«Անուրջներ ու մղձավանջներ». 40 տարի անց Արտաշես Էմինը վերադարձել է Պոյին - Mediamax.am

exclusive
2277 դիտում

«Անուրջներ ու մղձավանջներ». 40 տարի անց Արտաշես Էմինը վերադարձել է Պոյին


Էդգար Ալան Պոն
Էդգար Ալան Պոն
Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Անտարես» հրատարակչությունը, Արտաշես Էմինի թարգմանությամբ, ներկայացնում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծ, արձակագիր ու քննադատ Էդգար Ալան Պոյի պատմվածքների ժողովածուն։ «Անուրջներ եւ մղձավանջներ» վերնագրի ներքո ամփոփված այս պատմվածաշարն առաջին անգամ լույս է տեսել 1982-ին՝ հարուցելով գրական շրջանակների զարմանքը՝ թե ինչպե՞ս կարելի է առաջին թարգմանությամբ անդրադառնալ Պոյին։ Սակայն Արտաշես Էմինը վստահեցնում է, որ Էդգար Պոյին թարգմանելիս՝ ոչ մի դժվարության չի բախվել։

 

- Վերանայեցի՞ք գիրքը, խմբագրման, շտկումների կարիք կա՞ր։

 

-Տեքստից մաքրել եմ այն ժամանակ շատ բնական թվացող ռուսիզմները։ Օրինակ՝ «իր մոտ առաջացավ զգացում» արտահայտությունը հայերեն չէ։ Իր մոտ՝ նշանակում է կողքից, իսկ զգացումը կողքից չի առաջանում։ Իբրեւ օրինակ եմ ասում։ Այն ժամանակ չէր նկատվում, հիմա աչք են ծակում նման սխալները, ինչ-որ աչքովս ընկավ, շտկեցի։

 

- Ինչո՞ւ որոշեցիք թարգմանել Պոյին։

 

-Որովհետեւ դուր էր եկել։ Ես թարգմանում եմ միայն ինձ դուր եկած գործերը։ Իսկ Պոյի պատմվածքները (20 տարեկան էի, բայց կարդացել էի 16-17-ում) տպավորվել էին, արտառոց էին, մանավանդ սովետի հեղձուցիչ, միաոճ մթնոլորտում շատ էին տարբեր։ Երբ գնում ես մի քաղաք, սիրուն շենք ես տեսնում, չե՞ս ուզում, որ բոլորը տեսնեն։ Թարգմանելը նույն կիսվելու զգացումն է։

 

- Ինչպիսի՞ն է Պոյի ազդեցությունը հայերենի, հայ գրողների վրա:

 

- Չարենցն, օրինակ, Պոյին շատ էր սիրում։ «Ագռավի» մի քանի թարգմանություն կար, թեեւ անհաջող։ Վերջինը, որ ամենահաջողվածն էր, երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի թարգմանությունն է։

 

- Պոյի գրականության ազդեցությունը կրել են համաշխարհային համբավ ունեցող գրողներ՝ Ֆրանց Կաֆկա, Ժյուլ Վեռն, Շերլոք Հոլմս, Սթիվեն Քինգ: Այս շարքը հավանաբար շարունակելի է։

 

- Պոյից ազդվել են բոլորը, ժամանակագրական առումով՝ ով եղել է նրանից հետո, չի խուսափել ազդեցությունից, որովհետեւ նա իսկապես հանճար է։

 

- Սարսափ կամ դետեկտիվ ժանրի համար կարո՞ղ ենք ասել, որ ժամանակագրություն չունեն, չեն հնանում։

 

- Ինքն է այդ ժանրերի հիմնադիրը, դետեկտիվ պատմվածքն ո՞վ է հնարել, մինչ նա չի եղել վերլուծական այդ մեթոդը։

 

- Ինչպե՞ս է այդքան հմտորեն վերլուծում ու բացահայտում դետեկտիվ պատմությունները։

 

-Այն ժամանակ կրթական համակարգը լավն էր. սովորում էին լատիներեն, հունարեն, ֆրանսերեն... Ինչքան շատ լեզու գիտես, այնքան վերլուծական կարողություններդ զարգացած են։ Եվ ինչպես «Աստվածաշունչն» է ասում՝ հանճարի ուղիները անմեկնելի են։ Օրինակ, Մոցարտը չէր կարող գրել «Լակրիմոզան», պարզապես իր միջոցով է գրվել։ Այսինքն՝ այս բաները վերլուծության ենթակա չեն։

 

- Իրավաբաններն օգտվո՞ւմ են դետեկտիվ գրականության առաջարկած հնարքներից։

 

- Դժբախտաբար, հանցագործներն էլ են օգտվում (ծիծաղում է-հեղ․)։

 

- Ասում էիք՝ թարգմանիչը մեկնաբանում է գործը դերասանի պես. լավ դերասանը պարզապես կերպարանափոխվում է, մտնում դերի մեջ։ Պոյին թարգմանելն ի՞նչ կերպարանափոխություն էր պահանջում։

 

- Եթե այսօր Պոն բժշկական հետազոտություն անցներ, հաստատ հոգեկան շեղումներ կաղտորոշվեին։ Ուստի նրան թարգմանելիս՝ պետք է մտնեիր այդ հոգեվիճակների մեջ։

Էդգար Ալան Պոն Էդգար Ալան Պոն

 

- «Էլեոնորա»-ն Պոյի սիրո պատմությունն է։ Նրա գործերում, առհասարակ, իրական հիմքեր կա՞ն։

 

- Այն մենն, ինչ հանձնել է թղթին, իր տեսած մղձավանջներն ու անուրջներն են։ Դրա համար էլ ես այդպես եմ վերնագրել գիրքը։

 

- Այդ թվում՝ իրակա՞ն դիպվածներ։

 

-Ինձ թվում է՝ նա չէր տարբերում իրականը երազներից։ Նա ալկոհոլ է գործածել, թմրանյութեր, մահացել է փողոցում, անտերության մեջ...

 

- Էդգար Պոն հայերեն բավարար չափով ներկայացվա՞ծ է։

 

- Բավական հայտնի է։ Ես նույնիսկ համացանցում գտա ընթերցումներ աուդիոգրքի ձեւաչափով։

 

- Գործեր կա՞ն, որ առանձնացնում եք։

 

- Այս գրքում չկա, բայց «Ագռավը» Մոցարտի «Լակրիմոզային» հավասար գործ է, նույն չափն է հանճարի։ Իհարկե, պատմվածքներն էլ հանճարեղ են։ Ես ընտրել եմ. դրանք հինգ անգամ ավելի էին։

 

- Պոն ի՞նչ կարող է տալ 21-րդ դարի ընթերցողին։

 

- Ազատության պատրանք, այսինքն մի բան, որ կատարելապես օտար է եւ անծանոթ, ու մեկ էլ հանկարծ հայտնաբերում ես։ Դա արդեն թռիչքի զգացում է տալիս։ Հանճարի դեպքում ժամանակագրությունը կապ չունի։ Կա դասական սահմանում. տաղանդը անում է այն, ինչ մյուսները չեն կարող, հանճարն անում է այն, ինչ մյուսները չգիտեն էլ։

Արտաշես Էմինը Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվից

Եթե ընթերցողը չկարդա, ուրեմն իր ճակատագիրը անհաղորդ մնալն է համաշխարհային գրականության ամենից կարեւոր դեմքերից մեկին, որից շատ բան առաջացել է, ոչ միայն գրականության մեջ, այլ ընդհանրապես ժամանակակից մարդու աշխարհայացքում։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին