Բրիտանիան անտեսում է հայերի նոր ցեղասպանությունը՝ հանուն առեւտրային շահի - Mediamax.am

1586 դիտում

Բրիտանիան անտեսում է հայերի նոր ցեղասպանությունը՝ հանուն առեւտրային շահի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը

Լուսանկարը` Azertac

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը

Լուսանկարը` Azertac


Ներկայացնում ենք Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի The Telegraph պարբերականում հրապարակված Is the UK turning a blind eye to genocide against Armenian Christians for commercial gain? հոդվածի հայերեն թարգմանությունը:

Լուիս Մորենո Օկամպո

Կարելի է հիմնավոր կերպով փաստել, որ Բաքվի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները միջազգային հանցագործություն են.

Անցյալ կիրակի աշխարհի շատ քրիստոնեական եկեղեցիներ Էկումենիկ աղոթքի ծիսակարգ են իրականացրել՝ կոչ անելով ազատ արձակել Բաքվում անարդարացիորեն ձերբակալված 23 էթնիկ հայերի: Այսօր ամբողջ աշխարհից դիվանագետնեը մեկնում են Բաքու՝  մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին (COP29)։

Կլիմայական փոփոխության դեմ պայքարում առաջընթացի բացակայությունը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերի «էթնիկ զտումների» հետ մեկտեղ, բացահայտում են համաշխարհային իրավիճակում հիմնարար եւ կրկնվող մտահոգությունները՝  ցեղասպանություն եւ կլիմայական փոփոխություն։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հակասություն առաջացրեց՝ ցույց տալով իր վերաբերմունքը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները որակելով որպես «ազատագրում», այլ ոչ թե որակելով դրանք որպես միջազգային հանցագործություններ: Նախարար Լամմիի խոսքերը որեւէ կերպ չեն ուղղվել։ Ոմանք պնդում են, որ սա ընդգծում է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ անտեսելու մարդու իրավունքների լուրջ խախտումները՝ նպաստելով Բրիտանական նավթագազային ընկերության (BP) ներդրումներին տարածաշրջանում. ներդրումներ, որոնք, չնայած իրենց «կանաչ» պիտակին, հավանաբար կվատացնեն կլիմայական փոփոխության իրավիճակը։

Հազարամյակներ շարունակ հայերը բնակվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը Խորհրդային Միության ժամանակ դարձել է ինքնավար «մարզ» Ադրբեջանի կազմում: 1993 թվականի պատերազմում Հայաստանի հաղթանակից հետո անկլավն իրեն հռչակեց Արցախի Հանրապետություն, իսկ հայերը գրավեցին շրջակա տարածքը։ Ադրբեջանը վերադարձրեց տարածքը 2020 թվականին մեկ այլ պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղը վերածելով ռուսական խաղաղապահների պաշտպանության տակ գտնվող անկլավի, որը հասանելի էր միայն Լաչինի միջանցքով։

2023 թվականի փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր բաց պահել Լաչինի միջանցքը՝ հայ բնակչությանը պաշտպանելու համար։ Փոխարենը Ադրբեջանը փակեց այն՝ դադարեցնելով առաջին անհրաժեշտության մատակարարումները եւ սահմանափակելով տեղաշարժը։ Մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր Ադրբեջանը ընդլայնեց իր գործողությունները՝ հրետակոծելով Լեռնային Ղարաբաղը եւ ստիպելով մոտ 120,000 էթնիկ հայերի փախչել Հայաստան՝ լքելով իրենց հայրենիքը եւ կրելով «լուրջ հոգեբանական վնաս», որպիսին նշված է Ցեղասպանության կոնվենցիայում։ Նրանցից 23-ը Բաքվի բանտերում են՝ որպես ուղերձի նշան եւ հուշում մյուս հայերին, որ եթե վերադառնան, ապա դա կլինի նաեւ իրենց ճակատագիրը։

Եթե նախագահ Ալիեւը նպատակ ունենար ոչնչացնել այս էթնիկ խմբին, ապա այդ գործողությունները ցեղասպանություն կհամարվեր։ Այդ մտադրության բացակայության դեպքում նմանատիպ գործողությունը շարունակվում է որակվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն՝ ներառելով հալածանքն ու բռնի տեղահանությունը:

ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները դատապարտում են, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանի գործողությունները դադարել են որպես ցեղասպանություն պիտակավորել՝ նախընտրելով, կարծես, պահպանել աշխարհաքաղաքական դաշինքները եւ որ թե կոնվենցիայով պահանջվող գործողությունները, որով հարկավոր էր կանխել ցեղասպանությունը։

ԱՄՆ-ն Ադրբեջանին դիտարկում է որպես Իրանի եւ Ռուսաստանի ռազմավարական հակադիր.եվրոպացիները, չկարողանալով նավթ ու գազ ստանալ նախագահ Պուտինից, ամրապնդել են կապերը նախագահ Ալիեւի հետ։  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջինիս անվանում է «վստահելի գործընկեր»։ Բայց ո՞րն է տարբերությունը Պուտինի եւ Ալիեւի միջեւ, ովքեր մեղադրվում են միջազգային ծանր հանցագործություններ կատարելու մեջ։

Ցեղասպանության մասին կոնվենցիայի ստորագրողները, ներառյալ այս ազգերը, իրավաբանորեն պարտավոր են կանխել ցեղասպանությունը: Սակայն նրանք խուսափում են այդ պարտավորությունից՝ հրաժարվելով ակտերը որպես այդպիսին օրինական սահմանելուց։ Փոխարենը, նրանք օգտագործում են «էթնիկ զտումներ» տերմինը՝ հզոր արտահայտություն, բայց ոչ քրեական հետապնդման ենթակա հանցագործություն, որպեսզի շրջանցեն 2023 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության մեղադրանքներից։

Նմանատիպ դինամիկա է նաեւ  կլիմայական փոփոխության հետ կապված: 2015 թվականի Փարիզի համաձայնագրերը պարտավորեցնում են երկրներին նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը: Այնուամենայնիվ, համաձայնագրին բացակայում է անկախ կատարող մարմինը, որը հնարավորություն է տալիս այս երկրներին կրկին առաջնահերթություն տալ իրենց ազգային շահերին։ Մի քանի երկրներ հասնում են իրենց նպատակներին, իսկ մյուսներն ամբողջությամբ անտեսում են դրանք։

Ի պատասխան,  ստեղծվեցին «կանաչ հիմնադրամներ»՝ ֆինանսավորելու մաքուր էներգիայի նախաձեռնությունները, ընդ որում, սա հանդիսանում է կլիմայական COP29 համաժողովի հիմնական նպատակը։ Ադրբեջանը, որպես ընդունող երկիր, պետք է ղեկավարի բանակցությունները, սակայն նրա շահերը տարբերվում են ոչ նավթ արդյունահանող երկրների շահերից, որոնք ապավինում են կանաչ ֆոնդերին մաքուր էներգիայի անցմանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը

Լուսանկարը` Azertac


Հանածո վառելանյութերը կազմում են Ադրբեջանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։ Ադրբեջանը նախատեսում է օգտագործել կանաչ ֆոնդերը ներքին արեւային էներգիան զարգացնելու համար, որպեսզի հանածո վառելիքը արտահանի: Նման քաղաքականությունը հակասում է  Էներգետիկ միջազգային գործակալության նախազգուշացմանը, որ հանածո վառելիքի նոր նախագծերն անհամատեղելի են կլիմայական նպատակների հետ։ Կլիմայի վրա ազդեցությունը մնում է անփոփոխ, մինչդեռ Եվրոպայում շարունակում է տեղ գտնել ադրբեջանական վառելիքը։

Ադրբեջանի կառավարությունն ակտիվորեն առաջ է քաշում իր կանաչ տեսլականը Լեռնային Ղարաբաղի համար՝ հայաթափված շրջանը նշելով որպես «կանաչ էներգիայի գոտի»: Բրիտանական նավթագազային ընկերությունն (BP) առաջինն էր, որ օգտվեց այս ներդրումային հնարավորությունից։ Ընկերության տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել Ադրբեջանի՝  Ղարաբաղը «կայուն զարգացման սիրտ» դարձնելու ջանքերը:

Այստեղ հարց է ծագում. արդյո՞ք Դեյվիդ Լամմիի կողմից Ադրբեջանի «ազատագրման» նարատիվի հաստատումը բիզնես գործարքի մաս է: Միջազգային հանցագործությունների մասին պնդումները անտեսվում են, իսկ Ադրբեջանում կանաչ ներդրումները կուժեղացնեն կլիմայի փոփոխությունների վնասները, այլ ոչ թե կնվազեցնեն այն:

Մեկ դարում ոչինչ չի բարելավվել: 1915-ի ցեղասպանության առաջին քայլը հայ վերնախավի բանտարկումն ու սպանությունն էր, քանի որ Գերմանիան եւ ԱՄՆ-ը միտումնավոր հակառակ այլ ուղղությամբ էին նայում:

Հաջորդ շաբաթ Բաքվում, մինչ պարոն Լամմին եւ մյուս առաջնորդները կխոսեն կլիմայական փոփոխության մասին, նրանք կանտեսեն  կանաչ ֆոնդերի օգտագործման կեղծավորությունը՝ հանածո վառելիքի արտահանումը խթանելու համար:

Ավելին, նրանք հերքելու են այն փաստը, որ 23 էթնիկ հայեր, այդ թվում՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներ, միջազգային հանցագործությունների զոհ են եւ բանտարկված են COP29-ի անցկացման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Թարգմանությունը՝  Լյուսիլ Ջանինյանի

Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին