Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:
«Կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների վերաբերյալ: Նրանք տեղեկացվել են, որ դիրքերը բարելավելու եւ հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերի, նռնականետերի եւ խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա եւ ժամանակավորապես գրավել այն: Պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռազմական կցորդների ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր հակառակորդի կողմից զենքի կիրառմամբ իրականացված ամենալայնածավալ սադրանքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում եւ անմիջական վտանգ է ներկայացրել հարակից բնակավայրերի խաղաղ բնակչության համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: