Հայ-թուրքական երկխոսության վերսկսումը «թեթեւացնում է Մոսկվայի գլխացավը» - Mediamax.am

1550 դիտում

Հայ-թուրքական երկխոսության վերսկսումը «թեթեւացնում է Մոսկվայի գլխացավը»


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանյան միջազգային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը կարծում է, որ հայ-թուրքական երկխոսության վերսկսումը «ինչ-որ չափով թեթեւացնում է ռուս դիվանագետների եւ քաղաքական գործիչների գլխացավը»։

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում ցույց տվեց, որ Ռուսաստանը այլընտրանք չունեցող միջնորդ է տարածաշրջանում, ասել է փորձագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 

«Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ, որը նպաստել է այս բանակցություններին։ Մոսկվայի համար սա նույնպես կարեւոր տեղաշարժ է, քանի որ Ռուսաստանի համար բավականին դժվար էր բալանսավորել իր հարաբերությունները Երեւանի եւ Անկարայի հետ։ Ռուսաստանի համար միշտ էլ դժվար է եղել ընտրություն կատարել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ նման երկխոսության վերսկսումը, ըստ ամենայնի, ինչ-որ կերպ թեթեւացնում է ռուս դիվանագետների եւ քաղաքական գործիչների գլխացավը։ Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն է Հարավային Կովկասի տարածաշրջանի հիմնական արտաքին դերակատարը եւ կարողանում է հասնել այնպիսի հաջողությունների, որոնց մյուս խաղացողները չեն կարող ապահովել»,- հավելել է Անդրեյ Կորտունովը։

 

Նա ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի փոխգործակցությունը գործնական հարթություն տեղափոխելու համար Ռուսաստանը կարող է կողմերին առաջարկել Հարավային Կովկասում լոգիստիկ ցանցի զարգացման նախագծեր։

 

Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինն էլ կարծիք է հայտնել, որ Մոսկվայում կայացած հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի պատերազմի արդյունքներով արված հայտարարության իրականացման շարունակությունն է։

 

«Հայաստանն եւ Թուրքիան տնտեսապես համեմատելի չեն։ Ամեն դեպքում, Հայաստանին անհրաժեշտ է ինչ-որ քաղաքական աջակցություն։ Եվ այն, որ հանդիպումը կայացել է Մոսկվայում, եւ ծրագրի մի մասն է. Ռուսաստանի միջնորդ է եւ, ի թիվս այլ բաների, կօգնի Հայաստանի շահերի պահպանման հարցում»,- ասել է Պրիտչինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին