Փոխել զգեստի գույնն առանց այն փոխելու. ստարտափ գաղափարը FAST-ում - Mediamax.am

exclusive
7974 դիտում

Փոխել զգեստի գույնն առանց այն փոխելու. ստարտափ գաղափարը FAST-ում


Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզա Աբրահամյանը
Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ Մեդիամաքսը Բրիտանական խորհրդի հետ ներկայացնում է ծրագրի իրականացման ընթացքը։

 

Առավոտյան տնից դուրս եք եկել սպիտակ վերնաշապիկով, քանի որ կեսօրին կարեւոր գործնական հանդիպում ունեք։ Պատկերացրեք, որ հանդիպումից հինգ րոպե առաջ պատահաբար վերնաշապիկի վրա սուրճ է թափվում եւ հետք թողնում։

 

Դուք ստիպված չեք լինի մտածել՝ ինչպե՞ս մաքրել հետքը, ինչպե՞ս նոր վերնաշապիկ գտնել հինգ րոպեում եւ նմանատիպ հարցերի շուրջ, եթե ձեր հագուստը լինի «խելացի», եւ «սմարթֆոնի» համապատասխան ծրագրում մի քանի հպումով փոխեք դրա գույնն ու նախշերը՝ հմտորեն թաքցնելով սուրճի հետքը։

 

Տարիներ առաջ գուցե սա ֆուտուրիստական սյուժեով ֆիլմի սցենար հիշեցներ, բայց եթե ապագա ձեռներեց Ռոզա Աբրահամյանին հաջողվի կյանքի կոչել իր ստարտափ գաղափարը, ապա հայկական արտադրության խելացի հագուստը, հնարավոր է, հեղափոխական նշանակություն ունենա Հայաստանի տնտեսության համար եւ դուրս գա միջազգային շուկա։

 

Որտե՞ղ են արվել ստարտափ հիմնելու առաջին քայլերը

 

Ռազմավարական մենեջմենտի եւ մարկետինգի մասնագետ Ռոզա Աբրահամյանը, ով ավելի քան 6 տարի մի շարք հայկական ու միջազգային ընկերությունների վաճառքի եւ մարկետինգի պատասխանատուն է եղել, որոշել է սեփական ստարտափը հիմնել։

 

Ռոզան մասնակցում է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «Սկսնակ կին» ձեռներեցների ծրագրին, որն իրականացվում է Բրիտանական խորհրդի «Ստեղծագործ միտք» (Creative Spark) նախագծի շրջանակում։

Ռոզա Աբրահամյանը Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծրագրին մասնակցությունը կնպաստի, որ իմ ունեցած գաղափարը ստանա վերջնական տեսք ու համապատասխան աջակցություն շուկայում ճիշտ ներկայանալու, հետագայում զարգանալու եւ հաջողության հասնելու համար։ Իմ մասնագիտությունը կարող է օգնել ճիշտ փաթեթավորել գաղափարս, բայց ստարտափի ոլորտը շատ տարբերվում է սովորական կոմերցիոն շուկայից: Կան առանձնահատկություններ, նրբություններ, որոնց կտիրապետեմ այստեղի մասնագետների օգնությամբ»,- ասում է Ռոզան։

 

Ստարտափ անելիս, ինչպես նշում է նա, շատ կարեւոր է թիմը․ «Ճիշտ է, գաղափարն իմն է, բայց ես շատ լավ գիտակցում եմ, որ թիմի ներգրավումը կարեւոր է լինելու եւ ակնկալիքներ ունեմ, որ FAST-ը, ունենալով մեծ փորձ այս ոլորտում, կկարողանա աջակցել այն թիմի կորիզի ձեւավորմանը, որը կզարգացնի իմ գաղափարը»։  

 

Ինչպե՞ս են ստեղծվում ապագա ձեռներեցների ցանցերը

 

Ծրագիրը, ըստ Ռոզայի, ոգեւորման եւ առաջ մղման շատ լավ հարթակ է այն կանանց համար, ովքեր ունեն գաղափար կամ ուզում են բիզնես սկսել։ Այստեղ նրանք կարողանում են ստանալ անհրաժեշտ գիտելիքները եւ հմտությունները, մշակել իրենց գաղափարներն ու զարգացման ուղիները։

 

«Կանայք երբեմն կարիք են ունենում աջակցության, որպեսզի հավատան իրենց ուժերին։ Շատ խելացի մարդկանց հետ եմ ծանոթացել այս դասընթացներին, շատ ուրախ եմ, որ Հայաստանում այսքան կրթված եւ լավ գաղափարներ ունեցող կանայք կան։ Սա նաեւ ապագա ձեռներեցների համար լավ կապերի ցանց ստեղծելու հիանալի հարթակ է»։

Ռոզա Աբրահամյանը Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցանցում առաջինը FAST-ի արհեստավարժ մասնագետներն են, որոնց հետ աշխատում են մասնակիցները, եւ որոնք հետագայում էլ կարող են իրենց խորհրդատվությամբ աջակցել նորաստեղծ ստարտափներին։ 

 

Մյուս խումբը ապագա ձեռնարկատերերն են, եւ չի բացառվում, որ հաջող բիզնես հիմնելուց հետո նաեւ գործընկերներ կդառնան։ Պատահում է, որ այս հարթակում են ծնվում ապագա ընկերությունների թիմերը։

 

«Այս ծրագրի ավարտին, երբ գաղափարը ձեւավորված եւ մշակված լինի, FAST-ի Startup Studio-ում այն կներկայացվի ներդրողներին եւ, հնարավոր է, աջակցություն ստանա»,- ասում է Ռոզան։

 

Ի՞նչու հենց խելացի հագուստ

 

Ռոզայի գաղափարը ենթադրում է հագուստի եւ տեխնոլոգիայի միախառնում:

 

«Վերջին տարիներին շատ ենք լսում «սմարթ» արտահայտությունը տարբեր արտադրանքների անուններում՝ «սմարթ» դրամապանակ, «սմարթ» ժամացույց, իսկ հագուստի ոլորտը դեռեւս զարգանում է։  Աշխարհում շատ խոշոր կազմակերպություններ փորձում են այն զարգացնել, որովհետեւ «սմարթ» հագուստի արտադրությունը համարվում է ապագայի ինդուստրիա»։

 

Աշխարհում արդեն կան վաճառքի տեքստիլի վրա հիմնված օրգանիկ լեդերի (fabric-based OLED) կտորներ, որոնք թույլ են տալիս սմարթֆոնի ծրագրի միջոցով փոխել գույնը։

 

Առկա տեխնոլոգիան դեռեւս սահմանափակ է եւ լավ մշակված չէ։ Գուցե, մաշկի համար սկզբնական շրջանում այնքան էլ հաճելի չլինի այդպիսի կտորից հագուստ կրելը։

 

«Ոլորտը, այնուամենայնիվ, գոյություն ունի, զարգանում է։ Պետք է հասկանանք, թե ինչպես ու որ տիրույթում կարող ենք դիրքավորվել եւ առաջ շարժվել»,- ասում է Ռոզան։

 

Ովքե՞ր են խելացի հագուստի պոտենցիալ գնորդները

 

Ռոզան բերում է մի քանի ոլորտ, որտեղ իր ապագա ընկերության արտադրանքը կարող է օգտագործվել՝ առօրյա (մարդիկ կկարողանան փոխել հագուստը առանց զգեստափոխվելու), սպորտ (հագուստը կուղղորդի սպորտով զբաղվողին, օրինակ, վարժությունները ճիշտ կատարել, ցույց կտա ինչպես են աշխատում մկանները եւ այլն), առողջապահություն (սենսորների կամ փոքրիկ գաջեթների միջոցով հագուստը կստուգի կրողի արյան ճնշումը, սրտի աշխատանքը, քաշը եւ այլն)։

Ռոզա Աբրահամյանը Ռոզա Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս դասընթացների ժամանակ ինձ եւս մեկ ոլորտ հուշեցին՝ ռազմականը։ Այս ամենը կարող է շատ լավ կիրառում գտնել պաշտպանական համակարգում։ Հիմա գլոբալ եմ ներկայացնում, իհարկե. ամեն ոլորտում գաղափարը հստակ ձեւակերպման եւ փաթեթավորման կարիք ունի»,- ասում է Ռոզան։

 

«Եթե անգամ չհաջողենք ստարտափը, այս ընթացքում մեծ փորձ ձեռք կբերեմ եւ հետագայում ավելի լավ ծրագիր կմշակեմ։ Ամեն դեպքում, այստեղ շատ լավ մասնագետներ են հավաքված, եւ կարծում եմ, որ նրանց աջակցությամբ կկարողանանք հաջողության հասնել»,- ասում է ապագա ձեռներեցը։ 

 

«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրի, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Ադրբեջանում, Հայաստանում,  Վրաստանում եւ Ուկրաինայում:

 

Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ: 

 

Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:

 

Դիմել կարելի է այս հղումով:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

«Ստեղծարար միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին