւ որտեղ է արվել լուսանկարը։ Երբեմն՝ այդպիսի տեղեկություններ ստանում ենք լուսանկարների սեփականատերերից։ Իհարկե, ոչ բոլոր լուսանկարիչներն են հեռատես եղել եւ գրություն, նոթեր թողել, ինչը դժվարացնում է ուսումնասիրողների աշխատանքն ու մեծ ջանքեր պահանջում»,-ասում է Իվեթ Թաջարյանը։

Լուսանկարը` Մատենադարան


Մատենադարանում է պահվում Կոմիտասի՝ դեռեւս սարկավագության շրջանի՝ 1893 թվականի հոկտեմբեր 22-ին արված մի լուսանկար՝ հենց իր մակագրությամբ՝ «Բարեկամական նուէր Հայր Համազասպ վարդապետին»։

Լուսանկարը` Մատենադարան


Մակագրված մի լուսանկար էլ Վարգես Սուրենյանցին Պետրոս Ադամյանն է ուղարկել։ Սուրենյանցը նրան՝ որպես մոդելի, նկարում էր տարբեր կերպարներում։ Եվ այդպիսի մի կերպարում արված լուսանկար էլ նա ուղարկել էր նկարչին՝ մակագրելով՝ «Ազնիվ պարոն Վարդգես Սուրենյանցին»։

Լուսանկարը` Մատենադարան


Իվեթ Թաջարյանն ասում է, որ հաճախ ընկերները կամ սիրեցյալները մեկը մյուսին իր լուսանկարն էր ուղարկում՝ որպես բացիկ։ Դրանց դարձերեսին երբեմն կարճ բանաստեղծություն կամ ռոմանտիկ երկտող էր։

Լուսանկարը` Մատենադարան


«Սա է Սահակ վարդապետ, Քաջագանգուր, ձայնագէտ, սիրող գժից, աղքատաց...»,- բանաստեղծական տողերով լուսանկարն Էջմիածնի հոգեւորականներից մեկի  անձնական ալբոմից է։

Լուսանկարը` Մատենադարան


Ժամանակին, երբ լուսանկարչական ապարատներն այդքան մատչելի չէին, ազգագրագետները, ճարտարապետները, հնագետները տարբեր շրջաններում ուսումնասիրություններ կատարելիս՝ համագործակցել են լուսանկարիչների հետ։ Այդ լուսանկարներին ուղեկցող մակագրությունները շատ կարեւոր տեղեկություններ են հաղորդում։

«Մատենադարանում ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանի եւ լուսանկարիչ Մ. Երմակովի աշխատասիրությամբ երկու ալբոմ ունենք, որոնք ընդգրկում են Գեղարքունիքի, Վայոց Ձորի ճարտարապետական հուշարձանները։ Ալբոմն ամբողջությամբ եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն մակագրություններով։

Լուսանկարը` Մատենադարան


Այն ժամանակ ալբոմները լույս էին տեսնում սահմանափակ քանակությամբ, որովհետեւ բազմացնելը հեշտ չէր։ Եվ հետաքրքիր է, որ վերջերս Ֆրանսիայի մշակութային հաստատություններից մեկը գնել էր նույն ալբոմից, բայց ավելի քիչ նկարներով ու առանց մակագրությունների։ Հիմա աշխատում ենք նրանց հետ, որ լրացնեն այդ մակագրությունները»,-ասում է Իվեթ Թաջարյանը։

Լուսանկարներն ու դրանց մակագրություններն անգնահատելի են հատկապես այն հուշարձանների դեպքում, որոնք Արեւմտյան Հայաստանում են կամ այլեւս գոյություն չունեն։

Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին