Արցախից տեղահանվածների իրավունքներն ու խնդիրները - Mediamax.am

exclusive
5852 դիտում

Արցախից տեղահանվածների իրավունքներն ու խնդիրները


Ստեփանակերտի բնակչուհին
Ստեփանակերտի բնակչուհին

Լուսանկարը` REUTERS

Լեւոն Գեւորգյանը
Լեւոն Գեւորգյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Հադրութը
Հադրութը

Լուսանկարը` REUTERS

Հադրութը
Հադրութը

Լուսանկարը` REUTERS

Մատաղիսում
Մատաղիսում

Լուսանկարը` REUTERS

Ստեփանակերտում
Ստեփանակերտում

Լուսանկարը` REUTERS

Ստեփանակերտում
Ստեփանակերտում

Լուսանկարը` REUTERS


Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով բազմաթիվ արցախցիներ ստիպված էին լքել իրենց տները՝ անվտանգության ուղիղ սպառնալիքի ներքո:

 

Մեդիամաքսը փորձել է պարզել նրանց խնդիրների լուծման ուղիները ինչպես կառավարության աշխատանքում, այնպես էլ միջազգային ատյաններում:

 

Փախստականի կարգավիճակ

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության տվյալների համաձայն ՝ պատերազմի ընթացքում Արցախից տեղահանվածների թիվը 93 300-ից ավելի էր (ճշգրտությունը 2-3%): Նրանք, սակայն, չունեն «փախստականի» իրավական կարգավիճակ։

 

Ըստ Միգրացիոն ծառայության պարզաբանման՝ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի 1-ին հոդվածի «Ե» կետով սահմանվում է, որ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։

 

1999 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ «անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է Արցախի Հանրապետության բնակիչներին որոշակի պայմաններում տրամադրել անձնագրեր: Համաձայնագրի առաջին հոդվածով նախատեսվում է.

 

«Կողմերը համաձայնում են, որ իրենց քաղաքացիները կողմերից յուրաքանչյուրի տարածքում ունենան ազատ տեղաշարժվելու եւ բնակվելու իրավունք»:

Հադրութը Հադրութը

Լուսանկարը` REUTERS

Այսպիսով, Արցախից տեղահանվածները չեն ստանում ապաստանյալի կամ փախստականի կարգավիճակ, քանի որ չեն բավարարում օրենքը կարգավորող վավերապայմաններին: Այնուամենայնիվ, ինչպես նշում է միգրացիոն ծառայությունը, նշված կարգավորումները որեւէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ նրանք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ»:

 

Իրավունքների պաշտպանությունը ՄԻԵԴ-ում

 

Միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Գեւորգյանի խոսքով՝ այս պահին չկան կարճաժամկետ լուծումներ, որ անմիջականորեն կլուծեն Արցախից տեղահանվածների՝ իրենց բնակավայրեր վերադարձի հարցը։ Այնուամենայնիվ, կա կոնկրետ ընթացակարգ, որն այս պահին պետությունը նախաձեռնում է։

 

«Հայաստանը միջպետական հայց կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։ Դրա շրջանակում հայկական կողմը բարձրաձայնելու է ինչպես պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի իրականացրած մարդու իրավունքների խախտումների, խոշտանգման դեպքերի, գույքի ոչնչացման, կյանքի իրավունքի խախտումների, այնպես էլ համապատասխան անձանց վերադարձի իրավունքի հարցերը։ Սա, իհարկե, երկու տարվա խնդիր չէ, դատավարությունը կարող է տեւել 5 տարի եւ ավելի»,- մանրամասնել է նա։

Լեւոն Գեւորգյանը Լեւոն Գեւորգյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մասնագետն ընդգծել է, որ արցախցիների ունեզրկումը ՄԻԵԴ ներկայացվող հայցի բաղկացուցիչ մասերից մեկն է։ Այն ներառում է հողերը, տները եւ այն ամբողջ ունեցվածքը, ինչից ստիպված են եղել զրկվել անհատները ոչ միայն ռազմական գործողությունների, այլեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետեւանքով։

 

Արդարադատության այլընտրանքը՝ հայաթափում

 

Անդրադառնալով հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակության հեռանկարը դիտարկող քաղաքական հայտարարություններին, Լեւոն Գեւորգյանը նշում է՝ դրանք իրատեսական չեն։

 

«Համակեցությունն անհնար է, քանի դեռ բոլոր ռազմական հանցագործները, խտրականություն քարոզող բոլոր պաշտոնյաները չեն ենթարկվել պատասխանատվության, եւ քանի դեռ պետությունը չի ընդունել դա։ Առանց արդարադատության վերականգնման, համակեցությունն անհնար է թե՛ մարդու իրավունքների, թե՛ անվտանգության տեսանկյունից։ Ինչ խոսք կարող է լինել համատեղ բնակության մասին, երբ Ադրբեջանի ղեկավարը միայն մի քանի օր առաջ իր պաշտոնական ելույթի ժամանակ հայտարարել է՝ հաղթանակի պատճառներից մեկն այն է, որ իրենց երիտասարդ սերնդին դաստիարակել են հայատյացության ոգով»,- նշել է իրավագետը՝ հավելելով, որ նման օրինակների պակաս հայկական կողմի ապացուցողական բազայում չկա։

Մատաղիսում Մատաղիսում

Լուսանկարը` REUTERS

Լեւոն Գեւորգյանի կարծիքով՝ միջազգային իրավական գործընթացներում Հայաստանի համար առաջնային պետք է լինի անհատների՝ իրենց պապենական բնակավայրեր վերադառնալու իրավունքի, ինչպես նաեւ էթնիկ զտման համար Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը։

 

«Թե ինչպես կօգտագործվի արձանագրված դատական հայցը քաղաքական- բանակցային տեսանկյունից, դա ավելի երկարաժամկետ գործընթաց է։ ՀՀ-ի համար առաջնայինը պետք է լինի նաեւ Արցախի միջազգային ճանաչումը՝ առնվազն այն սահմաններով, որոնք կազմել են ԼՂԻՄ-ի տարածքը խորհրդային ժամանակներում։ Դրանից հետո միայն կարելի է խոսել անվտանգ վերադարձի մասին»,- մանրամասնել է միջազգային իրավունքի մասնագետը։

 

Ռասայական խտրականություն եւ հայատյացություն

 

Լեւոն Գեւորգյանը շատ բարձր է գնահատում այն ապացուցողական բազան, որ Հայաստանն ունի միջազգային իրավական գործընթացներում հաջողություններ գրանցելու համար։ Դա վերաբերում է նաեւ Հայաստանի նոյեմբերի 11-ի ծանուցմանը Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ Ըստ մասնագետի՝ դրա շրջանակում սկսված գործընթացը պետք է հանգեցնի կողմերի միջեւ որոշակի բանակցությունների, եւ Ադրբեջանի կողմից իր պատասխանատվությունը չընդունելու պարագայում շատ մեծ հավանականությամբ Հայաստանը կարող է հայց ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան։

Հադրութը Հադրութը

Լուսանկարը` REUTERS

«Կան նաեւ հիմքեր խոսելու Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի եւ Վարձկանների հավաքագրման արգելքի վերաբերյալ միջազգային կոնվենցիաների խախտումների մասին։ Հայաստանը պետք է օգտագործի այս ամբողջ գործիքակազմը։ Եվրոպական դատարանի գործի տեսանկյունից ապացուցողական բազան ահռելի է։ Նույնը վերաբերում է նաեւ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի լրջագույն խախտումներին, որովհետեւ խոսքը ոչ միայն վերջին շրջանի, այլ նաեւ նախորդող շուրջ 20 տարիների ընթացքում Ադրբեջանի վարած քաղաքականության մասին է՝ սկսած մշակութային ժառանգության ոչնչացումից, պատմության աղավաղումից եւ կեղծումից, ավարտած ատելության խոսքի քարոզով եւ ազգությամբ հայերի դեմ բռնի հանցագործություններ կատարած անձանց հերոսացմամբ»,- մանրամասնել է նա։

 

Դիվանագիտական պայքար

 

Արդբեջանական մամուլում կարելի է պարբերաբար հանդիպել հրապարակումների, ըստ որոնց Ադրբեջանը պատրասվում է դատի տալ Հայաստանին իր ունեցվածքի ոչնչացման, մշակութային ժառանգության իրացման եւ այլ որեւէ հիմք չունեցող պատճառներով: Լեւոն Գեւորգյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ միջազգային ատյաններին դիմելն առավել քան սպասելի է:

 

«ՄԻԵԴ միջպետական հայց իրենց կողմից ավելի հապճեպ է ներկայացվել։ Ադրբեջանը, որ ահաբեկիչների էր օգտագործում պատերազմում, արդեն իսկ ռմբակոծում է ՄԱԿ-ն առ այն, որ վարձկանների ու ահաբեկիչների օգտագործել է ՀՀ-ն՝ ներկայացնելով որպես ահաբեկիչներ այն հայերին, որ այլ երկրներից էին եկել Հայաստան եւ կամավորագրվել։ Այս կատարյալ անհեթեթությունը, որ հակասում է մարդասիրական իրավունքի միջազգային չափանիշներին, միեւնույն է առաջ է տարվելու իրենց կողմից։ Սա նաեւ աշխատանք է դիվանագիտական եւ տեղեկատվական հարթակներում, որտեղ մենք ակնհայտ տանուլ ենք տալիս»,- նշել է նա:

 

Սոցիալ-տնտեսական խնդիրներ

 

Պատերազմի մեկնարկից ի վեր շատ կարեւոր է Արցախից ինքնաբուխ կերպով ժամանած անձանց կարիքների ապահովումը։ 2020 թվականի հոկտեմբերի վերջերից ՀՀ տարածքում իր աշխատանքներն է սկսել Արցախի կառավարության օպերատիվ շտաբը, որը զբաղվում է Արցախից տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգմամբ՝ համագործակցելով ՀՀ կառավարության պատասխանատու մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ։

 

Շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը նշել է, որ առաջ եկած հիմնական խնդիրներն են արցախցիներին կեցավայրով, տաք սնունդով եւ տաք հագուստով ապահովումը, ուսումնական հաստատություններ հաճելու եւ բուժման ու դեղորայքային հարցերի լուծումը։

Ստեփանակերտում Ստեփանակերտում

Լուսանկարը` REUTERS

Այս նպատակով ՀՀ կառավարությունը նախաձեռնել է մեկ տասնյակից ավելի աջակցության ծրագրեր։ Դրանցից առաջինը յուրաքանչյուր շահառուին միանվագ դրամական օգնություն տրամադրումն է 68 000 դրամի չափով, եւ լրացուցիչ 15 000 դրամ այն շահառուներին, որոնք չունեն սեփականություն։ Միքայել Վիրաբյանի խոսքով՝ այս ծրագրի շահառուների ավելի քան 58 %-ը աջակցությունը ստացել է Արցախի Հանրապետության տարածքում, ինչից կարելի է ենթադրել, որ տեղահանվածների մեծ մասն արդեն վերադարձել է հայրենիք։

 

Կառավարության աջակցության մյուս ծրագրերը նախատեսում են դրամական օգնության տրամադրում այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների բնակիչներին, պատերազմի հետեւանքով գույքը կորցրածներին, զոհերի, վիրավորների եւ անհետ կորածների ընտանիքներին։

 

Մեկնարկել է նաեւ Արցախում բնակարանային ապահովման ծրագրի առաջին փուլը, որի շրջանակում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի եւ Շուշիի շրջանների գյուղական համայնքներում գտնվող, վերանորոգված եւ կահավորված տներն առաջիկա ամիսների ընթացքում կտրամադրվեն արցախցիներին։

Ստեփանակերտում Ստեփանակերտում

Լուսանկարը` REUTERS

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկել է պատերազմի հետեւանքով ՀՀ տարածքում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության երկու ծրագիր։ Դրանցից առաջինը նախատեսում է մասնագիտական փորձի ձեռք բերում 3 ամիս ժամկետով, որով սահմանված է 100 000 դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի։ Երկրորդ ծրագրով արցախցիները կարող են ներգրավվել համայնքային աշխատանքներում՝ օրական

8 000 դրամ վարձատրությամբ (ներառյալ հարկերը)։

 

Կրթական եւ առողջապահական խնդիրներ

 

ՀՀ կառավարության հոկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախից ժամանած անձինք իրավունք ունեն ստանալու անվճար բուժօգնություն, հոսպիտալացված բուժսպասարկում, բարձրագույն տեխնոլոգիաների եւ թանկարժեք սարքավորումների օգտագործմամբ օգնություն։ Նրանք կարող դիմել մոտակա կլինիկա, իսկ վիրահատության անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան ուղեգիր։

 

Պատերազմի օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի Արցախից տեղահանված երեխաները կարողանան հաճախել իրենց համայնքում գտնվող դպրոց՝ անկախ այդ դպրոցի լիցենզիայով սահմանված տեղերի քանակից:

 

ՀՀ կառավարության աջակցման ծրագրերից մեկը նախատեսում է պատերազմի մասնակիցների, նրանց երեխաների ուսման վարձի փոխհատուցում, իսկ Արցախի պետական համալսարանի ուսանողների 2020-2021 ուսումնական տարվա վարձը կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը։

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին