Փաշինյանը պատմել է, թե ինչ էր Դուշանբեում խնդրել Ալիեւը - Mediamax.am

8075 դիտում

Փաշինյանը պատմել է, թե ինչ էր Դուշանբեում խնդրել Ալիեւը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ձեռք բերված համաձայնության մասին, որով կողմերը պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը շփման գծում եւ պետական սահմանին:

Այդ մասին Փաշինյանն ասել է Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին, որից մի հատված վարչապետն այսօր հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Հարցազրույցը ձայնագրվել էր նախքան Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ պետք է հեռարձակվեր սեպտեմբերի 27-ի երեկոյան:

 

«Երկու տարի այս մասին չէի խոսում կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, այսօր կխոսեմ», - ասել է  Հայաստանի վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրականում ոչ թե ինքն է խնդրանքով դիմել Իլհամ Ալիեւին, այլ հակառակը:

 

«Այդ ժամանակ մենք պատրաստվում էինք Երեւանի քաղաքապետի ընտրություններին, գրեթե ամեն օր հանրահավաքներ էինք անուն, եւ մի շարք ելույթներում ես քննադատում էի Ադրբեջանում տիրող իրավիճակը եւ փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ: Քանի որ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել ու տարածաշրջանի ընդդիմադիր ուժերի մոտ ոգեւորություն կար, Իլհամ Ալիեւը ինձ խնդրեց, որ ձեռնպահ մնամ Ադրբեջանի իրավիճակի մասին խոսելուց:

 

Դուշանբեի համաձայնության կետերը ինքս եմ ձեռքով գրել բլոկնոտում, մենք դրանք քննարկել ենք եւ արձանագրել, որ եկանք համաձայնության: Ես գոհ եմ այդ համաձայնությունից, որովհետեւ արդյունքում խնայվեցին հայ զինվորների կյանքեր: Իսկ հիմա Ալիեւն ասում է, որ մեծահոգաբար թույլ է տվել, որ հետհեղափոխական իշխանությունը Հայաստանում կայանա: Այս եւ հետագա զարգացումները ապացուցում են, որ Արցախի հարցը Ալիեւի համար ոչ թե ազգային շահի հարց է, այլ սեփական իշխանությունը եւ բռնատիրական համակարգը պահպանելու միջոց», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին