Մոսկվան նորից քննադատել է Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու որոշումը - Mediamax.am

3214 դիտում

Մոսկվան նորից քննադատել է Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու որոշումը


Լուսանկարը` https://1news.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ասել է, որ «Եվրամիության գործողությունները նպատակ ունեն Ռուսաստանին դուրս մղել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից»։

Այդ մասին դիվանագետն ասել է Haqqin.az-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

Մեկնաբանելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայումը, Բոչարնիկովն ասել է.

 

«Պետք չէ խաբվել «քաղաքացիական առաքելություն» եզրույթով։ Լսել եմ, որ արդեն խոսակցություն է եղել այն մասին, որ ֆրանսիացի ժանդարմները ընդգրկվելու են այդ առաքելության կազմում»։

 

Ռուսաստանի դեսպանի խոսքով, «եթե փորձ արվի ընդլայնել այդ առաքելության ներկայությունը դեպի Ղարաբաղ, դա կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանում ներկա ռուս խաղաղապահների ու սահմանապահների համար»։

 

«Նման խնդիրները անվտանգության ռիսկ են ներկայացնում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս տարածաշրջանի բնակիչներին պետք չեն արտատարածաշրջանային ուժեր՝ այստեղ մեր խնդիրները լուծելու համար»,- ընդգծել է Բոչարնիկովը։

 

Նա համոզմունք է հայտնել, որ «Հարավային Կովկաս արտատարածաշրջանային գործոն ներմուծելու հիմքեր չկան»։

 

«Իսկ Եվրամիությունը հենց դա է անում: Ավելին, անում է դա շատ անշնորհք կերպով, առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու։ Եվրամիությունն այս հարցում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուղիղ կցորդն է, իսկ նրանք ԱՊՀ տարածքը դիտարկում են որպես Ռուսաստանին հետ հակադրության գոտի եւ իրականում փորձում են աշխարհաքաղաքական բաղադրիչ բերել այստեղ»,- ասել է Ռուսաստանի դեսպանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին