Այվազյան. Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետեւանք է - Mediamax.am

1490 դիտում

Այվազյան. Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետեւանք է


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր ասել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը Թուրքիայի անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետեւանք է:

Այս մասին Արա Այվազյանն ասել է փետրվարի 16-ին Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընիի հետ հանդիպմանը:

 

Այվազյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը չի կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում. «Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է կայունություն, տևական խաղաղություն և ի վերջո՝ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»:

 

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից ինքնորոշման իրավունքի բռնի ճնշման փորձը, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլեւ լուրջ եւ շարունակական սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»,- ասել է նախարարը:

 

Արա Այվազյանը ուշադրություն է հրավիրել նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, պատանդառության քաղաքականության վրա՝ նշելով, որ «դա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր արժանահավատորեն եւ հետեւողականորեն հանդես են գալիս միջազգային ասպարեզում մարդու իրավունքների  պաշտպանության դիրքերից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին