Զախարովան Փաշինյանի մեկնաբանությունը հաջողված չի համարում - Mediamax.am

3172 դիտում

Զախարովան Փաշինյանի մեկնաբանությունը հաջողված չի համարում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն գործուղելով՝ Բրյուսելն ակնհայտ նպատակ ունի փոխել տարածաշրջանում ձեւավորված անվտանգության համակարգը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԵՄ-ն, այսպիսով, ցանկանում է համոզվել, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն պատրաստվում համատեղ հարձակվել Ադրբեջանի վրա, քանի որ Բաքուն պարբերաբար նման տեղեկատվություն է հայտնում ԵՄ գործընկերների հետ շփումներում, Մարիա Զախարովան ասել է.   

 

«Եթե նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել Եվրամիության ներքաշումը տարածաշրջան, ապա այն, դժվար է հաջողված համարել: Ռուս խաղաղապահները խաղաղություն են ապահովում Լեռնային Ղարաբաղում, մեր զինվորականներն ու սահմանապահները գործում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում: Երբեք չենք լսել Բաքվի մտավախությունները կամ դժգոհություններն այս առիթով: Միեւնույն ժամանակ, տեղյակ ենք Բաքվի քննադատական վերաբերմունքի մասին՝ Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու ԵՄ որոշման վերաբերյալ: Ակնհայտ է, որ Բրյուսելի նպատակն է փոխել տարածաշրջանում ձեւավորված անվտանգության համակարգը»:

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ դրա հիմնաքարը ռուս զինվորականների ու սահմանապահների ներկայությունն է տարածաշրջանում, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ այն քաղաքական կամքը, որով գործնականում իրականացվում են երեք երկրների կողմից կայացված որոշումները: 

 

«Ցանկություն կա հավատալու, որ Երեւանում սա հասկանում են եւ հաշվի առնում: Անդրկովկասում կայունության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցների կատարելագործման առումով բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար, ինչպես երկկողմանի, այնպես էլ՝ բազմակողմ ձեւաչափով», - ասել է Մարիա Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին