Հրանտը, որ փշրում է ներառական կրթության մասին կարծրատիպերը - Mediamax.am

exclusive
4567 դիտում

Հրանտը, որ փշրում է ներառական կրթության մասին կարծրատիպերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Գասպարյանը
Գոհար Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


12-ամյա Հրանտ Ասրյանը դպրոցում բոլորին զարմացնում է իր բացառիկ մաթեմատիկական մտածողությամբ, դասընկերներն էլ ընդունում են՝ իրենք այդքան արագ խնդիրներն ու վարժությունները լուծել չեն կարողանում:

 

3 տարեկանում Հրանտի մոտ աուտիզմ են ախտորոշել: Դպրոց սկսել է հաճախել Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց՝ ի սկզբանե վկայագրված լինելով որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: 2021 թվականի վերագնահատմամբ նա այլեւս չունի կրթության հատուկ պայմանների կարիք, քանի որ լիարժեքորեն կարողանում է մասնակցել կրթական գործընթացին իր դասընկերների հետ միասին:  

 

Հրանտի մայրը՝ Աննան պատմում է, որ դեռ 5 տարեկանից երեխան կարողանում էր արագ հաշվարկել: «Եթե նրան հարցնես, թե օրինակ 1918 թվականի հուլիսի 15-ն ինչ օր է, կարող է արագ հաշվել ու ասել, այդպես գալիք տարեթվերի դեպքում եւս: Շատ արագ լեգոներ է հավաքում, մեծ փազլներ, Կուբիկ-ռուբիկ եւ այլն»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի որոշման՝ հանրակրթության ոլորտում 2022 թվականից անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության: Աննայի խոսքով՝ ներառական կրթությունը շատ լավ է անդրադառնում երեխայի վրա, քանի որ նա կարողանում է շփվել իր հասակակիցների հետ, զուգահեռաբար երեխայի հետ նաեւ հատուկ մասնագետներ են աշխատում:

 

Աննան պատմում է, որ որդին ուզում է ճարտարապետ դառնալ, իսկ Հրանտն էլ մանրամասնում է իր մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանությունը.

 

«Ուզում եմ խանութ ունենալ, երեք հարկ լինի՝ առաջին հարկում ուտելիք-մուտելիք, երկրորդում՝ կոշիկ, հագուստեղեն, երրորդում էլ խաղալիքներ: Ամեն ինչ լինի: Ուզում եմ շատ գումար վաստակել, ճարտարապետությամբ հազիվ մի երեք տարի հետո գումար ստանամ: Մի երկու տարի առեւտրով կզբաղվեմ, հետո կարող է ճարտարապետ դառնամ, չգիտեմ»,- ասում է Հրանտը:  

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իմ դպրոց» հարթակում կատարելով տարբեր լրացուցիչ աշխատանքներ՝ Հրանտը շատ պատվոգրերի է արժանացել: Մասնակցել է նաեւ Koreez ինտելեկտուալ մրցույթին ու անցել եզրափակիչ փուլ: Նրա դասընկերուհին՝ Ինեսսան պատմում է, որ դասարանում ամենախելացին Հրանտն է:

 

«Հրանտը բոլորիս ընկերն է, եղբոր պես ենք ընդունում նրան: Մաթեմատիկայից է շատ ուժեղ, աշխարհագրություն էլ է շատ սիրում: Մյուս առարկաներն էլ է սովորում, դաս պատմում, անգիրներն ասում, սակայն երբեմն ամաչում է, մեկ-մեկ էլ՝ ալարում»,-ծիծաղում է: «Հրանտի հիշողությունն է շատ ուժեղ, բոլորիս ծնունդները միշտ հիշում է, շնորհավորում ու մաղթանքներ ասում: Մեկ-մեկ չարություններ է անում, բայց ուշադրություն չենք դարձնում»,- ժպտում է Ինեսսան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանում Հրանտն ուսումնավերականգնողական կենտրոն էր հաճախում: Հետո այնտեղից Աննային ասել են, որ Հրանտին տալու այլեւս ոչինչ չունեն, նրա գիտելիքներն արդեն իսկ շատ բարձր մակարդակի վրա են: Հետո Աննան տեղեկացել է դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի մասին, եւ հիմա Հրանտն այնտեղ խաղերի ծրագրավորում է սովորում:

 

Երբ Հրանտին հարցնում եմ՝ ի՞նչ է անում խմբակում, մի քանի արագ պատասխանից հետո ինքն է սկսում հարցեր տալ. «Իսկ ԱԹՍ կարո՞ղ եմ սարքել, իրական ԱԹՍ, որ թշնամուն վերացնեմ՝ այսօր, վաղը: «Կրիա» ծրագրում մի տուն եմ սարքում, դա վերջացնեմ, կասեմ, որ ԱԹՍ եմ ուզում սարքել»:

 

 

Դպրոցի հոգեբան Գոհար Պողոսյանը պատմում է, որ Հրանտի հետ պարբերաբար աշխատում են՝ վարքային անցանկալի դրսեւորումները սաղմնային փուլում հաղթահարելու նպատակով:

 

«Հաճախ, երեխայի վարքը պայմանավորված է դասընկերների տված պատասխան արձագանքով: Երբ նշանակություն են տալիս իր արածներին, դրսեւորումները կարող են սրվել: Դասընկերների հետ եւս զրուցել եմ, որ վարքային բացասական դրսեւորումների վրա չկենտրոնանան, շեղեն երեխային, եւ այսպես միահամուռ ուժերով կարողանում ենք առաջ գնալ»,- պատմում է նա:

 

Գոհար Պողոսյանը առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատում է դեռեւս 2002 թվականից, երբ ներառական կրթությունը փորձարկումների փուլում էր:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մյուս երեխաները 80-90 տոկոս դեպքերում ընդունում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող իրենց դասընկերներին, եթե ծնողների կողմից միջամտություն չլինի: Խուսափողական մոտեցումները հենց մեծահասակների կողմից են ստեղծվում ու փոխանցվում երեխաներին: Դա գալիս է նրանից, որ ավագ սերունդը չի տեսել սա, նրանց ժամանակ խնդիր ունեցող մարդկանց փակում էին կամ տանը կամ հատուկ հաստատություններում, դրա համար էլ ծնողներին թվում է, թե այդ շփման մեջ որեւէ բարդ բան կա: Իհարկե, լինում են նաեւ ավելի բարդ դեպքեր, որոնք պետք է առանձին դիտարկել, սակայն 90 տոկոս իրավիճակներում երեխաները կարողանում են հեշտությամբ շփվել»,- մանրամասնում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատվում է համաձայն ՀՀ կրթության գիտության նախարարի 2017 թվականի N 370-Ն հրամանով հաստատված «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ»-ի: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:

 

«Լավ կլիներ, որ որոշ ծանր դեպքերի համար օրենքում լրացում կատարվեր: Թեեւ Հայաստանում շարունակում են գործել 7 հատուկ հանրակրթական հաստատություններ, սակայն դրանց տեղաբաշխվածության բերումով, հաճախ, ծնողի համար տրանսպորտի խնդիր է ստեղծվում այդ դպրոց երեխային տանելու հարցում: Շատ դեպքերում ծնողները գերադասում են իրենց երեխային բերել մոտ գտնվող դպրոց՝ օգտվելով օրենքով սահմանված իրենց իրավունքից, դպրոցն էլ մերժել չի կարող՝ անկախ երեխայի առողջական վիճակի ծանրության աստիճանից: Նման դեպքերում ուսուցչի աշխատանքը շատ է բարդանում, ուսումնական գործընթացը կարող է խաթարվել: Եթե ձգտում ենք հասնել համընդհանուր ներառման, այս երեխաներին եւս պետք չէ տարանջատել, սակայն խնդիրը պետք է լուծվի: Գուցե դա հնարավոր է անել դպրոցներին ուսուցչի ավելի շատ օգնականներ տրամադրելու միջոցով, որպեսզի անդադար ուղեկցեն նման երեխաներին, իսկ մյուս ներառված երեխաներն էլ ուսուցչի օգնականների ուշադրությունից դուրս չմնան»,-ասում է Գոհար Պողոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանի խոսքով՝ դպրոցն անցել է ներառական կրթության դեռեւս 2014 թվականից: Կոտայքի մարզն անցել է համընդհանուր ներառման միայն 2020 թվականին:

 

«Սկզբում ինձ շատ մտահոգում էր երեխաների վերաբերմունքը կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող դասընկերների նկատմամբ: Հետո ինքս էլ զարմացա, որ շատ լավ էին վերաբերվում՝ ջերմ, հոգատար, կարեկցող, մինչդեռ որոշ մեծահասակներ՝ ծնողներ եւ ուսուցիչներ ընդդիմանում էին: Շատ-շատ դժվարությունների հանդիպեցինք, սակայն դրանք հաղթահարեցինք պարզապես մարդկանց հետ խոսելով: Մանկավարժական կոլեկտիվում շատ քննարկումներ ունեցանք՝  դիտարկելով հարցը ինչպես կրթական քաղաքականության, այնպես էլ մարդասիրական տեսանկյունից: Հասկացանք, որ ներառումը ճիշտ է, որովհետեւ կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հատուկ դպրոցներում հասարակությունից օտարվում են: Նրանց ընտանիքներն էլ սովորում են, որ երեխաները պետք է մնան հատուկ դպրոցներում, իրենց մասին հոգացող կա: Դեպքեր էին լինում, երբ այդ երեխաներին շաբաթ-կիրակի օրերին հատուկ դպրոցից տուն չէին էլ տանում, երեխաները հայացքը դռանը սպասելով մնում էին»,- պատմում է նա:

 

Գոհար Գասպարյանն իր դպրոցում սովորող կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների օրինակներով է համոզվել, թե ինչքան կարեւոր է ներառական կրթությունն այդ երեխաների զարգացման տեսանկյունից: Վարքագծային դրական առաջընթացն ակնհայտ է:

Գոհար Գասպարյանը Գոհար Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աշակերտներ եմ ունեցել, որ երբ նոր էին սկսել հաճախել դպրոց, գրեթե չէին խոսում, մարմինն ուղիղ պահել, ուղիղ նստել չէին կարողանում: Երբ սկսում են շուրջը տեսնել մյուսներին, նմանվելու ձգտում է առաջանում ու օրգանիզմը սկսում է պայքարել. չէ՞ որ մարդու հնարավորություններն անսահմանափակ են: Մի տղա ունենք, վիզը չէր կարողանում պահել, ուղիղ նստել, ծնողին ասում էինք՝ գուցե սայլակ բերի, բայց ոչ, ծնողն էլ իր հետ պայքարեց, դասընկերներն էլ օգնեցին, հիմա նա ուղիղ նստում է, դասին է մասնակցում, իր ոտքով քայլելով դպրոց է գալիս: Մի աղջիկ էլ կա, խոսք չուներ, հիմա կողքին նստող դասընկերուհին իրեն օգնում է, համբերատար դասը բացատրում, նրա պատմածով ինքն էլ է դաս պատասխանում»,- պատմում է դպրոցի տնօրենը:

 

Այժմ դպրոցում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 30 աշակերտ: Նրանց թվում սայլակով տեղաշարժվող երեխա չկա: Այդուհանդերձ, դպրոցն ունի թեքահարթակ, հարմարեցված սանհանգույց, սակայն հարկերի միջեւ աստիճանավանդակները սայլակով տեղաշարժվելու համար հարմարեցված չեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Գասպարյանի խոսքով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցում են նույն դասերին, ինչ մյուսները, պարզապես յուրաքանչյուր ուսուցիչ հաշվի առնելով տվյալ երեխայի առանձնահատկությունը՝ իր առարկայի համար մշակում է ԱՈՒՊ՝ անհատական ուսուցման պլան: Եթե դասի ընթացքում երեխայի վարքը սուր դրսեւորումներ է ստանում, ուսուցչի օգնականը երեխային դասարանից դուրս է բերում, նրա հետ սկսում են աշխատել հատուկ մանկավարժը եւ հոգեբանը:

 

«Ներառական կրթության համակարգը նաեւ մարդասիրական ճիշտ որակներ է դաստիարակում երեխաների մոտ: Իրենց դասընկերոջ շնորհիվ նրանք սովորում են լինել հոգատար, համբերատար, ուղեկցում են նրան, եթե կարիք կա, մշտապես օգնում»,- ընդգծում է դպրոցի տնօրենը:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին