Փաշինյան. Թուրքիան չի կարող միջնորդ լինել - Mediamax.am

2901 դիտում

Փաշինյան. Թուրքիան չի կարող միջնորդ լինել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն Թուրքիային՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ապացույցներ ունի:

«Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ամերիկյան հանրությունը, պետք է իմանա, որ Միացյալ Նահանգներում արտադրված F-16-ներն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով։

 

Փաստեր կան, որոնք վկայում են, որ թուրքական ռազմական ղեկավարությունն անմիջականորեն ներգրավված է գրոհներ իրականացնելու գործում։ Անկարան Բաքու է ուղարկել ռազմական փոխադրամիջոցներ, զինամթերք, ինչպես նաեւ ռազմական խորհրդատուներ։ Մեզ հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իր գրավյալ տարածքներից հազարավոր վարձկանների է վարժեցրել եւ տեղափոխել: Այդ վարձկաններն ու ահաբեկիչներն այսօր կռվում են հայերի դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ասել է, որ Թուրքիան միանշանակ պատասխանատու է այս ագրեսիայի համար:

 

«Ակնհայտ է, որ Անկարան է իրավիճակի բազմաթիվ կարեւորագույն հարցերում որոշում կայացնողը։ Նրանց նպատակը տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունն ի շահ իրենց խախտելն է: Թուրքիան երազում է սուլթանությանը նմանվող կայսրություն ստեղծել եւ բռնել է մի ճանապարհ, որը կարող է կրակի տալ տարածաշրջանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

 

Վարչպետը շեշտել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ «նրանք են նախահարձակ կողմը եւ այս պահին էլ հայերի են սպանում»։

 

«Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության։ Այնտեղի բնակչությունը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ։ Այս փուլում հակառակորդ կողմը գրոհները դադարեցնելու ոչ մի նշույլ ցույց չի տալիս։ Նույնիսկ վստահ չեմ, որ Ադրբեջանը վերահսկում է իր հետ կողք-կողքի կռվող ահաբեկիչներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Խոսելով բանակցությունների մասին՝ Հայաստանի վարչապետը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցությունների միակ ձեւաչափն է, իսկ Թուրքիան իր կողմնակալ եւ ռազմատենչ վարքի համար չի կարող միջնորդ լինել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին