«Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել»,- ասել է Ալիեւը - Mediamax.am

3053 դիտում

«Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել»,- ասել է Ալիեւը


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս փաստացիորեն փորձում էին ամրագրել օկուպացիան»։

Ելույթ ունենալով Լաչինի շրջանում իր հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը՝ Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Բանակցությունների տարիների ընթացքում միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում էին ցուցաբերում Լաչինի շրջանի նկատմամբ, եւ Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի էր համարում Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին։ Չնայած նրանք չէին պատրաստվում հեռանալ նաեւ այլ շրջաններից։ Այժմ՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար։ Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս փաստացիորեն փորձում էր ամրագրել այդ օկուպացիան։ Այժմ ամեն ինչ պարզ է դարձել՝ Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի այս անարդար ու բացասական վերաբերմունքը պատահական չէ։

 

Պարզապես օկուպացիայի ժամանակ ինչ-որ չափով ուզում էին դա կոծկել, պարզ ասած՝ մեզ շփոթեցնել։ Տեսեք, պատերազմի ավարտից անցած երկուսուկես տարվա ընթացքում ինչ կեղտոտ գործողություններ են կատարվում մեր դեմ, ինչ անհիմն մեղադրանքներ են հնչում։ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձեւերը հայամետ, կաշառակեր ու հակաադրբեջանական խմբավորման արդյունք են, եւ այստեղ առաջատար դեր են խաղում ֆրանսիացի պատգամավորները։ Բնականաբար, մենք դա զգացել էինք օկուպացիայի ժամանակ, սակայն ոչ այդ աստիճանի։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ երկրները կարող են այդքան կեղծավոր ու խաբեբա լինել։ Նրանք կարող են, նայելով մարդու երեսին, մի բան ասել, իսկ թիկունքում՝ այլ բան անել։

 

Միեւնույն ժամանակ, հակաադրբեջանական ուժերը տեսան մեր անկոտրում կամքը։ Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել: Մենք դա ապացուցեցինք Հայաստանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, մենք դա ապացուցեցինք Հայաստանի հովանավորներին պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում։ Մենք հաղթեցինք նրանց եւ եւս մեկ անգամ ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ հասնում ենք եւ հասնելու ենք մեր ուզածին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին