ԿԳ նախարարը ցանկանում է հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ - Mediamax.am

12534 դիտում

ԿԳ նախարարը ցանկանում է հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ


Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` ԿԳ նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ առաջիկայում ցանկանում է հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների եւ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ:

Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին:

 

Նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ» դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին, որի իրականացման համար «Այբ» հիմնադրամին պետական բյուջեից խոշոր հատկացումներ են արվել` պայմանավորված ՀՀ նախկին նախագահի կրթության հարցերով խորհրդականի անձով, հաղորդում են կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից:

 

«2017 թվականին պետական բյուջեից 617 մլն դրամ գումար է հատկացվել «Արարարատյան բակալավրիատ» ծրագրին. արդյունքում ունենք թարգմանված ծրագրեր եւ վերապատրաստված մոտ 100 ուսուցիչ: Ծրագիրը նախատեսում էր գերազանցության կենտրոններ հիմնել Հայաստանի ընդամենը 20 դպրոցներում: Սա այն դեպքում, երբ կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթության ազգային ինստիտուտին հատկացվել է 638 մլն դրամ` Հայաստանի բոլոր դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու, ինչպես նաեւ կրթության ամբողջ ծրագրերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար:

 

Այսինքն` 20 դպրոցի եւ 100 ուսուցչի մասնագիտական կատարելագործման համար հատկացվել է գրեթե նույնքան գումար, որքան շուրջ 1400 դպրոցի եւ տասնյակ հազարավոր ուսուցիչների: Իմ հակասությունն այս ծրագրի հետ կապված պայմանավորված է եղել այս անհավասար մոտեցմամբ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

 

Նա հավելել է, որ հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման հարցին կանդրադառնա աուդիտի ուսումնասիրության ավարտից հետո: Միաժամանակ նախարարը շեշտել է, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրով վերապատրաստված մանկավարժների մասնագիտական ներուժն անպայման օգտագործվելու է կրթության զարգացման նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին