Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում - Mediamax.am

6234 դիտում

Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում


Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել Իսրայելում եւ Եթովպիայում Հայաստանի դեսպանություններ բացելու մասին:

«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, եւ այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: 

 

Նախատեսվում է Թել Ավիվում Հայաստանի դեսպանությունը բացել 2020թ. սկզբին։

 

2019թ. հունվարին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծիք էր հայտնել, որ շուտով Իսրայելը դեսպանություն կունենա Հայաստանում, իսկ Հայաստանը՝ Իսրայելում:

 

Զոհրաբ Մնացականյանի խոսքերը մեջբերել էր The Jerusalem Post պարբերականը «Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները ջերմանո՞ւմ են» հոդվածում:

 

«Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք ավելի քան ուրախ կլինենք նոր որակ հաղորդել Իսրայելի հետ մեր հարաբերություններին», - ասել էր Մնացականյանը:

 

2019 թվականի մարտին The Jerusalem Post-ի հետ հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ասել էր, որ Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանության բացման հարցը՝ չպայմանավորելով իր որոշումը Երեւանում Իսրայելի դեսպանության բացմամբ:

 

2019թ. հուլիսին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, որ Իսրայելն ու Հայաստանը ունեն համագործակցության մեծ հնարավորություններ։

 

«Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»,- ասել էր նա Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկիից հավատարմագրերի ընդունման ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին