Արա Այվազյան. Հակամարտությունը մտել է նոր փուլ - Mediamax.am

2334 դիտում

Արա Այվազյան. Հակամարտությունը մտել է նոր փուլ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որում հայկական կողմերը պետք է միասնական օրակարգ ձեւավորեն:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն իրարամերժ են: Մի կողմից, նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից՝ անում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ, որոնք չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատմանը»,- Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նշել է նախարարը:

 

Նա հայտնել է, որ հունվարի 5-ին Արցախ կատարած այցի ընթացքում քննարկել է ընդհանուր օրակարգ ձեւավորելու եւ աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը:

 

«Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով եւ դրանք վարել այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան եւ հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր»,- ասել է Արա Այվազյանը:

 

Մեկնաբանելով Շուշիի մասին Ադրբեջանի արված հայտարարությունները, արտգործնախարարն ասել է.

 

«Շուշին հայկական մշակութային կենտրոն է եւ անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, չենք համաձայնելու այն պնդումներին, թե Շուշին կարող է դառնալ թյուրքական մշակութային կենտրոն: Վստահ եմ, որ սրա հետ կապված մենք ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին