Մոսկվան քննադատել է «Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու ԵՄ փորձերը» - Mediamax.am

5543 դիտում

Մոսկվան քննադատել է «Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու ԵՄ փորձերը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳ նախարարությունն այսօր անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշմանը:

ՌԴ ԱԳՆ մամուլի համար արված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ ներկայության կոնկրետ չափորոշիչները կորոշվեն մոտ ապագայում, սակայն արդեն ակնհայտ է, որ այն ավելի ծավալուն է լինելու, քան ԵՄ մոնիտորինգային մեխանիզմը, որը Հայաստանում գործել է 2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր։

 

Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրագրման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին ԵՄ «փորձագետների» հետեւելուց որեւէ «հավելյալ արժեք» չենք տեսնում: Եթե Բրյուսելում անկեղծորեն հետաքրքրված լինեին Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները:

 

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի վերածված եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը

Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է տարածաշրջան միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել եւ սրել առկա հակասությունները: ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը եւս չպետք է մոլորեցնի, քանի որ այն ձեւավորվում է ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։

 

Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու եւ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու ԵՄ փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում հայերի եւ ադրբեջանցիների հիմնարար շահերին: Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության առանցքային գործոնը մնում է ռուսական խաղաղապահ անձնակազմը, որը տեղակայվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա: Ինչպես նաեւ Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները, որոնք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը տեղում։

 

Արձանագրում ենք, որ Երեւանում, առանց տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռված են օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա այդ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին