5438 դիտում

ԱԱԾ-ն բացահայտել է փաստաթղթեր կեղծող հանցավոր խումբ


Լուսանկարը` https://hy.wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից բացահայտվել է Հայաստանի եւ օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը «տեւական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող եւ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ»։

Այդ մասին ասված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել եւ համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով ՀՀ-ում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։

Բացի այդ, նույն եղանակով կեղծվել եւ Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների մի շարք քաղաքացիներին իրացվել են ՀՀ վարորդական վկայականներ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր եւ իրադարձություններ հավաստող՝ ծննդյան, ամուսնության, կրթության, բնակության վայրի եւ ավտոմեքենայի հաշվառման, ինչպես նաեւ այլ նմուշների կեղծ փաստաթղթեր, որոնք այնուհետեւ օգտագործվել են ՀՀ ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար։
Քրեական գործով կատարված խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները եւ ձեւաթղթերը, ինչպես նաեւ տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ ՀՀ եւ օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ առանձին  կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am