Վազգեն Սարգսյան. Ամուր եղեք, փորձանքից հեռու, դուք մեզ պետք եք - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Ամուր եղեք, փորձանքից հեռու, դուք մեզ պետք եք
1058 դիտում

Վազգեն Սարգսյան. Ամուր եղեք, փորձանքից հեռու, դուք մեզ պետք եք


Մաս 10

Վայոց ձորի ճանապարհին ես մտածում էի, որ մենք բոլորս ամեն օր մեծ, շատ մեծ գայթակղության ենք ենթարկվում՝ առանց նույնիսկ գիտակցելու՝ օրվա իրադարձությունների մեջ մոռանում ենք ԺԱՄԱՆԱԿԸ:  Օրվա անելիքների մեջ տրոհելով ԳՈՐԾԸ, հաճախ կորցնում ենք հեռանկարը, և դա վտանգավոր է, որովհետև ի վերջո տանում է փակուղի: Որովհետև չիմաստավորված, սկզբունք, նպատակ ու խնդիր չհստակեցրած գործը դառնում է … զբաղմունք: Իսկ այդպես ոչինչ չի կառուցվում ու չի պաշտպանվում, այդպես մենք ակամա ինքնախաբեությամբ ենք զբաղվում, որի համար ևս լիովին պատասխանատու ենք ինքներս մեր ու մեր ժամանակի առաջ…

***

Եղեգնաձորի Ռելեի գործարանը, որ շահագործման էր հանձնվել 1998-ին, սեփականաշնորհված էր 60 տոկոսով, պարզվեց՝ փաստացի չի գործում: Նախկինում աշխատել է հիմականում ռազմական արդյունաբերության համար, ունի 509 ցուցակային աշխատողներ, 150-ն են աշխատում, միջին աշխատավարձը 20000 դրամ է, պարտքեր ունի կենսաթոշակային հիմնադրամին և բյուջեին: Ունի պատվերներ Ռուսաստանից, որոնք չի կարողանում կատարել: ՀՀ արդյունաբերության նախարարությունում քննարկվել է գործարանի ճակատագրի հարցը և որոշվել է օգնել վերագործարկմանը: Տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանը, ներկայացնելով իրավիճակը, այնքան բացահայտ էր ստում, որ նույնիսկ մենք, որ, բնականաբար, վարչապետի պես տեղեկացված չէինք, հասկանում էինք՝ խուսանավում է, թվերը խառնում: Վազգենը երկա՛ր, համբերատա՛ր լսեց, հետո այնպես բղավեց՝ «Հիմա ճիշտը ասա», որ ձայնագրիչը ձեռքիցս թռավ: Օդի մեջ բռնեց ձայնագրիչս, տվեց ինձ ու շրջվեց դեպի տնօրենը՝ առաջ անցի: «Էս մարդու ոսկորները չենք հավաքի, հիմա Վազգենը հերը կանիծի»՝ ասաց լրագրողներից մեկը: Բոլորիս տպավորությունն էր, որ տարաբախտ տնօրենը կյանքի վատագույն օրն է ապրում: Երբ մի կես ժամից նրա աշխատասենյակի դռները բացվեցին, Վազգենն ասաց.

-Ամեն ինչ պարզեցինք, Ռելեի գործարանը կաշխատի:

Տնօրենի անգույն դեմքը ապացույց էր, որ կաշխատի՝ իր հետ, թե առանց իրեն:

…Իրականում այդ պահը մխրճվել է հիշողությանս մեջ ոչ Ռելեի գործարանի կամ իր տնօրենի պատճառով՝ առաջին անգամ էի տեսնում Վազգեն Սարգսյանի ցասումը, որի մասին լեգենդներ էին շրջանառվում, թե զայրացած Վազգենը ինչե՛ր կարող է անել: Համոզված եմ, որ որքան էլ զայրացած, Վազգեն Սարգսյանը երբեք չէր կորցնում արդարության զգացումը և երբեք հունից դուրս չէր գալիս առանց հիմնավոր պատճառի: Նա չէր ստում և թույլ չէր տալիս, որ իրեն ստեն: Նա երբեք ու ոչ մեկին հենց այնպես չէր կասկածում ու համարում էր, որ կասկածի ժանգը չպիտի մեզ բաժանի իրարից: Ու հիմա ես իսկապես չգիտեմ՝ չէ՞ր սխալվում իր հավատի մեջ…

***

Գործարանի բակում վարչապետին էին սպասում երեք զինվորներ՝ Հունան Հունանյանը, Ահարոն Արամյանը և Արման Պողոսյանը, որ վիրավորվել էին մարզի պաշտպանության մարտերում: Նրանց բուժման և պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման հարցերը վարչապետը տեղնուտեղը հանձնարարեց Վայքի կորպուսի հրամանատար, գեներալ Յուրի Խաչատուրովին: Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանը խոստացվ զբաղվել նրանց ուսման և բնակարանների խնդրով:

***

Աշխատանքային այցի ութերորդ կանգառը Մալիշկայի ինքնահոս ոռոգման ջրագիծն էր: Մալիշկայի և Եղեգնաձորի պոմպակայանների իշխման տակ գտնվող հողերը ինքնահոս ջրելու նպատակով կառուցվում է 700 մմ տրամագծով մետաղական խողովակաշար՝ 16 կմ երկարությամբ և 0,45 մ/վրկ թողունակությամբ, որն ապահովում է 470 հեկտար հողերի ոռոգումը: Ջրագիծը լուծում է Մալիշկայի, Եղեգնաձորի մի հատվածի և Ագարակաձորի ոռոգման ջրերի հարցը: Արժեքն է 95000 դոլար, Համաշխարհային բանկը վարկ է տրամադրել շինարարության համար, որ սկսվել է 1999-ին ու մինչև տարեվերջ պիտի ավարտվի: Վարչապետը մանրամասն հետաքրքրվեց ջրագծի կառուցման ընթացքով, ծագած խնդիրներով ու խոստացավ բացմանը ներկա լինել:

***

Իններորդ կայանը, իհարկե, զորամասն էր՝ Վայքի զորամասը, որի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո վարչապետը նոր հանձնարարականներ տվեց, զրուցեց հրամանատարական կազմի հետ, ու… դարձյալ ժպտաց:



Չմոռացավ հանձնարարել, որ շրջակա դպրոցների շեֆությունը վերցնեն և զորանոցների պես բարետես ու բարեշեն դարձնեն: Երկար-երկար օրն ավարտվեց Ջերմուկում:

***

Վստահաբար միայն ես չեմ այդպիսին, բայց երբ ոտք եմ դնում Ջերմուկ, առանց որևէ պատճառի, ջերմությունս բարձրանում է մինչև 40 աստիճան: Գիտեի, բայց կարծում էի, որ այլևս չի կրկնվի: Կրկնվեց: «Գլաձոր» առողջարանի սենյակում միայնակ պառկած՝ սպասում էի՝ երբ ենք հեռանալու Ջերմուկից, որ ջերմությունս իջնի ու գոնե նորմալ քայլել կարողանամ: Մտածում էի, որ ինձ համար արգելված այս քաղաքը հանրապետության քարտեզում առողջարանի կարգավիճակ ուներ: Բնությունը ոչինչ չի խնայել: Ոչ գեղեցկություն, ոչ եզակի ջերմուկներ՝ հանքային ջրեր, որ ընդերքից բխում են Ցելսիուսի 20 աստիճանից տաք: Այս քաղաքի լեռներն ամեն առավոտ բարևում են իրար և մեկ-մեկ մոռանում են միմյանց բարևն առնել ու… ձգվում է տիեզերական լռությունը լեռներում: Երևանից 173 կիլոմետր է հեռու քաղաքը, որ առաջ մայրաքաղաքին էր միանում ավտոճանապարհներով ու օդային ուղիով: Քաղաքը, որ Արփա գետի վերին հոսանքում է, 2070 մետր բարձրությամբ լավային սարավանդի վրա է և հարուստ է նաև բնական հանածոներով:

…Վազգեն Սարգսյանն իմացել էր, որ ես «անհույս հիվանդ» եմ և մինչդեռ ես սպասում էի լուսաբացին, ուտելիքներով ու մի տոպրակ դեղերով իմ սենյակում հայտնվեց Մովսես Գեղանգուլյանը՝ «Վազգենն ասաց, որ ամեն ինչ պիտի ուտես ու դեղերն էլ պիտի խմես, որ վաղը լրիվ առողջ լինես: Ուզու՞մ ես հիվանդանոց տանեմ»: Ես ստիպված էի համոզել նրան, որ հենց Ջերմուկից դուրս գանք, առանց դեղերի էլ, ջերմությունս իջնելու է ու վաղը նորմալ մարդ կլինեմ: Ակնհայտորեն չհավատաց, բայց գնաց՝ ասելով. «Հենց վատանաս, ինձ կանչի»: Քնել չկարողացա, անընդհատ ջրի մեջ էի կորչում, երևի իմ կյանքում ամենաերկար ու դժվար գիշերներից էր: Լույսը բացվեց, ու ես երջանիկ էի, որ կիլոմետր առ կիլոմետր հեռանում ենք Ջերմուկից ու աստիճան առ աստիճան իջնում է ջերմությունս…

***

Տասներորդ կանգառը Որոտանի թունելի հիդրոհանգույցն էր: Որոտան-Արփա թունելի շինարարությունը սկսվել է 1981-ին, որպեսզի Սպանդարյանի ջրամբարից Որոտանի ջրերը տեղափոխվեն Կեչուտի ջրամբար և Արփա-Սևան թունելով լցվեն Սևան՝ նպաստելով ջրի մակարդակի գոնե պահպանմանը: Արփա-Սևան թունելը ունի 21.5 կիլոմետր երկարություն ընդամենը, մնացել է հաղթահարել 825 մետրը, բայց  տեղամասի երկրաբանական բարդությունները խանգարում են հորատանցումը, կավաշերտերը և ջրերն առաջացնում են ցեխային մեծ զանգվածներ և փլուզումներ: 1981-ի նախահաշվով շինարարությանը տրամադրվել էր 15 միլիոն ռուբլի: 1994-ին թունելի շինարարությունը դադարեցվել էր: 1997-ի աշնանը վերսկսվեց հորատանցումը: 1998 և 1999՝ յուրաքանչյուր տարում մեկ միլիարդ 200000 դրամ է տրամադրվել շինարարությանը, նախատեսվում է թունելն ավարտել 2000-ին, խորությունը 44 մետր է: Շինարարները նշում էին, որ երկարատև անգործության պատճառով թունելի մոտ 900 մետրը այսօր արդեն ենթակա է վերակառուցման: Վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ պատվիրակության մի քանի անդամների, լրագրողներից Վիկա Աբրահամյանի, հետ իջան թունելախորշ՝ տեղում ծանոթանալու աշխատանքային պայմաններին: Թունելախորշում արված ձայնագրությունից. ՙՀորատողները ստանում են մինչև 250000 դրամ, գետնի տակ աշխատողները ստանում են 100-120000 դրամ, գետնի վրա աշխատողները՝ 50-60000 դրամ: Հորատանցման մեկ մետրի գումարը 3 միլիոն դրամ է: Միայն այս տեղամասում աշխատում են 120 հորատանցողներ՚: Վազգեն Սարգսյանի արձագանքը.

«Առաջներում մարդկանց շքանշանների էին ներկայացնում այսպիսի աշխատանքի համար, սա զինվորականի աշխատանք է, հերոսական: Խոստանում եմ, որ 1999-ի ֆինանսավորումը ոչ մի օր չի ուշանա: 2000-ին աշխատանքները շարունակելու ենք անպայման: Քըրք Քըրքորյանը խոստացել էր թունելի աշխատանքների ավարտը ֆինանսավորել: Եթե նույնիսկ չֆինանսավորեց, գտնելու ենք գումար: Սա չափազանց կարևոր, մարտավարական նշանակության գործ է մեր երկրի համար, Սևանի, գյուղատնտեսության, էներգետիկայի: Պետական ամենալուրջ հովանավորությունն եմ խոստանում ձեզ: Ամուր եղեք, փորձանքից հեռու: Դուք մեզ պետք եք: Երկրին պետք եք ու երկիրն ամեն ինչ անելու է կիսատն ավարտելու համար: Անմիջական 30 աշխատողների աշխատավարձը 2000-ին կրկնապատկելու եմ: Հաջողություն բոլորիդ, բոլորիս»:

Վազգեն Սարգսյանի մասին նախորդ սյունակները կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/authors/12115/:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին