«Երկու մենություն». երկխոսում են Վարգաս Լյոսան եւ Գարսիա Մարկեսը - Mediamax.am

exclusive
1607 դիտում

«Երկու մենություն». երկխոսում են Վարգաս Լյոսան եւ Գարսիա Մարկեսը


Մարիո Վարգաս Լյոսան (ձախից առաջինը) եւ Գաբրիել Գարսիա Մարկեսը (աջից առաջինը)
Մարիո Վարգաս Լյոսան (ձախից առաջինը) եւ Գաբրիել Գարսիա Մարկեսը (աջից առաջինը)

Լուսանկարը` ANDINA/Melina Mejia

Մարիո Վարգաս Լյոսան եւ Գաբրիել Գարսիա Մարկեսը
Մարիո Վարգաս Լյոսան եւ Գաբրիել Գարսիա Մարկեսը
Երիտասարդ Մարիո Վարգաս Լյոսան
Երիտասարդ Մարիո Վարգաս Լյոսան
Երիտասարդ Գաբրիել Գարսիա Մարկեսը
Երիտասարդ Գաբրիել Գարսիա Մարկեսը
Ռուզաննա Պետրոսյանը
Ռուզաննա Պետրոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


1967-ի սեպտեմբերի 5-ին Լիմայում՝ Ազգային ինժեներական համալսարանում՝ մեծ լսարանի առաջ տեղի է ունենում գրողներ Մարիո Վարգաս Լյոսայի եւ Գաբրիել Գարսիա Մարկեսի զրույցը, որն ավարտին է հասցվում երկու օր անց։

 

Երկխոսությունը «Լատինամերիկյան վեպը» վերնագիրն է ստանում։ «Անտարես» հրատարակչությունը Ռուզաննա Պետրոսյանի թարգմանությամբ հրատարակել է «Երկու մենություն» գիրքը, որում տեղ են գտել նշանավոր երկխոսությունը ու դրա վերաբերյալ անդրադարձները։

 

Մեդիամաքսը զրուցել է ԵՊՀ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Պետրոսյանի հետ։

 

- 1967 թվականի այս հանդիպում-զրույցը նշանավոր է բարձրացված թեմաներո՞վ, թե՞ նրանով, որ «բեմահարթակում» անվիճելի մեծություններ են։

 

-Իմ խորին համոզմամբ` թե բարձրացված թեմաներով, թե նրանով, որ «բեմահարթակում» անվիճելի մեծություններն են: Եվ որքան էլ որ զրույցի կամ գրքի խորագիրը «Լատինամերիկյան վեպն» է, այնուհանդերձ, իսկույն հասկանում ենք, որ ոչ վեպը, եւ ոչ էլ Լատինական Ամերիկան, առավել եւս՝ լատինամերիկյան վեպը, միայն այն չեն, ինչի մասին այդ եւ հաջորդ օրը խոսեցին Վարգաս Լյոսան եւ Գարսիա Մարկեսը:

Ռուզաննա Պետրոսյանը Ռուզաննա Պետրոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Երկխոսության կարեւորությունն ու հանդիսավորությունը նույնպես պայմանավորված չէին սոսկ այն հանգամանքով, որ կենտրոնում երկու հսկաներ էին` «Հարյուր տարվա մենության», «Զրույց տաճարում», «Մի հայտարարված սպանության խրոնիկա» եւ «Աշխարհի վերջի պատերազմը» երկերի հեղինակները, այլեւ նրանով, որ այդ դարակեսը նաեւ քաղաքական աշխարհի փոփոխությունների ժամանակն էր, իսկ այդ երկու վիպասաններն այդ ամենի ականատեսն են եղել:

 

- Լատինամերիկյան գրականությունն իր դիրքերը պահպանում է մինչ օրս, նաեւ դրանո՞վ է պայմանավորված կես դար առաջ տպագրված այս երկխոսության նկատմամբ հետաքրքրությունը։

 

- Լատինամերիկյան գրականությունը եւ հատկապես` վեպը, իրավամբ կարող է համարվել համաշխարհային գրականության գոհարներից մեկը: Լատինամերիկյան երկրները` պատմական ճակատագրերի, լեզվի ընդհանրության, ռոմանական մշակույթի տարբեր, սակայն միանման երկրների խայտաբղետ խճանկար են, եւ ուրեմն` լատինամերիկյան փառահեղ արձակի շուրջ նույնիսկ կես դար առաջ տեղի ունեցած երկխոսությունը չէր կարող կորցրած լինել իր գրավչությունը:

 

- Մարկեսը հիմնականում հարցաքննվողի դերում է։ Բացի այն, որ «պատասխանները կարծես նրա գրպանում են», կարո՞ղ ենք ասել, որ զրույցի կենտրոնում, ինչպես եւ լատինամերիկյան վեպի բումի կենտրոնում Մարկեսն է եւ նրա «Հարյուր տարվա մենությունը»։

 

- Զերծ կմնայի նման որակումից, որովհետեւ, ըստ իս, թե՛ զրույցի, թե՛ լատինամերիկյան վեպի բումի կենտրոնում երկուսն են` Մարկեսը եւ Լյոսան: Վարգաս Լյոսան` արձակագիր-քննադատը, իր գրողական արվեստի բարձրագույն գիտակցության տերը եւ Գարսիա Մարկեսը, որը նողկում է տեսությունից, լավ չի մեկնաբանում ինքն իրեն եւ սեփական գրքերը:

Երիտասարդ Մարիո Վարգաս Լյոսան Երիտասարդ Մարիո Վարգաս Լյոսան

 

Եվ ինչպես իրավամբ նշված է գրքում, մի կողմից` Վարգաս Լյոսայի ինտելեկտուալ մեծահոգությունն է, պատրաստ` ստանձնելու հարցազրուցավարի դերը` գլխավոր դերը շնորհելով Գարսիա Մարկեսին, չնայած նրան, որ «Ռոմուլո Գայեգոսի» մրցանակը դեռ «տաք» էր իր ճամպրուկում, մյուս կողմից՝ Գարսիա Մարկեսի ամաչկոտությունն է, ինչն արտահայտվում է նրա` անխնա ժայթքող պոռթկումների ձեւով` սուր էպիգրամներով եւ աննպատակ թվացող չափազանցություններով:

 

 - Լատինամերիկյան վիպասանները մեծ լսարան ունեն ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում։ Ի՞նչ է տեղի ունեցել՝ իրենք էլ չգիտեն։ Մարկեսը կարծում է, որ կա իրական գործոն… Այսօր արդեն այս հարցի պատասխանն ավելի՞ որոշակի է։

 

-Եկեք չմոռանանք, որ մինչեւ Երկրորդ Աշխարհամարտը լատինամերիկյան գրականությունը գալիս էր Եվրոպայից եւ ոչնչով աչքի չէր ընկնում, իսկ պատերազմից հետո Եվրոպայի հետ կապը կտրվեց: 1940 թվականից սկսած Եվրոպայի ինտելեկտուալները սկսեցին արտագաղթել Լատինական Ամերիկա, հատկապես` Արգենտինա եւ Մեքսիկա, եւ տեղի գրականությունը սկսեց նորովի ներկայանալ: Լատինամերիկյան վեպի մասին արգելվում էր խոսել գաղութատիրական շրջանում` 15-19-րդ դարերի կեսը: Իսկ ահա 19-րդ դարի 20-40-ական թվականներին ձեւավորվեց ռեալիստական վեպը, որի կարեւորագույն առանձնահատկությունը Ամերիկայի յուրօրինակ պատկերումն էր, թեեւ հիմնականում կրկնօրինակում էին եվրոպացի գրողներին: Լատինամերիկյան վեպն ուշագրավ էր ոչ միայն իր յուրօրինակությամբ, այլեւ որովհետեւ նրանում կային մայաների, ացտեկների, ինկերի քաղաքակրթությունների տարրեր, ինչպես նաեւ տարածքների նվաճումից հետո կաթոլիկ կրոնի ազդեցությունը, տեղի ծեսերը, հավատալիքներն ու միֆոլոգիան:

 

Սրան հաջորդեց «նոր վեպի» կամ «նորարարական արձակի» շրջանը, երբ Միգել Անխել Աստուրիասը, Վարգաս Լյոսան, Խորխե Լուիս Բորխեսը, Ալեխո Կարպենտիերը, Էռնեստո Սաբատոն, Խուլիո Կորտասարը, Խուան Ռուլֆոն, Կառլոս Ֆուենտեսը եւ Գաբրիել Գարսիա Մարկեսը ճանապարհ հարթեցին ապագա գրողների եւ «լատինամերիկյան բումի» համար: «Լատինամերիկյան վեպը ծաղկում էր ապրում այն ժամանակ, երբ խեղդամահ էր լինում եվրոպական վեպը»,- ասում   են գրաքննադատները: Հիրավի, սկսած 1962 թվականից, ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռվեց լատինամերիկյան վեպի վրա: Ինքը` Մարկեսը կարծում էր, որ ամենակարեւորը գրողական կոչմանը հետեւելն է, եւ որ ընթերցողները դա հասկացել են։

 

- Նա նաեւ նկատում է, որ ցանկացած երկրորդական գործունեություն խանգարում է գրականությանը։ Բայց նրա դեպքում չէ՞ որ համատեղումը լավագույնս հաջողվել է։

 

- Այո, Մարկեսը նկատում է, որ լատինամերիկացի մեծ գրողները զբաղված են եղել նաեւ այլ բանով, եւ որ գրականությունը նրանց երկրորդական աշխատանքն է եղել: Նրանք գրում էին հոգնած, այսինքն՝ գրում էին այլ բանի վրա աշխատելուց հետո, իսկ հոգնած մարդը չի կարող գրել... Մարկեսը համոզված է, որ լավագույն եւ ամենահանգիստ ժամերը պետք է նվիրված լինեն գրականությանը: Մյուս կողմից, կոնկրետ իր դեպքում հաստատ գիտի, թե ինչու է գերադասում ապրել Կոլումբիայից դուրս… որովհետեւ Կոլումբիայում գրող դառնում ես մինչեւ գրելը, այսինքն` առաջին պատմվածքի տպագրելուց եւ դրա հաջողությունից հետո արդեն գրող ես, ձեռք ես բերում մի պատկառելիության լուսապսակ, որը խանգարում է աշխատելուն, բայց չէ՞ որ մինչ այդ բոլորն էլ ստիպված են եղել ապրել մութ կամ երկրորդական աշխատանքների հաշվին, որովհետեւ գրքերով չես կարող ապրուստդ հոգալ։

Երիտասարդ Գաբրիել Գարսիա Մարկեսը Երիտասարդ Գաբրիել Գարսիա Մարկեսը

 

Արտասահմանում այլ է։ Նույն Մարկեսը Փարիզում շիշ էր վաճառում, Մեխիկոյում հեռուստատեսային անանուն սցենարներ գրում, այսինքն` անում բաներ, որոնք, ըստ նրա, երբեք չէր անի Կոլումբիայում, իսկ արտասահմանում դա շատ հանգիստ է անում, որովհետեւ Կոլումբիայում լավ չգիտեն, թե գրողը ինչով է ապրում, կարճ ասած` Մարկեսն անում է այն ամենը, ինչը հնարավորություն է տալիս նրան գրելու գրքեր, միակ բանը, որ նրան իսկապես հետաքրքրում է։

 

- «Ես մտածում եմ՝ եթե ընթերցողը կարդում է որեւէ գրողի, ապա դա կարելի է բացատրել գրողի եւ ընթերցողի փոխադարձ նմանությամբ։ Ինձ թվում է մենք կարողացել ենք խփել ճիշտ նշանակետին»։ Ի՞նչ եք կարծում՝ մենք չե՞նք կարող մարկեսյան այս բանաձեւով առաջնորդվել եւ որոշակի տեղ ունենալ գրքի համաշխարհային շուկայում։ Թե՞ մեզ պակասում է «մոգական իրականությունը», որ հատուկ է այդ երկրին։

 

-Մարկեսի համոզմամբ` գրողների նմանությունը հենց նրանց տարբերությունների մեջ է։ Լատինամերիկյան իրականությունը տարբեր հայեցակետեր ունի, եւ գրողներից յուրաքանչյուրը փորձում է մեկնաբանել այդ իրականության տարբեր հայեցակետերը, որոնք էլ հատվում են միեւնույն կետում` վեպում, ահա թե ինչու «Հարյուր տարվա մենության» հերոսին կարելի է հանդիպել Հյուգոյի մոտ, ապա` Կարպենտիերի, Կորտասարի, Բորխեսի եւ այլն: Ըստ իս՝ մեծ տարածքների ժողովուրդներին հատուկ է լավ արձակը, փոքրերին` լավ պոեզիան: Չնայած հայ դասական եւ ժամանակակից գրականության բազբազանությանը, մենք, այնուամենայնիվ, չենք կարողացել «խփել ճիշտ նշանակետին»: Ինչ վերաբերում է մոգականությանը կամ մոգական ռեալիզմին, ապա վերջինս միմիայն լատինամերիկյան գրականության անկրկնելի մենաշնորհն է:

 

- Գրքի վերջում դուք անդրադարձել եք ապտակի պատմությանը, որը վերջ է դնում երկու անվանիների ընկերությանը։ Լյոսան Մարկեսին ապտակում է հրապարակայնորեն, բայց բուն պատճառը կարծես ստվերում է մնում։

 

-Հիրավի, երկու ընկեր, երկու գործընկեր, երկու տաղանդ եւ վերջապես, երկու եղբայր... Եվ մեկ ապտակ, որը գրողի ծոցն ուղարկեց այդ ամենը: Լյոսայի եւ Մարկեսի ընկերությունը սկիզբ էր դրվել դեռ վաթսունական թվականներին, իսկ հանրահայտ ապտակը, որով վերջ դրվեց երկու հսկաների մտերմությանը, տեղի ունեցավ Մեխիկոյում` Գեղարվեստի պալատի նախասրահում:

Մարիո Վարգաս Լյոսան եւ Գաբրիել Գարսիա Մարկեսը Մարիո Վարգաս Լյոսան եւ Գաբրիել Գարսիա Մարկեսը

 

Վարգաս Լյոսան ուժգին ապտակ հասցրեց Մարկեսին` ասելով. «Սա նրա համար, ինչ ասել ես Պատրիսիային»: Ոչ Մարկեսը, ոչ էլ Լյոսան երբեւէ չխոսեցին այդ մասին` սահմանափակվելով կարճ ֆրազներով: Լյոսան ասում էր` «Եկեք դա թողնենք պատմաբաններին», իսկ Մարկեսը` որ ամբողջ կյանքում կորցրել է ընդամենը մեկ ընկերոջ, կամ «Դա Մարիոյի խնդիրն է, նաեւ էն բամբասանքների, որոնցով Պատրիսիան լցրել էր նրա գլուխը»: Իրականության մասին խոսում էին միայն երկու կողմերին քաջատեղյակ մարդիկ` ակնարկելով, որ պատճառը Լյոսայի` սեփական կնոջ եւ Մարկեսի հանդեպ խանդն էր, ինչն էլ փորձել էին հարուցել այդ երկուսը` փորձելով խանդի միջոցով փրկել Լյոսայի եւ Պատրիսիայի ամուսնությունը` չհաշված նաեւ երկու գրողների միջեւ քաղաքական հակադիր կարծիքներն ու անառողջ մրցակցությունը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին