ՌԴ ԱԳՆ. «Կոչ ենք անում ՀՀ ղեկավարությանը. թույլ չտաք, որ Արեւմուտքը ձեզ խաբի» - Mediamax.am

3238 դիտում

ՌԴ ԱԳՆ. «Կոչ ենք անում ՀՀ ղեկավարությանը. թույլ չտաք, որ Արեւմուտքը ձեզ խաբի»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպման հետ։

Հայտարարության մեջ ասվում է.

 

«2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպումը դիտարկում ենք որպես «կոլեկտիվ Արեւմուտքի» հերթական փորձը՝ Հարավային Կովկասը ներքաշել աշխարհաքաղաքական առճակատման մեջ։ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ցանկությունը կարող է ամենա բացասական հետեւանքների հանգեցնել  տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացումը, ինչպես նաեւ լարվածության անվերահսկելի աճը։

 

Ակնհայտ է, որ Արեւմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը, լղոզված խոստումներ տալով, ձգտում են հասնել ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության դադարեցմանը, դուրս բերել ռուսական ռազմակայանը եւ սահմանապահներին։ Կոչ ենք անում Երեւանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արեւմուտքը խաբի իրեն եւ երկիրը տանի կեղծ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսական լուրջ խնդիրներով եւ բնակչության արտահոսքով։ Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները որեւէ կերպ չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի եւ ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ (2018թ.-ից՝ չորս անգամ) եւ արդյունքում՝ ռեկորդային տնտեսական աճը եւ բնակչության բարեկեցության աճը։

 

Հաստատում ենք մեր հանձնառությունը համակողմանիորեն խորացնելու եւ ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են երկկողմ հիմնարար փաստաթղթերում եւ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններում։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների հիմնարար շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։

 

Արեւմուտքը չի հրաժարվում նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար հիմքը ոչնչացնելու փորձերից՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ հայտարարությունների համալիրը միջոցներ է նախատեսում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների սահմանազատման համար,  խաղաղության պայմանագրի պատրաստման, հասարակական գործիչների եւ փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդան համար։ Հենց Վաշինգտոնի եւ Բրյուսելի ճնշման ներքո է պաշտոնական Երեւանը դադարեցրել այդ պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերի դեպքում, մասնավորապես, փոխադարձ տրանսպորտային շրջափակման վերացման հարցում, կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումներին։ Մոսկվան դարձյալ պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկար սպասված խաղաղությանը։

 

Հարավային Կովկասում տարածաշրջանային եւ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ, որի մասնակցել է նաեւ Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երեւանի իշխանություններին՝ իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարեւան պետությունների մտահոգությունները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին