Հայաստանի ԱԳՆ-ն մեղադրում է Ադրբեջանին էթնիկ զտումների համար - Mediamax.am

1533 դիտում

Հայաստանի ԱԳՆ-ն մեղադրում է Ադրբեջանին էթնիկ զտումների համար


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների եւ հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ:

Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ:

 

«31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ եւ անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:

 

Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած եւ արարած հայ բնակչությունը, այլեւ քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը:

 

Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները եւ իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ:

 

Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների եւ հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների եւ էթնիկ զտումների միջոցով:

 

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ եւս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու  իր հայրենիքում ազատ, անվտանգ եւ արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին