Ալիեւը շարունակում է դժգոհել Ռուսաստանից - Mediamax.am

3096 դիտում

Ալիեւը շարունակում է դժգոհել Ռուսաստանից


Լուսանկարը` https://regnum.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է դժգոհել Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական համագործակցությունից:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս թեմայով հերթական հայտարարությունները նա արել է սեպտեմբերի 2-ին՝ ընդունելով Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպանին:

 

«Ցանկացած երկրի հետ Հայաստանի սերտ ռազմական համագործակցությունը մեզ մոտ մտահոգություն է առաջացնում: Դուք, երեւի, գիտեք, որ մենք արձագանքել ենք սահմանին Հայաստանի հրահրած սադրանքից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան սպառազինությունների ինտենսիվ մատակարարումներին: Ակտիվ բախումները կանգնեցվեցին հուլիսի 16-ին եւ հուլիսի 17-ից մինչեւ երեկ Ռուսաստանից Հայաստան մերձկասպյան երկրների օդային տարածքով մեծ քանակությամբ բեռնատար թռիչքներ են իրականացվել: Ես միայն ձեզ չեմ ասում դրա մասին, մենք այս հարցը բարձրացրել ենք նաեւ ռուսաստանցի գործընկերների առջեւ, որովհետեւ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի համար: Օգտագործելով այդ զենքը, նրանք սպանում են մեր զինվորականներին եւ քաղաքացիական անձանց», - ասել է Իլհամ Ալիեւը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք առնվազն երրորդ անգամ են հրապարակային հայտարարություններ անում այս թեմայով:

 

Օգոստոսի 29-ին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, որ հուլիսյան սահմանային մարտերից հետո Ռուսաստանն «ինտենսիվորեն զինում է Հայաստանին»:

 

Ադրբեջանի նախագահի խորհրդականն ասել էր, որ իրենց չեն բավարարել ռուսական կողմի այն հավաստիացումները, որ Իլ-76 օդանավերը շինարարական նյութեր են տեղափոխում: «Սովորաբար շինանյութերը օդանավերով չեն տեղափոխվում, դրա համար կան այլ միջոցներ», - նկատել է նա:

 

Օգոստոսի 25-ին Բաքու այցելած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Մոսկվայի գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ:

 

«Մենք մտահոգությամբ հետեւում էինք Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Գիտենք նաեւ դեպի մեր ռազմաբազա թռիչքների հետ կապված անհանգստությունների մասին: Միանգամից ուզում եմ ասել. մեր գործողությունները երբեք ուղղված չեն եղել եւ այսօր էլ ուղղված չեն Ադրբեջանի դեմ, որը մեր հարեւանն ու գործընկերն է: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», - ասել էր Շոյգուն:

 

Նա նշել էր, որ Ռուսաստանը սոցիալական օբյեկտներ է կառուցում Հայաստանի իր ռազմաբազայում:

 

«Որոշակի աննշան ակտիվությունը դրա հետ է կապված: Եվ երկրորդ մասը զորակոչն է: Ոմանց պետք է տուն վերադարձնեինք, ոմանց էլ՝ հակառակը», - ասել է Շոյգուն:

 

«Կրկնում եմ. մեր գործողությունները եւ քայլերը երբեք ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ եւ ուղղված չեն այսօր», - վստահեցրել էր նա:

 

Օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին ասել էր, անհանգստացած է Հայաստան ռազմական մատակարարումներով:

 

«Իլհամ Ալիեւը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան  (Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան եւ ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է», - ասված էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին