Երեւանը Բաքվին կոչ է արել դադարեցնել «ամոթալի փորձերը» - Mediamax.am

2488 դիտում

Երեւանը Բաքվին կոչ է արել դադարեցնել «ամոթալի փորձերը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է արել «դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:

«Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ:

 

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:

 

Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին