Սերժ Սարգսյան. Բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն կա - Mediamax.am

2108 դիտում

Սերժ Սարգսյան. Բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն կա


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին հրապարակված հարցազրույցում խոսել է իր նախագահության 10 տարիների ընթացքում Արցախյան բանակցային գործընթացի առանձնահատկությունների եւ դրանց վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին։

 

Մեդիամաքսն առանձնացրել է Սերժ Սարգսյանի հարցազրույցի որոշ հատվածներ։

 

Հայկական եւ ադրբեջանական «փաստարկներ»

 

Երբ որ ես լսում էի այդ հարցազրույցում (ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան վերջին ասուլիսը-խմբ.) Արցախի խնդրի հետ կապված հատվածները, ուղղակի ապշահար էի եղել, որովհետեւ հնչում էին «փաստարկներ», որոնք ես լսել եմ 2008 թվականին, 2009-ին, 2010-ին՝ Ադրբեջանի նախագահի կողմից:

 

Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռեւս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին:

 

2016-ի առաջարկների եւ բանավոր պայմանավորվածության մասին

 

Մենք որեւէ նոր փաստաթղթի կամ ինչ-որ բանավոր պայմանավորվածության չենք գնացել, եւ դա հաստատեցին համանախագահները, երբ հայտարարեցին, որ որեւէ նոր փաստաթուղթ չկա, ու ուժի մեջ է մնում 1994 թվականին կնքված եռակողմ պայմանագիրը:

 

2016 թվականին` Ապրիլյան պատերազմից հետո, մենք համանախագահներից ստացել ենք առաջարկություններ: Եվ այդ առաջարկությունները որեւէ կերպ չէին խախտում այն կարմիր գծերը, որ մենք մշտապես ունեցել ենք:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը

 

Եթե որեւէ մեկը, ով ուզում է այս թեմայով խոսել, հանգամանորեն ծանոթանա Կազանյան փաստաթղթի հետ, ապա կտեսնի, որ այդ փաստաթուղթը, այդ հռչակագիրը, եթե ընդունեինք, անպայման պետք է հաստատվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, որովհետեւ այնտեղ կան հանգամանքներ, որոնք վերապահված են ՄԱԿ-ին, եւ ԵԱՀԿ-ն, առավել եւս՝ Մինսկի խումբը, չէր կարող այդպիսի որոշումներ ընդունել:

 

Բոլոր փաստաթղթերում այդ միտքը կար: Փաստաթղթերից որեւէ մեկում գրված չէր, որ սա անպայման պետք է ուղարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

 

2016 թվականին մեզ առաջարկվել է երեք տարբեր փաստաթղթերից բաղկացած փաստաթղթերի տրցակ: Մեկը պետք է լիներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հռչակագիրը, երկրորդը՝ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը, որտեղ կլինեին նաեւ որոշակի տարրեր, որոնք Ադրբեջանի համար ընդունելի չէին եւ Ադրբեջանի նախագահը չէր ուզում, որ դրանք լինեն հռչակագրում մեջ, եւ երրորդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ, որն ամբողջականացնում եւ միահյուսում էր այս երկու փաստաթղթերը եւ նաեւ իր կողմից ավելացնում էր որոշակի հանգամանքներ:

 

Մադրիդյան սկզբունքների ընկալումները

 

Առաջարկածը շատ հստակ է`ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, որ ԼՂ ինքնավար մարզը պետք է կարգավիճակ ստանա` չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դա ենթադրվում էր՝ եթե հանրաքվե էր լինելու, ակնհայտ էր, որ որոշումն ինչպիսին պետք է լիներ:

 

Ասում էին, որ խնդիրն ուժային կերպով չի կարելի լուծել եւ ասում էին, որ գալու ենք խաղաղապահներով՝ մինչեւ հասունանաք, մինչեւ հանրաքվե անցկացվի: Շատ պարզ էր:

 

Ամբողջ խնդիրն այն էր, որ, Կազանում փաստաթուղթ չընդունեցինք: Այնտեղ պետք է հռչակագիր լիներ, այսինքն՝ առանց ստորագրությունների հայտարարվեր, քանի որ հիմնական փաստաթուղթը պետք է լիներ միջպետական պայմանագիրը` համապարփակ պայմանագիրը ԼՂ խնդրի խաղաղ լուծման, որն ամեն ինչ ներառելու էր:

 

Մինսկի խումբը չի վերացել

 

Ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դրանք հրապարակելը կոռեկտ չեմ համարում: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն (Նիկոլ Փաշինյանը- խմբ.) ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր: Մինսկի խումբը չի վերացել` անկախ այն բանից՝ սա է բանակցում նրանց հետ, վաղը մեկ ուրիշն է բանակցելու: Դա մի երկրորդական կառույց չէ: Ուզում եմ հիշեցնել, որ մենք գործ ունենք  Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ: Եթե մենք ամբողջովին վստահությունը կորցնենք, ապա դրանից ի՞նչ ենք շահելու: Եթե մարդիկ կասկածում են, ուրեմն թող հետեւեն համանախագահների հայտարարություններին: Սրանք քանի անգամ փորձեցին սխալ մեկնաբանել համանախագահողների առաջարկությունները: Անմիջապես արձագանքեցին: Մի քանի անգամ արձագանքեցին: Արդյո՞ք դա բավարար չէ, որպեսզի կասկածող մարդիկ հասկանան՝ որն է ճշմարտությունը, իսկ որն է սեփական ձախողումները արդարացնելու փորձը:

 

«Լավրովյան պլան»

 

«Լավրովյան պլան», որպես այդպիսին, չի եղել: Մարդիկ այդպես անվանել են, իմիջիայլոց, անվանել են իրենք` այսօրվա իշխանությունները, երբ ընդդիմություն էին, եւ դրա մասին համանախագահներն էլ են խոսել եւ այլն:

 

Ուզում եմ մի փաստ էլ հստակ ընդգծենք՝ մինչեւ 2018 թվականը համանախագահները միակարծիք էին առաջարկություններ ներկայացնելուց: Նույնիսկ եթե այդ առաջարկությունները մի անգամ ներկայացրել են ֆրանսիացիները, մի անգամ՝ ամերիկացիները, մի անգամ եւ վերջին շրջանում՝ հիմնականում ռուսական կողմից: Լավ բառ կա հայերենում` համախոհություն: Այդ բոլոր առաջարկությունները համախոհության սկզբունքով էին ձեւավորվում եւ տրվում կողմերին:

 

Հակամարտությունը հանգուցալուծված չէ   

 

Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված չէ: Եվ դա միայն իմ համոզմունքը չէ: Դրա մասին են խոսում նաեւ համանախագահների հայտարարությունները: Չնայած մենք այսօր ջախջախված ենք, կապիտուլացված ենք` մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու: Պետք է պահանջենք, որպեսզի սրանք այդ ճանապարհով գնան:

 

Մերը ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքն է: Այո, այդ իրավունքն անքակտելի է: Եվ շատ տեւական ժամանակ միջազգային հանրությունը դա հաստատել է: Եթե մենք մեր գործողություններով հիմա պետք է դրդենք միջազգային հանրությանը, որ կարծիքը փոխի, դա արդեն միջազգային հանրության պրոբլեմը չէ, դա մեր պրոբլեմն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին