ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում Թուրքիային կատարել իր պարտավորությունները - Mediamax.am

1710 դիտում

ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում Թուրքիային կատարել իր պարտավորությունները


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացման, դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը եւ կոչ անում լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Այս մասին ասել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությունը։

 

«Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6,3 մլն թուրքական լիրա գին: Բացի այդ, Թուրքիայի արեւմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։

 

Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել»,- ասել է խոսնակը:

 

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի խորհրդին, թե «Հայաստանը պետք է դաս քաղի», Աննա Նաղդալյանն ասել է․

 

«Որեւէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել եւ պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին:

 

Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձեւավորմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին