Հայ դիվանագետը ՄԱԿ-ում խոսել է Թուրքիայի ցեղասպան կեցվածքի մասին - Mediamax.am

4312 դիտում

Հայ դիվանագետը ՄԱԿ-ում խոսել է Թուրքիայի ցեղասպան կեցվածքի մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Նաիրի Պետրոսյանն ասել է, որ «Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ ագրեսիա են իրականացնում Արցախում եւ Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ»:

Հոկտեմբերի 1-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում, նա ասել է.

 

«Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում են, որ մեկ ազգ են `երկու պետություն, եւ այս առումով նրանք փարատեցին բոլոր կասկածները` ավտորիտար կառավարման ձեւով եւ հարեւանների նկատմամբ տարվող  էքսպանսիայի քաղաքականությամբ»:

 

«Թուրքական տրամադրությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ոչ մեկի համար գաղտնիք չեն: Այն բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է Ադրբեջանին ՝ Հարավային Կովկասում նույն ցեղասպան գործողություններն իրականացնելու համար»,- ընդգծել է Նաիրի Պետրոսյանը:

 

Դիվանագետը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի կողմից հայերի դեմ ինքնության վրա հիմնված ամենադաժան հանցագործություններին անդրադարձել է երկու առանձին վճիռներով:

 

Մեկը ՝ խաղաղ քնած հայի դաժան սպանությունն է, եւ մյուսը՝ Ադրբեջանում հայ գերու խոշտանգումը եւ դրան հաջորդած սպանությունը:

 

Պատասխանելով Ադրբեջանի ներկայացուցչի կողմից հնչեցված մեղադրանքներին, Նաիրի Պետրոսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ հայերի նկատմամբ անհանդուրժողականության եւ այլատյացության ներկայիս քաղաքականությունը լավ փաստագրված եւ ներկայացված է, այդ թվում ՝ Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի եւ Եվրոպայի խորհրդի  Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից:

 

«Ենթադրյալ հակապատկերն ու մեղադրանքները ներկայացնելու փոխարեն, Ադրբեջանն ավելի լավ է կենտրոնանա քննարկվող խնդրի վրա՝ ռասիզմ, ռասայական խտրականություն, այլատյացություն եւ անհանդուրժողականություն: Ափսոսանքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի կողմից արված հայտարարությունը ճիշտ ախտորոշում է առկա խնդիրը՝ աշխարհով մեկ հայկական մտացածին դավադրության զառանցանքային տեսլականը, որի դեմ նրանք անձնուրաց պայքարում են: Ադրբեջանը ազնիվ կլինի իր ժողովրդի եւ աշխարհի առաջ, եթե դադարեցնի վառել գրքեր, որտեղ «Հայաստան» բառը գրված է շապիկին: Եթե որեւէ մեկը կասկածներ ունենա սրա վերաբերյալ, մենք պատրաստ ենք դա հիմնավորել շոշափելի ապացույցներով»,- ասել է Նաիրի Պետրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին