Եվրամիությունն աջակցում է Հայաստանին՝ վիրուսի դեմ պայքարում - Mediamax.am

2899 դիտում

Եվրամիությունն աջակցում է Հայաստանին՝ վիրուսի դեմ պայքարում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակներում Եվրահանձնաժողովը սատարում է Արեւելյան գործընկեր երկրներին եւ վերաբաշխել է 140 միլիոն եվրո աջակցությունն, այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար:

«Շատ դժվարին ժամանակներ են ոչ միայն ԵՄ-ի, այլեւ մեր գործընկեր երկրների, նաեւ՝ Հայաստանի համար: Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեղմենք կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը մարդկանց կյանքի եւ կենսակերպի վրա: Այսօրվա փաթեթը արձագանքում է ինչպես առողջապահական համակարգերի անհապաղ կարիքներին, այնպես էլ հասարակության առավել խոցելի խմբերի,  մասնավորապես՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների ավելի երկարաժամկետ կարիքների արձագանքմանը, որոնք կազմում են վեց երկրների տնտեսությունների ողնաշարը», - ասել է ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:

 

Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդրանքով, Հանձնաժողովը կարձագանքի անհապաղ կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքերի եւ անձնական պարագաների այդ թվում՝  բժշկական օդափոխիչների, լաբորատոր պարագաների, հավաքածուների, դիմակների, ակնոցների, բժշկական համազգեստի  եւ անհատական պաշտպանիչ համազգեստների մատակարարմանը։ 

 

Եվրահանձնաժողովը աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` 30 միլիոն եվրո արժողությամբ աջակցության փաթեթ տեղակայելու նպատակով եւ ապահովելու, որպեսզի առաջիկա շաբաթների ընթացքում այդ անհրաժեշտ պարագաները համատեղ կարգով  ձեռք բերվեն եւ արդյունավետ մատակարարվեն վեց երկրների առողջապահական համակարգերին: 

 

Աջակցություն կտրամադրվի նաեւ բժշկական եւ լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստմանը եւ ավելի լայն հասարակության իրազեկման միջոցառումներին:

 

ԵՄ-ն սերտ համագործակցում է Միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) ԵՄ անդամ պետությունների համապատասխան ֆինանսական կառույցների հետ՝ TEAM EUROPE ծրագրի ներքո ապահովելով համակարգված եվրոպական արձագանք իրական տնտեսությունների, ներառյալ ՓՄՁ-ների կարիքներին։ 

 

Այսպես՝  

 

Կգործարկվի 100 մլն եվրո աջակցության տրամադրման տարածաշրջանային նոր ծրագիր,  որը կօգնի ՓՄՁ-ներին, ներառյալ ինքնազբաղված անձանց եւ այլոց հեշտությամբ ստանալ հայկական դրամով վարկեր եւ ճգնաժամից հետո խթանել իրենց բիզնեսը: Այն համալրվելու է հայաստանյան ՓՄՁ-ների համար հասանելի 13 մլն եվրո արժողությամբ աջակցության նոր ծրագրով։ 

 

ԵՄ-ն եւ ՀՀ կառավարությունը համատեղ ուսումնասիրում են նաեւ Հայաստանի համար Հարեւանության ներդրումային պլատֆորմի շրջանակներում ավելի քան 30 միլիոն եվրո մոբիլիզացնելու հնարավորությունը, գոյություն ունեցող ծրագրերի  միջոցով։   

 

Դյուրացնել, պարզեցնել, արագացնել  եւ ամրապնդել տեղական արժույթով ՓՄՁ-ներին ուղղված վարկային գծերի եւ դրամաշնորհների իրացումը, որը կազմում է 200 մլն եվրո ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում նաեւ EU4Business ծրագրի միջոցով: 

 

Եվրոպական միությունը միաժամանակ աշխատում է ընթացիկ ծրագրերի վերաձեւակերպման ուղղությամբ՝ արձագանքելու Հայաստանի կարիքներին`համաճարակի դեմ պայքարում: Այս տրամաբանությամբ նախորդ շաբաթ իրականացվել է 1,75 միլիոն եվրո հատկացում՝ Պետական ֆինանսների քաղաքականությանը ԵՄ բյուջետային աջակցության ընթացիկ ծրագրի շրջանակներում: Նույն տրամաբանությամբ քննարկումներ են ընթանում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին Հայաստանում COVID-19 վարակի կանխարգելման եւ կառավարման նպատակով տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրության եւ աջակցության հնարավորությունների վերաբերյալ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին