Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմությունը»՝ պարտությունից առաջ ու հետո - Mediamax.am

exclusive
1730 դիտում

Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմությունը»՝ պարտությունից առաջ ու հետո


Գեմաֆին Գասպարյանը
Գեմաֆին Գասպարյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` «Գրանիշ»


Գեմաֆին Գասպարյանի հետ զրուցել ենք նրա «Պարտության պատմություն» գրքի մասին։ «Պարտության պատմությունը մեկ պատմություն չունի, պատմություններ են։ Սա ե՛ւ իմ անձնական պարտության պատմությունն է, ե՛ւ ոչ միայն իմ անձնական պարտության պատմությունը»,-ասում է հեղինակը։

Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը։

- Գիրքը, ենթադրում եմ, գրվել է 44-օրյա պատերազմից հետո։ Թվագրությունից դատելով՝ այն անցած տասնամյակի հետահայացն է։ Հարկ էր հետ գնալ այդքան՝ հասկանալու համար պարտության պատմությո՞ւնը։

-Նախ ասեմ, որ «Պարտության պատմություն»-ը ոչ թե տեքստերի ժողովածու կամ հավաքածու է, այլ ամբողջական գիրք։ Այսինքն՝ ոչ թե 10 տարվա ընթացքում գրված տեքստերը համադրվել ու հակադրվել են, որ այս գիրքը կազմվի, այլ գրքի շրջանակում են տեքստերը ներգրավվել։

Իհարկե, գիրքը, որպես այդպիսին, մտածվել է պատերազմից հետո։ Ես երկար մտածում էի եւ՛ պարտության պատճառների, եւ՛ ազնվորեն պարտության աչքերի մեջ չնայելու մասին։ Պարտությունը միայն 44 օրը չէր, 44 օրը կուլմինացիան էր, իմ համոզմամբ՝ պարտությունը եւ՛ նախորդել է, եւ՛ հաջորդում է պարտությանը։ Այսօր մենք էլի խուսափում ենք պարտությունը ընդունել որպես իրողություն, փորձում ենք յուրաքանչյուրս մեր վրայից պարտության բեռն ուղղել (կապ չունի որտեղ) դուրս, ներս, ուրիշի վրա… Եվ դա լավ բանի չի տանի։

Պարտությունները լինում են, բայց շատ կարեւոր է, թե պարտությունն ինչքան քեզ հետ կմնա։ Կարծում եմ, որ պարտությունը պետք է տեր ունենա ավելի, քան հաղթանակը։ Ասում են՝ հաղթանակը հազար տեր ունի, պարտությունն անտեր է։ Շատ քայքայող միտք է, եւ իրականություն է, բայց մենք պետք է մեր պարտությանը տեր կանգնենք։

Ինչ վերաբերում է ժամանակագրությանը, ես փորձում եմ հետ գնալով հասկանալ պարտության պատճառները։ Վերջին տեքստը ամենաթարմն է, թվակիր է 2024-ին, որովհետեւ ժամանակը չի ավարտվում, շրջանաձեւ է, ու ժամանակի այդ պտույտը փորձել եմ գրքով ցույց տալ։

- Տպավորություն ունեմ, որ երբեմն հարցեր եք բարձրացնում՝ պատասխանները թողնելով ընթերցողին։ Թեեւ հեղինակի դիրքորոշումը նկատելի է։

- Ընդհանուր առմամբ այս գրքում դիրքորոշումս շատ սուր է։ Սակայն իմ համոզմամբ՝ ընթերցողը նույնքան գրող է, որքան գրողը։ Ընթերցողը համահեղինակ է, որովհետեւ երբ ընթերցում է ինչ-որ տեքստ, նաեւ գրում է այդ տեքստը։ Այս գիրքը նաեւ ներքին տրամաբանությամբ է կառուցվել։ Ինչի՞ համար էի ասում, որ պարտությանը պետք է տեր կանգնել։ Ընթերցողին պետք է ներառել, տեր դարձնել այս պրոցեսին։

Լուսանկարը` «Գրանիշ»


Ես գրում եմ ու գրելուց մտածում եմ նրա մասին, ինչի շուրջ մտածում եմ։ Բայց դուք կարդում եք այն, ինչ կարդում եք ու մտածում եք՝ ինչ դուք եք մտածում։

-«Պարտության պատմություն»-ը անցած տասնամյակի խճանկարը ստանալու առումով այնքան կուռ ու համահունչ է, որ մի պահ թվաց՝ տեքստը ոչ թե գրվել է տարբեր տարիներին, այլ ժամանակին համահունչ հետահայաց կառուցվել է։

-Որեւէ տեքստ հարմարեցված չէ ժամանակագրությանը։ Իսկ եթե համահունչ է, նշանակում է՝ կոնցեպտը, որի շուրջ այս գիրքը իրականացրել եմ, հավաստի է։

- Դժվար չէ՞ քո ժամանակի մեջ քո ժամանակի մասին գրելը։ Թեեւ մեր գրողներից շատերը այս կամ այն կերպ անդրադարձել են պատերազմի պատմությանը կամ, ինչպես դուք եք ասում, պարտության պատմությանը։

- Ինձ համար շատ կարեւոր է լինել զգայուն, ոչ միայն էմոցիոնալ իմաստով, այլեւ մտքի, լեզվի եւ խոսույթները ճիշտ ներկայացնելու։ Որովհետեւ տեքստերի բացարձակ մեծամասնությունը, որ ես եմ կարդացել, շատ պարզունակ են, էմոցիոնալ, չմտածված, հեղինակին, չգիտես ինչու, բարձր կամ կողքի դիրքում դնող։ Պետք չէ շահագործել մահը ու փորձել պոետական դիրքում առանձնանալ այն իրականությունից, որում դու ինքդ ես։

Իհարկե, խոսքը այն տեքստերի մասին չէ, որ պատերազմի մասնակիցները կամ զոհերի ծնողներն են գրել՝ իրենց հարազատի հիշատակն ինչ-որ ձեւով պահպանելու համար (սա էլ, իհարկե, իր խնդիրներն ունի)։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է շահարկումների այն մասը, որ տեքստի հետ պրոֆեսիոնալ աշխատողներն են անում։ Նրանք նորովի արտիկուլացնում են կաղապարներն ու մտքի կարծրացած ձեւերը, որ եղել են տարիներ շարունակ, դեռ ավելի գռեհկացնում են։ Իսկ դու չես կարող նույն մտքի ձեւերով հաղթահարել նոր մարտահրավերները եւ չունենալ նույն տեսակի արդյունքներ։ Ինձ համար շատ կարեւոր է լեզվի հարցը եւ մտքի ձեւերի հարցը․ ո՞նց մոտենալ խնդրին՝ չկրկնելու համար գրական ավանդույթներով ձեւավորված խոսույթների փունջը, որ բերել հագեցրել է նաեւ այս պատերազմին։ Որովհետեւ մեր հասարակությունը ձեւավորվել է նաեւ գրականության միջոցով, եւ իմ չսիրած գրականության։

Այն գրականությունը, որ ես սիրում եմ, միշտ եղել է ավելի մարգինալացված, նույնիսկ եթե հեղինակները ավելի ճանաչելի են։ Մեզանում շատ ավելի ընթերցված է Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», քան Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները», շատ ավելի ընթերցված է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», քան նույն Չարենցի «Երկիր Նաիրին», մեզանում շատ տարածված է հետստալինյան բանաստեղծների փաղանգը՝ Էմին, Կապուտիկյան, Շիրազ, Սեւակ, քան ասենք՝ Սլավիկ Չիլոյանը։

-Ո՞ւմ է ուղղված Ձեր գիրքն առաջին հերթին։ Ուզում եք, որ համաժամանակյա ընթերցողը վերլուծի իր ապրա՞ծը, թե՞ եկող սերունդները ճանաչեն իրենց պատմությունը։

- Իսկ մենք գիտե՞նք մեկ տարուց ատոմային պատերազմ լինելու է, թե ոչ։ Ո՞նց կարող եմ ես վաղվա սերնդի համար հույսեր ունենալ։ Ես անում եմ այն, ինչը, իմ կարծիքով, այս պահին կարեւոր է մեզ համար։ Հավերժի համար գրվող բաներին չեմ հավատում։ Այս ժամանակներում իհարկե։ Վերածննդի շրջանում մարդիկ հավերժի համար էին գրում։

- Քաղաքական ժամանակաձեւերը՝ նախկին, ներկա, ապագա, նախկին նախկին, ներկա նախկին, ապագա նախկին…  համահավասարեցնո՞ւմ են բոլորին։ Բոլորը բոլորին արժանի են. սրա՞ մասին է խոսքը։

- Դուք այդպես եք ընկալել։ Ամեն դեպքում, ինչպես հին դասականն էր ասում՝ մենք փոքր երկիր ենք, ու մեկ այլ շատ սիրելի մարդ՝ Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, մի առիթով ասաց (ուղիղ պետք չի հասկանալ)՝ Հայաստանը ինցեստի երկիր է, այսինքն՝ բոլորը բոլորի հետ ինչ-որ տրամաբանությամբ ինչ-որ կապերի մեջ են։

- Գիրքը քաղաքական բնույթ ունի, երգիծական, հրապարակախոսական… Ի՞նչ ժանրում է, ի վերջո։

- Հրապարակախոսականի հետ այնքան էլ համաձայն չեմ։ Գիրք է (բանաստեղծական), կոչվում է «Պարտության պատմություն»։ Ժանրային իմաստով տարանջատում չեմ անում։ Ո՞նց կարելի է պատմությունը մի ժանրի մեջ տեղավորել։

Գիրքը բացառիկ է ժամանակակից արվեստագետի ու գրողի համագործակցության իմաստով։ Ժամանակակից արվեստի արտեֆակտ, որ երկկողմ այսքան մտածված ու մշակված լինի, ես գոնե Հայաստանում չեմ հանդիպել։ Գրքի նկարիչը՝ Դավիթ Քոչունցը, այն խնդիրը, որ մենք իրար հետ ձեւակերպեցինք, մեծ որակով իրացրել է։ Դավիթն ունի կենսագրական նույն կետերը. երբ ես Ջաբրայիլում եմ եղել, ինքը եղել է Հադրութում։  Փորձառությունն ու կյանքի տարբեր դրվագներին մեր մոտեցումը բավականին համընկնում են, դրա համար շատ լավ գործընկերային աշխատանք է ստացվել։

Ես գիրքը համարում եմ նախագիծ։ Նախագծի, տեքստերի հեղինակը ես եմ, նկարներից շատերի իդեաները ես եմ առաջարկել, իհարկե նաեւ Դավիթն է առաջարկել, խմբագիրը Թագուհի Ղազարյանն է, ով կարեւոր դեր ունի այս գրքում, էջադրել է Արմինե Պապանյանը, իսկ գիրքը էջադրելու իմաստով էլ էր շատ բարդ։

- Գրել եք. «Մեծամասնոթունը գիտի, որ մեծամասնությունը սխալ է»։ Ստացվում է՝ բոլորս ենք սխալվել։ Բոլոր դեպքերում, ավելի կոնկրետ քննադատության ձողն ո՞ւր է գնում։

- Գրականությունը մաթեմատիկա չէ, ինքը աշխատում է պատումների հետ, եթե ուզում եք կոնկրետ պատասխան, քննադատությունն առաջին հերթին ինձ է վերաբերվում, որովհետեւ ես իմ հանդեպ եմ անողոք եղել, հետեւաբար կարիքը չեմ ունեցել նաեւ այլոց հանդեպ անողոք լինելու։ Մենք ունենք դրա կարիքը։

- Ինքնաքննադատությա՞ն։

- Ինքնավերլուծության։ Ինքնա- ասելով ես նկատի չունեմ միայն ինքդ քեզ անձնապես։ Հանրորեն տարածված տեսակետ կա. մեզ թվում է, թե բարդ հարցերն ունեն պարզ լուծումներ։ Որեւէ բարդ հարց պարզ լուծում չունի, բարդ հարցերն ունեն բարդ, դժվար, ժամանակ եւ հետեւողական աշխատանք պահանջող լուծումներ։ Բարդ հարցերը միաչափ չեն, միախնդիր չեն, հետեւաբար շատ կարեւոր է ռեֆլեքսիան՝ ինքնավերլուծությունը։  

-«-Հատուկ նախագահի հրամանագրով նրան ներկայացրել են հերոսի կոչման,- ասաց Զինվորականը։
-Այսի՞նքն,- լացեց Ռուզիկը։
-Դուք հպարտ պետք է լինեք ձեր ամուսնով,- ասաց Զինվորականը։
-Այսի՞նքն,- լացում էր Ռուզիկը»։
Պատերազմի անհեթեթությո՞ւնն եք մատնանշում։

- Մեռնողի հետեւից ինչ-որ մեկը մեռնո՞ւմ է։ Մեծ հաշվով՝ ոչ ոք չի մեռնում։
 Աբսուրդը տարբեր բաներում է։ Գիտեք, ինձ առաջին անգամ «հոպար» ասել են պատերազմի դաշտում։

Լուսանկարը` REUTERS


Այդ երեխաների մեծ մասը Եռաբլուրում են կամ իրենց տան այգիներում, մի մասին էլ երկու տարի հետո գտան… հերո՞ս են։ Մենք միշտ ուզում ենք, որ մեր փոխարեն ինչ-որ մեկը ինչ-որ բան անի, կապ չունի՝ ինչ, գնա պատերազմի դաշտ, աշխատի, թե այլ բան, մենք միշտ ուզում ենք, որ մեր փոխարեն ուրիշ մեկն անի նաեւ այն, ինչ մենք պետք է անենք։ Դրա համար անունը դնում ենք հերոս։
 
- Խիղճը հանգստացնելու համար։
 
- Դե բա պետք է ապրենք, չէ՞։ Ես ուզում եմ այս գիրքը լինի այն արվեստը, այն արտեֆակտը, որ խանգարում է այդպես ապրել։ Թեեւ այսօր ո՞վ է գիրք կարդում, բայց, ամեն դեպքում, կարծում եմ, կարեւոր է, որ խանգարող բան լինի, որը թույլ չի տա ինքնախաբեության մեջ լինել։

- Պատերազմին մասնակցությո՞ւնն է նաեւ իրավունք տալիս գրել պատերազմի ու դրա աներեւակայելի հետեւանքների մասին։

- Ես երկար եմ մտածել՝ ինչ կարող եմ ինձ իրավունք վերապահել, ինչը՝ չէ եւ եկել եմ հետեւյալ էթիկական արդարացմանը, որ եթե ես ինձ չեմ խնայում եւ չեմ առանձնացնում, այդ իրավունքը ձեռք եմ բերում։

Ցանկացած մեկը կարող է գրել պատերազմի մասին, բայց ես զրույցի սկզբում խոսեցի պատումների, իրողության, մարդկանց հանդեպ զգայուն լինելուց։ Մի բան էլ կա․ ինչո՞ւ եմ ես գրում (հանրային արտահայտման տարբեր միջոցներ ունեմ եւ կարող եմ օգտվել այդ միջոցներից), որովհետեւ դա այն տարածքն է, որտեղ ես մաքսիմալ ազատ եմ։

Լուսանկարը` REUTERS


Դրա համար է նաեւ, որ 2019, 2020 թվականներին չեմ գրել. զբաղեցրել եմ քաղաքական պաշտոն եւ ինչ էլ գրեի, իր մեջ կունենար որոշակի նպատակահարմարություն։ Ընդհանրապես քիչ եմ գրում եւ ինձ համար գրականությունն իմ ազատության տարածքն է՝ անշղթայելի ու առանց կոմպրոմիսի։ Ես շատ փորձում եմ զգայուն լինել, բայց թույլ չեմ տալիս, որ իմ ազատությունը որեւէ ձեւով սահմանափակվի։

-Եթե պատերազմը հաղթական ավարտ ունենար, ինչպե՞ս կգրվեր այս գիրքը։

- Չէր գրվի, ենթադրաբար ուրիշ բան կգրվեր, բայց այս գիրքը չէր լինի ու լավ կլիներ, որ չլիներ։

-Բայց կմնային խութերը։
 
- Իհարկե կմնային, բայց ինքը ուրիշ տրամաբանության մեջ կլիներ, որովհետեւ իրողություններն են պայմանավորում նաեւ մեր գիտակցությունը, որովհետեւ այն, ինչ կարդում եք հիմա, ուրիշ ձեւ եք ընկալում, 2013-ին, 2015-ին կամ 2016-ին լրիվ ուրիշ ձեւ է ընկալվել։

Հիմա, ենթադրում եմ, հետահայաց շատերն ասում են՝ այ տե՛ս, չենք նկատել կամ նկատել ենք, ուրիշ կերպ ենք արել։ Գրողը պետք է ուշադիր լինի ու խելոք՝ լայն իմաստով։ Մեր գրականության մեջ շատ հաճախ հենց դա է պակասում՝ մտավոր ջանքն ու մտավոր արիությունը։

- «Ապագա կա՛ ապագա
մի սերունդ էլ անցավ քթի տակից»։
Կա՞ ապագա։ Պարտությունն արձանագրում ենք ու առա՞ջ անցնում։

- Առաջ չենք անցնում, պարտության մեջ ենք, ինչպես արդեն ասացի՝ պարտությունը պարտությունից առաջ էր եւ պարտությունը պարտությունից հետո էր։ Ցանկացած դեպքում ապագա կա, բայց թե ինչ ապագա է, չգիտեմ։ Գոնե ես չեմ նկատում, որ մենք ռեֆլեքսիայի ենք ենթարկվում։ Ես հույս չունեմ… իմ ակնկալիքները իմ խնդիրներն են, ու յուրաքանչյուր ընթերցողի ակնկալիքն իր խնդիրն է, բայց ինձ թվում է՝ ես պարտավոր էի սա անել գոնե առնվազն հայելու մեջ հանգիստ նայելու համար։ Շատ բաներ դրա համար եմ անում։ Առանց ակնկալիքի։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին