FAST-ը «Ստեղծագործ մտքով» խրախուսում է կին ձեռներեցներին - Mediamax.am

exclusive
5464 դիտում

FAST-ը «Ստեղծագործ մտքով» խրախուսում է կին ձեռներեցներին


Լուսինե Ղուշչյանը եւ Մանե Սարոյանը
Լուսինե Ղուշչյանը եւ Մանե Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեյվիդ Բեքեթը
Դեյվիդ Բեքեթը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Ղուշչյանը եւ Մանե Սարոյանը
Լուսինե Ղուշչյանը եւ Մանե Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Հովհաննիսյանը
Տաթեւիկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Ղուշչյանը
Լուսինե Ղուշչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ «Մեդիամաքս»-ը Բրիտանական խորհրդի հետ ներկայացնում է ծրագրի իրականացման ընթացքը։ 

 

Նույն հետաքրքրություններն ունեցող Լուսինեն ու Մանեն նախկին գործընկերներից վերածվել են նոր ընկերության համահիմնադիրների։ Կայուն ճարտարապետության եւ այդ ոլորտում խորհրդատվության վրա կենտրոնացած ստարտափը դեռ առաջին քայլերն է փորձում անել, բայց աղջիկները վճռական են ապագա հաջողության հարցում։

 

Գաղափարը ստարտափի վերածելու վճռականությունը 

 

Լուսինե Ղուշչյանը ճարտարապետ է, Մինեսոտտայի (ԱՄՆ) համալսարանում ուսումը վերջերս է ավարտել եւ վերադարձել Հայաստան: Մանե Սարոյանը Ֆրանսիական համալսարանում մենեջերի մասնագիտություն է ստացել, իսկ Լիհայի համալսարանում՝ բիզնես եւ առաջնորդության դասընթացների մասնակցել։ 

 

«Մինչ իմ Հայաստան վերադառնալը Մանեի հետ որոշել էինք, որ պետք է հիմնենք ստարտափ, որը կզբաղվի կայուն նախագծմամբ ու շենքերի էներգաարդյունավետության ոլորտի խորհրդատվությամբ»,- ասում է Լուսինեն, ով մասնակցում է «Ստեղծագործ միտք» նախագծով իրականացվող՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «Սկսնակ կին ձեռներեցների ծրագրին»։ 

 

Լուսինե Ղուշչյանը եւ Մանե Սարոյանը Լուսինե Ղուշչյանը եւ Մանե Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Թեեւ ստարտափի անունը դեռ չեն որոշել, բայց ունեն կարգախոս՝ «Կայուն ապագայի համար»։ 

 

«Մենք նպատակ ունենք առկա շենքերի էներգասպառումը կրճատել մոտ 70 տոկոսով եւ նախագծել 0-ին մոտ էներգիա օգտագործող շինություններ։ Նաեւ խորհրդատվություն ենք մատուցելու թե՛ բնակիչներին, թե՛ շենքերի նախագծմամբ ու կառուցմամբ զբաղվող ընկերություններին՝ ինչպես հաշվարկել, որպեսզի կառույցները մաքսիմալ էներգախնայող լինեն»,- ասում են ստարտափի համահիմնադիրները։ 

 

Ստարտափն արդեն ունի 0 էներգիա օգտագործող շինության հաշվարկ։

 

«Կան մարդիկ, ովքեր 1988 թվականի երկրաշարժից հետո դեռ բնակվում են տնակներում: Նրանց համար ունենք մատչելի պայմաններով էներգաարդյունավետ փոքր տնակներ կառուցելու հաշվարկներ»,- ասում է Լուսինեն՝ նշելով, որ իրենց գաղափարն ի սկզբանե սոցիալական ուղղվածության էր։

 

Լուսինե Ղուշչյանը Լուսինե Ղուշչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կանանց թիրախավորելու անհրաժեշտությունը

 

Սկսնակ կին ձեռներեցների ծրագրի համակարգող Տաթեւիկ Հովհաննիսյանը նկատում է, որ Բրիտանական խորհրդի ծրագիրն ուղղված է ձեռներեցության զարգացմանն ու ամբողջությամբ համընկնում FAST-ի Startup Studio-ի գործունեությանը: 

 

«Startup studio-ն նպատակ ունի ոչ միայն օգնել ակտիվ ձեռներեցներին, այլեւ զարգացնել ձեռներեցությունը Հայաստանում: Ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում էր մեր հիմնական նպատակներին»,- ասում է Տաթեւիկը: 

 

FAST-ի ինովացիաների գծով փոխնախագահ, ծրագրի ղեկավար Դեյվիդ Բեքեթն ասում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կանանց շատ հնարավորություններ չեն տալիս, չեն սովորեցնում, որ ձեռնարկատիրությունն իրենց համար է։   

 

Դեյվիդ Բեքեթը Դեյվիդ Բեքեթը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Տնտեսության շարժիչ ուժն իրականում կանայք են, եւ նրանք կազմում են աշխատուժի ավելի քան 50 տոկոսը։ Ծառայությունների, այժմ նաեւ՝ ՏՏ ոլորտներում կանայք բավական շատ պաշտոններ են զբաղեցնում։ Այն ոլորտը, որտեղ կանայք դեռեւս հետ են մնում կամ առաջ չեն մղվում, ձեռներեցությունն է։ Հասկացանք, որ կարեւոր ծրագիր կլինի, եթե կենտրոնանանք կանանց վրա, որոնք մտածում են ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին եւ դրա վաղ փուլում են։ Հույս ունենք, որ շատ կանանց կխրախուսենք զբաղվել ձեռնարկատիրությամբ եւ աստիճանաբար կհասնենք մի փուլի, որ ձեռնարկատիրության մեջ ներգրավված կլինի կանանց առնվազն 50 տոկոսը։ Այդ դեպքում արդյունքները նկատելի կլինեն ողջ տնտեսության վրա»,- ասում է Դեյվիդ Բեքեթը։ 

 

Կին ձեռներեցների առջեւ ճանապարհ բացելու գործիքները

 

Սկսնակ կին ձեռներեցների ծրագրին մասնակցության 110 հայտ է ստացվել, որոնցից ընտրվել է 55 մասնակից Երեւանից, 12-ը՝ մարզերից։ 

 

Տաթեւիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի դառնալ մարզային, եւ սա մարզերի ներգրավման առաջին փորձն է: «Հետագայում, երբ ծրագիրը շարունակական դարձնենք, մարզերի համար նույնպես կունենանք առանձին ծրագրեր»: 

 

Դասընթացավարները հիմնականում հաջողակ կին ձեռներեցներն են։ Մինչ սկսնակ կին ձեռներեցների ծրագրի դասընթացների մեկնարկը՝ FAST-ում երեք պարապմունք են անցկացրել։ Քանի որ հիմնադրամի հիմնական ուղղություններից է տվյալագիտությունը, պարապմունքների հիմնական թեման էլ դա է ընտրվել։  

 

Տաթեւիկ Հովհաննիսյանը Տաթեւիկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ծրագիրն այնպես ենք կառուցել, որ ընթացքում մասնակիցներն իրենց գաղափարներն իրար պատմելով ձեւավորում են խմբեր: Ոմանք փոխում են իրենց գաղափարը, հրաժարվում են, միանում ուրիշ խմբի։ Կան մասնակիցներ, որոնք սեփական գաղափարներ չունեին, բայց ունեին ցանկություն ու դասընթացի ընթացքում գաղափարներ են ծնվում։ Ապրիլի վերջին ձեւավորված խմբերը կներկայացնեն իրենց նախագծերը»,- ասում է Տաթեւիկ Հովհաննիսյանը: 

 

Ծրագրի համակարգողն ավելացնում է, որ այս ծրագրի ավարտից հետո էլ Startup studio-ում կարող են շարունակել ճանապարհն այն մասնակիցների հետ, ովքեր լավ գաղափարներ կունենան եւ դրանք կկարողանան ներկայացնել ներդրողներին ու ապահովել ծրագրի շարունակականությունը։ 

 

«Ստեղծարար միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրի, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Ադրբեջանում, Հայաստանում,  Վրաստանում եւ Ուկրաինայում: 

 

Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ:  

 

Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:

 

Դիմել կարելի է այս հղումով:

 

Մարի Թարյան



Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

«Ստեղծարար միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին