ՀՀ ԱԳՆ. Թուրքական զինուժը պետք է անհապաղ դուրս բերվի - Mediamax.am

2958 դիտում

ՀՀ ԱԳՆ. Թուրքական զինուժը պետք է անհապաղ դուրս բերվի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր «խստորեն դատապարտել է Թուրքիայի սադրիչ գործողությունները եւ պահանջել թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց»:

Հայտարարության մեջ ասված է, որ թուրքական զինուժի սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը եւ խոչընդոտում մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

 

ՀՀ ԱԳՆ-ը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, եւ Թուրքիան պետք է անսա այս կոչերին:

 

ԱԳՆ հայտարարծության մեջ նաեւ ասված է․

 

«Սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է օդաչու, մայոր Վալերի Դանելինը:

 

Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը եւ հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:

 

Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ եւ մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին