Պատերազմն Ուկրաինայում եւ վճռորոշ պահը Չինաստանի համար - Mediamax.am

exclusive
2891 դիտում

Պատերազմն Ուկրաինայում եւ վճռորոշ պահը Չինաստանի համար


Սի Ցզինպինը եւ Վլադիմիր Պուտինը
Սի Ցզինպինը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Սի Ցզինպինը՝ Կրեմլում
Սի Ցզինպինը՝ Կրեմլում

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոանի կառավարման դպրոցի համաշխարհային տնտեսագիտության եւ կառավարման պրոֆեսոր Յաշենգ Հուանգի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Չինաստանի արձագանքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին մանրակրկիտ ուսումնասիրվել եւ քննադատվել է: Թեեւ չինացի պաշտոնյաները մտահոգություն հայտնեցին քաղաքացիական զոհերի վերաբերյալ, նրանք հրաժարվեցին դատապարտել հարձակումը, որը դիտում են որպես պատասխան ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, եւ ասացին, որ չեն միանա Արեւմուտքին՝ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու հարցում: Այնուամենայնիվ, Չինաստանը դժվար թե լիակատար աջակցություն ցուցաբերեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հարցն այն է, թե արդյո՞ք Չինաստանի համեմատաբար չեզոք կեցվածքը կարող է վճռորոշ լինել հետագա վտանգավոր ռազմական էսկալացիայի կանխման համար:

 

Արեւմտյան քաղաքական գործիչների մեծամասնության համար Չինաստանի արձագանքը Պուտինի կողմից սանձազերծված բռնություններին խիստ ոչ համարժեք էր թվում: Ինչպես վերջերս ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, «հիմա ժամանակը մի կողմ քաշվելու՝ ժամանակն է խոսելու եւ դատապարտելու ինքնիշխան երկիր ներխուժած Ռուսաստանի նախագահ Պուտինի գործողությունները»:

 

Իրականում Չինաստանի դիրքորոշումը շատ ավելի նուրբ է, քան ենթադրում են նման մեկնաբանությունները:

 

Ի սկզբանե, չնայած Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին իր հայտարարած ահհամաձայնությանը, Չինաստանը քայլեր էր ձեռնարկել դրանցից մի քանիսը պահպանելու՝ սահմանափակելով Ռուսաստանի հետ որոշակի գործարքների ֆինանսավորումը: Նաեւ չինական ֆինանսական հաստատություններին արգելված չէ պահպանել արեւմտյան պատժամիջոցները։ Ավելին, Չինաստանը բազմիցս վերանայել էր իր դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ՝ աստիճանաբար ավելացնելով իր դժգոհությունը Ռուսաստանի գործողություններով։ Կուլիսների հետեւում Չինաստանի առաջնորդները դիտարկում եւ քննարկում էին Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխելու քաղաքականությունը:

Լուսանկարը` REUTERS

Կարելի է հույս ունենալ, որ Չինաստանը հրաժարվել է բացահայտորեն Արեւմուտքի կողմն ընդունել ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի իր համար մանեւրելու որոշակի տեղ թողնի: Չինաստանի արտգործնախարար Վան Ին ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցից հետո նշել էր, որ զրուցակիցը հույս է հայտնել, որ Չինաստանը կօգնի հրադադարի միջնորդությանը։ Եթե Չինաստանը ցանկանում է արդյունավետորեն խաղալ այս դերը, այն պետք է պահպանի իր վստահելիությունը, այդ թվում՝ խուսափելով Պուտինի գործողությունների բացահայտ դատապարտումից, պահպանելով տնտեսական հարաբերությունները եւ բաց պահելով Պուտինի հետ հաղորդակցության ուղիները:

 

Այս դերին համապատասխան՝ Չինաստանը, ի վերջո, կարող է ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ՝ ազդանշան ուղարկելով Պուտինին, որ նա պետք է իր գործողությունները հաշվարկի ռիսկերի գնահատման հիման վրա: Հաշվի առնելով ռուբլու անկումը, ռուսական ֆոնդային շուկան գտնվում է փլուզման եզրին, բացի այդ, ռազմական գործողությունը Ուկրաինայում հանդիպում է կոշտ դիմադրության. այս ամենն առայժմ կարող է պահել Չինաստանին ճնշումը ուժեղացնելուց:

 

Թեեւ Պուտինին ամբողջովին մեկուսացնելու գաղափարը գրավիչ է Արեւմուտքի համար, այն մեծ ռիսկ է պարունակում. հսկա միջուկային զինանոցի հասանելիություն ունեցող ավտորիտար առաջնորդին պատին դեմ տալը սպառնում է աշխարհի կործանմամբ: Իսկապես, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային ուժերը «բարձր մակարդակի պատրաստվածության» է բերել։

 

Փոխադարձ երաշխավորված ոչնչացման սկզբունքը (MAD) արդյունավետ զսպող միջոց է միայն այն դեպքում, եթե միջուկային զենք գործարկելու լիազորված անձինք ռացիոնալ են վարվում:

 

Վտանգն ավելի է խորացնում այն, որ այսօրվա Ռուսաստանում Պուտինն ունի բացարձակ իշխանություն։ Նույնիսկ ԽՍՀՄ-ում վերջին շրջանում իշխանության որոշակի դիֆուզիա կար։ Մինչ Խորհրդային Միությունը մնում էր տոտալիտար պետություն, նրա առաջնորդները զսպում եւ հավասարակշռում էին միմյանց: Դա բարձրացրել էր MAD-ի արդյունավետությունը: Այսօր նման ռացիոնալությունը չի ազդում Ռուսաստանում որոշումների կայացման գործընթացի վրա։ Այդպիսով, Ռուսաստանին դիմակայելը պետք է հիմնված լինի միայն այնպիսի մոտեցումների վրա, որոնք կարող են մեղմել Պուտինից բխող սպառնալիքը։

 

Պուտինը, ով կորցնելու ոչինչ չունի, անասելի վտանգավոր է։ Միջուկային պատերազմից խուսափելու համար դիվանագետներն ու համաշխարհային առաջնորդները պետք է մնան էմոցիոնալ առումով հնարավորինս սառնասիրտ եւ ռացիոնալ:

Սի Ցզինպինը՝ Կրեմլում Սի Ցզինպինը՝ Կրեմլում

Լուսանկարը` REUTERS

Այս տարօրինակ եւ սարսափելի պահին աշխարհին անհրաժեշտ է մի երկիր, որը հարաբերականորեն չեզոք կմնա, կապեր կպահպանի Կրեմլի հետ եւ որոշակի լծակներ կունենա Ռուսաստանի վրա: Այս երկիրը Չինաստանն է։

 

Չինաստանը, հնարավորության դեպքում, պետք է կիրառի «մեղմ» դիվանագիտություն եւ տնտեսական լծակներ։ Սակայն քայլեր ձեռնարկելու ժամանակը սպառվում է: Ուկրաինայում պատերազմը հեշտությամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ վտանգելով Չինաստանի կայունությունն ու տնտեսական հեռանկարները եւ համաշխարհային խաղաղությունը։ Ռուսաստանի հետ կապի ուղիների պահպանումը կարող է օգտակար մարտավարություն լինել, սակայն հիմնական նպատակը Ռուսաստանին իր անխոհեմ պատերազմական ուղուց շեղելն է։

 

Չինաստանը վարում է արտաքին քաղաքականություն, որն ուղղված է «մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցմանը»։ Այս տեսլականի գիտակցումը պահանջում է, որ Չինաստանը Պուտինին կոչ անի դադարեցնել պատերազմը, որը վտանգում է բոլորիս ապագան:

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին