Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիեւի եւ Միշելի հանդիպումը - Mediamax.am

724 դիտում

Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիեւի եւ Միշելի հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Կառավաարությունից հայտնում են, որ նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

 

Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։

 

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն այսօր մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերն այն մասին, որ Հայաստանը չեղարկել է նախապես համաձայնեցված հանդիպումը։

 

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար», - ասել է Վահան Հունանյանը:

 

Մայիսի 18-ին Իլհամ Ալիեւն ասել էր.

 

«Մենք կոչ ենք արել Հայաստանին սկսել սահմանների սահմանազատումը։ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչեւ ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կսկսեն գործունեությունը։

 

Ադրբեջանը ժամանակին ստեղծեց իր աշխատանքային խումբը եւ պատրաստ էր գործուղել իր պատվիրակությունը։ Դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ։ Ի դեպ, հենց Հայաստանի ԱԳՆ-ն էր առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունեց այս առաջարկը, եւ մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղարկեց համաձայնեցված հանդիպումը։ Դա հիասթափեցնող էր։ Առավել հիասթափեցնող էր այն փաստը, որ Հայաստանը մերժեց մայիսի 7-ից 11-ը նոր հանդիպում անցկացնելու մեր առաջարկը։

 

Այսպիսով, մենք դեռ սպասում ենք Հայաստանից նոր ժամկետների, քանի որ նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում»։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին