Նավաբեկության աննախընթաց պատմություն կամ ժամանակակից Ռոբինզոնը - Mediamax.am

exclusive
1449 դիտում

Նավաբեկության աննախընթաց պատմություն կամ ժամանակակից Ռոբինզոնը


Յան Մարթելը
Յան Մարթելը
Դավիթ Սամվելյանը
Դավիթ Սամվելյանը

Լուսանկարը` Աննա Արզանյան


«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացնում է կանադացի գրող Յան Մարթելի «Պիի կյանքը» վեպը։ Նավաբեկությունից հետո օվկիանոսում գոյապայքար մղող հնդիկ պատանու մասին այս գիրքն արժանացել է Բուքերյան մրցանակի։ Անգլերենից թարգմանել է Շուշան Փայտյանը։

 

Մեդիամաքսի զրուցակիցը «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ, գրքի գիտական խմբագիր, արձակագիր Դավիթ Սամվելյանն է։

 

- Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Մարթելի այս վեպին։

 

- Բազմաշերտությունն էր նախ պատճառը եւ ընթերցողների տարիքային բավական լայն հատվածին տրված հնարավորությունը. գիրքը ե՛ւ 14 տարեկանին կարող է հետաքրքրել, կլանել, ե՛ւ ավելի հասուն ընթերցողին:

Դավիթ Սամվելյանը Դավիթ Սամվելյանը

Լուսանկարը` Աննա Արզանյան

Իր խորությանն ու դրամատիզմին զուգահեռ այն գրված է երկխոսող լեզվով, ինչը նպաստում է ծանրամարս, խորը նյութը խաղարկային, զրույցի մեթոդով ընթերցողներին հասցնելուն: Շնորհիվ թարգմանչի՝ այն հայերեն մեզ ներկայանում է նաեւ բավականին հարուստ ու գեղեցիկ, շատ դեպքերում նաեւ տարբերվող:

 

- «Պիի կյանքը» հրատարակվել է 2001-ին։ 2002-ին արժանացել Բուքերյան մրցանակի։ Գրքի համաշխարհային շուկայում պահպանե՞լ է իր դիրքերը։

 

- Այս պահին, օրինակ, Ամազոնի, այն է՝ անգլերենով ընթերցողների համար ամենամեծ գրախանութում գիրքը ‹‹Ծովային արկածներ›› բաժնում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Իսկ առհասարակ, տասնամյակ անց գրքին ‹‹երկրորդ կյանք›› տվեց համանուն ֆիլմը, ու մինչ հիմա շատերը ֆիլմի միջոցով են ճանաչում գիրքը, ֆիլմից գիրք անցումն ավելի գործուն է այս դեպքում:

 

- Պին շուրջ յոթ ամիս դիմակայում է օվկիանոսում (բենգալյան վագրի ընկերակցությամբ) իր գիտելիքների ու հնարամտությա՞ն շնորհիվ, թե՞ անվարան խառնվածքի ու նախախնամության։ «Կասկածը որպես կյանքի փիլիսոփայություն ընտրելը նման է անշարժությունը որպես փոխադրամիջոց ընտրելուն»։ Պիի մտքերից է։

 

- Ապրեց նախեւառաջ հույսի շնորհիվ: Որ պահին հույսը կորցնում էր, մոտենում էր վախճանին: Այս պարագայում հույսն ու հավատը, ողջ մնալու, չվախենանք ասել, մոլուցքը հաղթեցին կասկածին: Կասկածը առաջ է մղում գիտության մեջ, ոչ փրկության հարցերում: Կասկածի վրա կորցրած ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել:

 

Եթե անգամ մեկը գեղարվեստական գրականության սիրահար չէ, բայց հետաքրքրվում է կենդանիներով, ապա կունենա մի շտեմարան, ուր մանրամասնորեն նկարագրված են, վստահ եմ, շատերին անհայտ կենդանատեսակներ: Բայց, ըստ իս, Պիի կյանքը մեկ այլ առանձնահատկություն ունի: Այն ժամանակակից Ռոբինզոն Կրուզոն է՝ անգամ ավելի սուր շեշտադրումներով: Կղզուն փոխարինում է նավակը, հերոսն անհամեմատ անփորձ է եւ որպես ընկերակից Ուրբաթին փոխարինում է Ռիչարդ Պարկերը՝ անհամեմատ վտանգավոր մի կատվազգի: Հերոսն առավել խոցելի է բնության դեմ պայքարում:

 

- «Ես մի պատմություն գիտեմ, որը Ձեզ կստիպի հավատալ Աստծուն»․ այս խոսքերն են գրողին ստիպում գնալ Պիի պատմության հետեւից։ Ի՞նչ եք կարծում՝ այն ընթերցողին նո՞ւյնպես «ստիպում է» հավատալ Աստծուն։

 

- Աստծուն հավատալուց առաջ ընթերցողը նախ խնդիր ունի հավատալու հեղինակին: Յան Մարթելը դա շատ բացահայտ ցույց է տալիս գրքի վերջին գլխում, երբ մարդը մարդուն անգամ չի հավատում: Պատրանքի, սեփական երեւակայության եւ Աստծուն հավատալու հնարավորության տարբերակ է առաջարկում հեղինակը՝ հավաստիացնելով, որ ինքը հասել է աստվածճանաչողության: Եվ կարեւոր հարց կա, որ կարող է տալ ինքն իրեն ու հեղինակին ամեն ընթերցող. վերջիվերջո Աստվա՞ծ փրկեց Պիին, թե՞ Պին՝ ինքն իրեն: Պատասխանը մեկն է՝ Աստված չէր փրկի Պիին առանց նրա ապրելու ցանկության: Ակամայից մտքիս եկավ մի անեկդոտ՝ ծովում խեղդվողի եւ Աստծո ուղարկած օգնական միջոցների մասին:

 

- Պին պատանի հասակից առանձնացող կրոնական հայացքներ ուներ. հինդուիստ էր, քրիստոնյա եւ մահմեդական, ու կարծես չէր պատրաստվում ընտրություն կատարել։ Իբրեւ աստվածաբան՝ ինչպե՞ս կբացատրեք դավանաբանական այս մոտեցմանը։

 

- Շատերին կարող է ‹‹գայթակղության›› չափաբաժին տալ Պիի այս վարքագիծը, բայց կա կարեւոր կետ. պատանի Պին ոչ թե ուներ կրոնական հայացքներ, այլ փորձում էր ձեւավորել իր կրոնական հայացքները, ինչն օրինաչափ է այդ տարիքի մարդկանց դեպքում, որոնք մտնում են ‹‹մեծ կյանք›› ու աշխարհճանաչողության փուլում են: Նա փնտրտուքի մեջ էր ու չէր շտապում ընտրություն կատարել՝ կարեւորելով հավատի զգացողությունը որեւէ կրոնական ուղղության հետեւորդ լինելուց: Չմոռանանք, թե ինչ միջավայրում եւ ժամանակաշրջանում էր ծնվել. Հնդկաստանում, որտեղ ակտիվ էին միսիոներական տարբեր կազմակերպություններն ու գաղութատիրական շրջանից ի վեր մշակութային բազմազանություն էր տիրում, ազատագրական պայքարի շրջանում էր Պիի կյանքը եւ ազատությունների մասին գանդիական գաղափարներն էին առաջին պլան եկել։ Վերջիվերջո, Աստված մեկ է, նրան մոտենալու ճանապարհներն են տարբեր:

 

- Յան Մարթելն ասում է, որ գրականությունը իրականության կամընտրական ձեւափոխումն է։ Պիի կյանքը սակայն ներկայացնում է նրա խոսքով ու տեսանկյունից։ Այս պատմությունների մի մասը կարո՞ղ է վախից ու սովից առաջացած մտապատրանքի արդյունք լինել։ Ի դեպ, հեղինակը շատ է ճամփորդել, գուցե նաեւ դա՞ է օգնել՝ այսչափ վարպետությամբ այս պատմությունը վերապատմելուն։

 

- Կա կարծիք, որ հեղինակն օգտվել է երկու սյուժետային գծից, կամ գոնե կան համընկնումներ բրազիլացի գրող Մոասիր Սկլյարի ‹‹Մաքսը եւ կատվազգիները›› եւ Էդգար Ալան Պոյի ‹‹Արթուր Գորդոն Պիմի արկածների պատմությունը›› ստեղծագործությունների հետ: Եթե շատ ուզենք, կարող եք հիշել նաեւ Հեմինգուեյի ‹‹Ծերունին եւ ծովը››: Բայց այս ամենն ընդամենը հարցի երկրորդ մասի վերաբերյալ: Իսկ լավ գրականությունն, ըստ իս, այն է, երբ հեղինակը կարողանում է իր մտապատրանքը ներկայացնել որպես իրականություն:

Յան Մարթելը Յան Մարթելը

 

Պիի պատմածներին մտապատրանք որակումն էին տալիս նաեւ խորտակված նավի` բեռնափոխադրող կազմակերպության ներկայացուցիչները: Իսկ ի՞նչ եղավ, երբ Պին պատմեց նույն պատմությունը, որը, նրանց կարծիքով, ավելի արժանահավատ կարող էր լինել… Փակագծերը չբացեմ։

 

- Պին գտնում է, որ կենդանաբանական այգու պարսպապատված հարմարավետ վայրը նույնն է կենդանու համար, ինչ տունը մարդու համար։ Սա, իհարկե, սուբյեկտիվ մոտեցում է, եթե հաշվի առնենք, որ նրանց ընտանիքը սեփական գազանանոց ուներ։

 

- Ամեն դեպքում, հեղինակը կարողանում է բավականին հիմնավոր կերպով պաշտպանել իր տեսակետը: Այս հարցի կողմերը միշտ տարաձայնություններ ունեն: Վերջին շրջանում հարցը սրացում ստացավ նաեւ մեր երկրում՝ կապված կենդանաբանական այգու մի շարք կենդանիների անկման դեպքերի հետ: Ինչպես Էքզյուպերին կասեր՝ մենք պարտավոր ենք հոգ տանել նրանց մասին, ում ընտելացրել ենք: Սա է իմ մոտեցումը հարցին:

 

- «Մարդիկ մի վայրից մյուսն են տեղափոխվում ավելի լավ կյանքի հույսով»։ Սա նաեւ մի ընտանիքի արտագաղթի՞ պատմություն է։

 

- Ավելի լավ կյանքի, քանզի, ցավոք, լավ կամ վատ կյանքը որոշում են քաղաքական դեպքերն ու իրավիճակը, ինչը ներկայացված է նաեւ գրքում: Լավ կյանքից վատի անցումը, կարծում եմ, սկսում է այնժամ, երբ վերանում են, սահմանափակվում են մարդու հնարավորությունները, ստեղծելու եւ գործելու իրավունքները: Ահա այդ դեպքում է մարդը լքում անգամ հայրենի երկիրը, այդժամ է կյանքն ու հասարակությունը օտար դառնում մարդու համար: Այդ կոնտեքստում հասարակության կառուցվածքի, մարդկանց մոլորության ու կյանքի՝ իր հեշտությամբ եւ քաղցրությամբ կուլ տվող «բնավորության›› մասին շատ հետաքրքիր զուգահեռներ կան այն գլխում, որում ներկայացված են սպորատուների կղզին ու հենց սպորատուների վարքը:

 

- Եթե իրական պատմություն չլիներ գրքի հիմքում, կարելի էր մտածել, որ Պիի փրկության պատմությունը կյանքի դժվարություններին դիմակայելու ուղեցույց է, կենդանիների ու բնության դեմ պայքարն էլ փոխաբերություններն են։ Ի վերջո, կարելի է նաեւ ա՞յդ տեսանկյունից նաեւ գրքին։

 

- Միանշանակ: Գիրքը պայքարի եւ հաղթանակի, բնության եւ մարդու փոխհարաբերության, ծնող-երեխա հարաբերության մասին հետաքրքիր այլընտրանքային ձեռնարկ է, որը չի կորցնում իր այժմեականությունը՝ վեր հանած հարցերի եւ տեղեկությունների առումով:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին