Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրները պետք է զերծ մնան այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարն այս մասին նշել է Մինսկում ԱլԳ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա է եղել նաւե Հարեւանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը:
«Ե՛վ ԵՄ անդամ երկրները, ե՛ւ Արեւելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի աշխատանքները»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարն ընդգծել է, որ «Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջեւ շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն»։
«Հայաստանը պատրաստակամ է ստանձնելու առավել լայն պատասխանատվություն եւ ներգրավվածություն Եվրամիության, ԵՄ անդամ պետությունների եւ գործընկեր երկրների հետ՝ անվտանգ, կայուն եւ բարգավաճ հարեւանությամբ ընդհանուր տարածաշրջանի ձեւավորման համար»,- շեշտել է ՀՀ ԱԳ ղեկավարը:
Անդրադառնալով հունիսի 21-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այդ հանդիպումը գործնական հնարավորություն է ընձեռել գնահատելու գործընկերության առկա մակարդակը եւ ուրվագծելու առաջիկա գերակայությունները։
ՀՀ կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների առնչությամբ էլ նախարարը նշել է, որ Հայաստանը որդեգրել է շարունակական, կանխատեսելի եւ ամուր ներգրավվածություն բոլոր բարեկամների եւ գործընկերների հետ՝ ինքնիշխան հավասարության հիման վրա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: