Փաշինյան. Հայ-ռուսական կապերում ամեն ինչ կփոխվի դեպի լավը - Mediamax.am

4845 դիտում

Փաշինյան. Հայ-ռուսական կապերում ամեն ինչ կփոխվի դեպի լավը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին։

 

Մեդիամաքսն առանձնացրել է զրույցի առավել ուշագրավ հատվածները:

 

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

 

Հայաստանի ներքաղաքական փոփոխություններից հետո արտաքին քաղաքականության ռազմավարությունը փաստացի չի փոխվելու։

 

Կարծում եմ՝ Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն, բայց դեպի լավը։ Ես դրանում համոզված եմ։ Հասկանում եմ, որ Ռուսաստանում մտահոգություններ կան, բայց մեր հանդիպումներից եւ քննարկումներից հետո, այդ մտահոգությունները Մոսկվայում այլեւս չեն հնչի, եւ ես համոզված եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ կփոխվի դեպի լավը։

 

Հասկանում եմ, որ շատերը կարող են ասել, որ մենք արդեն իսկ լավ հարաբերություններ ունենք, էլ ի՞նչն է պետք փոխել դեպի լավը, բայց ես կարծում եմ, որ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումով շատ մեծ ներուժ կա։ Վստահ եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ լավ կզարգանան։

 

Որեւէ արտաքին ճնշում չի կարող ստիպել Հայաստանին դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի ազգային եւ անվտանգության շահերից:

 

ԵԱՏՄ-ի մասին

 

Ես չեմ կարծում, որ Եվրասիական տնտեսական միությունն իրացրել է այն ներուժը, որն ունի։ Բոլոր խնդիրներն այստեղից են առաջանում։ Նոր մարդու ներկայությունը այս կառույցում նոր խթան կհաղորդի խնդրի լուծման համար։ Այս համատեքստում իմ դերը ես տեսնում եմ այդ օրակարգի շուրջ աշխատելը եւ այն ներուժի իրագործումը, որը կա Եվասիական տնտեսական միությունում։

 

Ես հույս ունեմ, որ մայիսի 14-ին Սոչիում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովում իմ ներկայությունը կնպաստի դրան, եւ հուսով եմ՝ լավ աշխատանքային միջավայր կլինի ու կառուցողական երկխոսություն կձեւավորվի։

 

ՀԱՊԿ-ի մասին

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում եւս կան բաց հարցեր։

 

Շատ կարեւոր է, որ բոլորի համար պարզ լինի, թե մենք ինչպիսի պարտավորություններ ունենք մեկս մյուսի հանդեպ, թե Հայաստանն իր հերթին ինչպիսի պարտավորություներ ունի իր գործընկերների հանդեպ։

 

Մենք պետք է համագործակցության հստակ ծրագիր ունենանք, օրինակ՝ թե ինչպես պայքարել ահաբեկչության դեմ, թե ինչ պետք է անի երկրներից յուրաքանչյուրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին