«Միայն բանակցված կարգավորումը կհամարվի հակամարտության վերջակետը» - Mediamax.am

1496 դիտում

«Միայն բանակցված կարգավորումը կհամարվի հակամարտության վերջակետը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը:

Նրա խոսքով՝ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները եւ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը:   

 

«Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ եւ առաջ, պետք է ձեւավորվի վստահության միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռեւս նկատելի չեն:

 

Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը, մասնավորապես, արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ։ Միեւնույն ժամանակ, մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է, եւ մենք շարունակելու ենք սատարել այս ձեւաչափը: Մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որն առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը»,- ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է Արա Այվազյանը։

 

Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի բռնազավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում։

«44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե տարածաշրջանային, թե խոշոր դերակատարների ուժերի եւ ազդեցությունների վերադասավորում: Այս գործընթացը դեռեւս ամբողջովին չի բյուրեղացել, եւ դեռեւս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին եւ մարտահրավերներին: Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման եւ հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաեւ Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,- ասել է ԱԳ նախարարը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին