«Որեւէ ուսուցիչ չի քարոզելու իշխանավորի կամ օլիգարխի համար» - Mediamax.am

7621 դիտում

«Որեւէ ուսուցիչ չի քարոզելու իշխանավորի կամ օլիգարխի համար»


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության եւ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Իր ելույթում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ դպրոցներն ու դրանց ղեկավարներն այլեւս աշխատելու են նոր իրողության պայմաններում:

 

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին եւ տնօրեններին, ովքեր այս տարիների ընթացքում զերծ են պահել համակարգն ու դպրոցը քաղաքական տարբեր ազդեցություններից: Այդ մարդկանց գործը նշանակալի է: Սակայն բազմաթիվ դպրոցներ քաղաքական ազդեցություններից զերծ չեն մնացել, եւ դա անթույլատրելի է: Դպրոցից դուրս ցանկացած ուսուցիչ եւ տնօրեն իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, յուրաքանչյուր ոք կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ: Այդ իրավունքը ձեզանից չեն վերցնում, բայց քաղաքական ազդեցությունը որեւէ կերպ պետք է չարտահայտվի դպրոցի ներսում: Ինքս կուսակցական եմ, սակայն վստահեցնում եմ, որ որեւէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը: Այսուհետ որեւէ տնօրեն եւ ուսուցիչ դպրոցում չի կարող զբաղվել որեւէ իշխանավորի, օլիգարխի, պատգամավորի եւ քաղաքական գործչի քարոզչությամբ: Այս երեւույթը կանխվելու եւ պատժվելու է օրենքի ուժով»,- հայտարարել է նախարարը:

 

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ խստորեն դատապարտվելու եւ կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսեւորումները:

 

«Մենք գիտենք, որ բազմաթիվ ուսուցիչներ, նաեւ տնօրեններ ունեն սոցիալական խնդիրներ: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ, արդեն ունենք լուծումներ, որոնք առաջիկայում կներկայացվեն: Այսքանով հանդերձ՝ սոցիալական խնդիրների առկայությունը չի կարող արդարացնել դպրոցներում կոռուպցիայի առկայությունը: Գիտեք, որ դպրոցների դրամահավաքների դեմն առնելու նպատակով իմ կողմից իրականացվել են որոշակի գործողություններ: Տեղյակ եմ, որ որոշ տնօրեններ լուրջ աշխատանք են տարել` դրամահավաքն արգելելու ուղղությամբ, եղել են դեպքեր, երբ հավաքված գումարները վերադարձվել են, բայց երեւույթը դեռ կա»,-նշել է նախարարը եւ հավելել, որ մի շարք դեպքեր այժմ ուսումնասիրվում են օրինապահ կառույցների կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին