Արցախի կառավարությունը կրճատում է ընթացիկ բյուջեն - Mediamax.am

3140 դիտում

Արցախի կառավարությունը կրճատում է ընթացիկ բյուջեն


Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Այդ որոշումը կայացվել է սեպտեմբերի 27-ին կայացած Արցախի Հանրապետության կառավարության նիստում:

 

ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը նիստում ներկայացրել է «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները:

 

Նա նշել է, որ նախատեսվում է  3 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտները: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ԼՂՀ հարկատուների տնտեսական գործունեության արդյունքների վրա ս.թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքների ազդեցությամբ (մոտ 1.1 մլրդ դրամի չափով), փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը հարկային արտոնությունների տրամադրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով (մոտ 0.3 մլրդ դրամի չափով), ինչպես նաեւ՝ խոշոր հարկատու` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ կողմից վճարվող հարկային եկամուտների գծով 2016թ. պետական բյուջեի ձեւավորման ժամանակ իրենց իսկ կողմից կատարված կանխատեսումների պակասեցմամբ (մոտ 1.6 մլրդ դրամի չափով):

 

Օրինագծով նախատեսվում է 2 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մի շարք հատկացումներ: Առաջարկվել է 2.7 մլրդ դրամով ավելացնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրի հատկացումները:

 

Օրենքի նախագիծը կուղարկվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը:

 

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով ծախսերի կրճատման վերաբերյալ կառավարության առաջարկին նշել է.

 

«Նշված ծախսերի կրճատումները համաձայնեցված են գերատեսչությունների ղեկավարների հետ: Սոցիալական ծրագրերի ու ծախսերի կրճատումներ չունենք: Ինչ վերաբերում է ավելացված ծախսերին, դրանք հիմնականում կուղղվեն շինանյութերի ձեռքբերմանը, որոնց գերակշիռ մասը կտրամադրվի Քաշաթաղի շրջանին՝ բնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով:

 

Հատկացումներ կլինեն նաեւ Շահումյանի շրջանին եւ Մարտակերտի շրջանի՝ ապրիլյան ռազմական գործողությունների հետեւանքով  տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքներին: Շինարարության ոլորտում ավելացված ծախսերի մի մասն էլ ուղղվելու է սահմանամերձ համայնքների ճանապարհների բարեկարգման ընթացիկ աշխատանքներին: Ինչ վերաբերում է «Բեյզ Մեթըլս»-ի հարկային պարտավորությունների քիչ վճարումներին, ապա պետք է հաշվի առնել, որ դրանք պայմանավորված են գնային անկումով եւ ներդրումային ծրագրերով: Պղնձի միջազգային գինը նախատեսվածից ավելի ցածր է, իսկ մոտակա ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրերի շնորհիվ գալիք տարուց զգալիորեն ավելանալու են արտահանվող հանքանյութի ծավալները: Արդյունքում, 2017-2019թթ.-ին ընկերության վճարած հարկերն ապահովելու են պետական բյուջեի եկամուտների լրացուցիչ աճը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին