Ամենակարեւորը Պուտինի եւ Ալիեւի հանդիպումից - Mediamax.am

3084 դիտում

Ամենակարեւորը Պուտինի եւ Ալիեւի հանդիպումից


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Ներկայացնում ենք հատվածներ Պուտինի եւ Ալիեւի բացման խոսքերից ։

 

Վլադիմիր Պուտին

 

Դաշնակցային փոխգործակցության հռչակագիր

 

Ձեր այցը տեղի է ունենում մեր երկկողմ հարաբերություններում նշանակալի իրադարձության՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախօրեին։ Եվ այսօր մենք կստորագրենք Դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։ Դա, ակնհայտորեն, մեր հարաբերությունների զարգացման նոր փուլ է, եւ, անկասկած, դա հնարավոր դարձավ այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի առայժմ ամբողջությամբ չկարգավորված, սակայն լուծման մեջ առաջ մղված լինելու շնորհիվ։

 

Որոշակի պայմանավորվածություններ

 

Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման առումով։

 

Գիտեմ, որ դեռ վեճեր կան, աշխատելու տեղ կա։ Սակայն մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով։

 

Ռուսաստանը չի պատրաստվում վերականգնել կայսրությունը

 

Գիտեք, որ երեկ Ռուսաստանը որոշել է ճանաչել Դոնբասի երկու ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանությունը։ Ուզում եմ անմիջապես ասել. մենք տեսնում եւ կանխատեսում էինք շահարկումներ, որ Ռուսաստանը իբր պատրաստվում է վերականգնել կայսրությունը կայսերական սահմաններում։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը ճանաչել էր բոլոր նոր աշխարհաքաղաքական իրողությունները եւ, ինչպես գիտեք, ակտիվորեն աշխատում է հետխորհրդային տարածքում ի հայտ եկած բոլոր երկրների, անկախ պետությունների հետ մեր փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Անգամ սուր, շատ սուր իրավիճակներում, որոնցից է, ԼՂ կարգավորումը, մենք միշտ գործել ենք շատ զգույշ՝ ելնելով այս գործընթացում ներգրավված բոլոր պետությունների շահերից եւ միշտ փորձել ենք հասնել փոխընդունելի լուծումների։

 

Իլհամ Ալիեւ

 

Դաշնակցային փոխգործակցության հռչակագիր

 

Մենք մեծապես գնահատում ենք մեր երկրների միջեւ ձեւավորված բարեկամական, բարիդրացիական հարաբերությունները, ամրապնդում ենք դրանք։ Իսկ դաշնակիցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը շատ լավ ցույց է տալիս, թե որքան ակտիվ ենք մենք աշխատում վերջին տարիներին եւ զարգացնում փոխադարձ համագործակցության ներուժը: Դրանք ոչ միայն խոսքեր էին, ոչ միայն մտադրություններ, այլեւ կոնկրետ գործեր։

 

Հռչակագիրը բավականին ծավալուն է՝ պարունակում է ավելի քան 40 կետ։ Այն ընդգրկում է մեր փոխգործակցության ամենակարեւոր ոլորտները եւ կարեւորագույն նշանակություն կունենա մեր երկկողմ հարաբերությունների ապագայի համար:

 

Ընդհանրապես, մեր երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները վերջին տարիներին միշտ շատ դրական են զարգացել, եւ այժմ դրանք հասնում են ամենաբարձր մակարդակի։

 

Նոր իրավիճակ եւ աշխարհաքաղաքական իրողություններ

 

Այսօր նոր իրավիճակ է, այսօր աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում ընդունված են համաշխարհային հանրության կողմից։ Եվ Ռուսաստանը նույնպես շատ կարեւոր, ես կասեի, գերիշխող դեր է խաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային ուղիների բացման, նորմալ բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Մենք մեծապես գնահատում ենք այս դերը եւ հուսով ենք, որ հայկական կողմը, ինչպես եւ մենք, կկատարի 2020 թվականի նոյեմբերին ստորագրված հայտարարության բոլոր կետերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին