Նա այնտեղ էր, որտեղ պայքար կար. Մոնթեի «Պայքարելու իրավունքը» - Mediamax.am

exclusive
8200 դիտում

Նա այնտեղ էր, որտեղ պայքար կար. Մոնթեի «Պայքարելու իրավունքը»


Մոնթե Մելքոնյանը Քարվաճառի ազատագրումից առաջ, 1993 թ. ապրիլ, Մոնթե Մելքոնյանը Քարվաճառի ազատագրումից առաջ, 1993 թ. ապրիլ
Մոնթե Մելքոնյանը Քարվաճառի ազատագրումից առաջ, 1993 թ. ապրիլ, Մոնթե Մելքոնյանը Քարվաճառի ազատագրումից առաջ, 1993 թ. ապրիլ

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի

Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1992 թվականի հոկտեմբերին
Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1992 թվականի հոկտեմբերին

Լուսանկարը` Սեդա Գպրանյան-Մելքոնյանի արխիվից

Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1993 թվականի ապրիլին
Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1993 թվականի ապրիլին

Լուսանկարը` Սեդա Գպրանյան-Մելքոնյանի արխիվից

Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1993 թվականի ապրիլին
Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1993 թվականի ապրիլին

Լուսանկարը` Սեդա Գպրանյան-Մելքոնյանի արխիվից


«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա»։ Մոնթեի Մելքոնյանի 1981-1991թթ. գրած աշխատությունները, հոդվածները եւ նամակները ամփոփող «Պայքարելու իրավունքը» գիրքը ընթերցողի սեղանին է։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակությունը։ Թարգմանիչը Վահան Մկրտչյանն է, խմբագիրը՝ Արամ Թոփչյանը։ Հրատարակության է պատրաստել գրող, գրականագետ Արմեն Սարգսյանը։ Մոնթե Մելքոնյանին նա տալիս է ազնիվ պայքարող բնորոշումը։

 

- Նա այնտեղ էր, որտեղ պայքար կար: Իր ամբողջ կենսագրությունն այդ պայքարի արտահայտությունն է, եւ այդ պայքարն էր, որ նրան տարավ ընդհատակ, բանտ։ Արցախյան պատերազմը եղավ այն ուղենիշը, դեպի որը նա գնաց, որին նվիրեց իր կյանքի երեւի ամենակարեւոր փուլը։

 

- Մոնթե Մելքոնյանի նամակաների, հոդվածների այս ժողովածուն բավական ուշ է մեզ հասել։ Մինչ այս հրատարակվե՞լ է։

 

- Այս գիրքը սկզբնապես հրատարակվել է անգլերեն, որովհետեւ իր կյանքի առաջին հատվածում Մոնթեն հայերենին վարժ չէր տիրապետում: Ֆրանսիական բանտերում, որտեղ նա տարիներ անցկացրեց, արգելում էին օտարալեզու նամակագրությունները, եւ Մոնթեն հաճախ գրում էր նաեւ ֆրանսերեն, նյութերն ուղարկում ընկերներին:

 

Նախորդ հայերեն հրատարակությունը եղել էր 2003 թվականին: Սա վերանայված հրատարակություն է: Ի դեպ, Սեդա Գպրանյանն շատ է հավանել, ինչի համար ուրախ եմ:

 

- Մոնթեի խորհրդածություններն ինչո՞վ են առանձնանում։ Առհասարակ, ի՞նչ է ասում գիրքը Մոնթեի մասին։

 

- Հետաքրքրական է, որ մարդկանց մեջ զինվորականները հաճախ տպավորվում են որպես միմիայն զենքով մարտնչողներ եւ որպես մտածողներ նրանց դրոշմումը մեզնում վրիպում է: Մոնթեն մտածող էր, մտավորական: Ուրարտագիտություն ուսումնասիրելու տարիներին նա համոզվել էր, որ բնիկներն ունեն համերաշխ կեցության վաստակած իրավունք, որը խախտում եւ ոտնահարում է թուրքական պետության զավթողական քաղաքականությունը:

 

Այս նամակագրությունները արժեքավոր են հայերի պայքարի, դրա ուղիների ներկայացման դիտանկյունից, որովհետեւ ցույց են տալիս Թուրքիայի տարածքում փակված հայկական տարածքներից բռնագաղթած հայերի ինքնորոշման իրավունքը: Մոնթեն հավատում էր, որ, այո, հնարավոր է Արեւմտյան Հայաստանում ստեղծել հայկական պետություն, քաղաքական իշխանություն եւ ցույց էր տալիս այն ճանապարհը, որը տանելու էր փափագելի հանգրվանին:

 

- Ի՞նչ կարող է տալ գիրքը մերօրյա եւ գալիք սերնդին։

 

- Կարծես կարիքը կա Մոնթեի նման կերպարների հենքով կառուցելու մեր տեսլականը, որտեղ Հայաստանը անկախ է նաեւ իր տնտեսությամբ: Նա կարծում էր, որ կարելի է գոյատեւել, զարգանալ, մնալ իսկապես անկախ, երբ հզոր ես բոլոր ոլորտներում։

 

***

 

Հայացքը բացակա էր, միտքը՝ դեպի ազատագրվող տարածքները

 

«Պայքարելու իրավունքը» գրքի կազմին պատկերված է Մոնթե Մելքոնյանը՝Քարվաճառի ազատագրումից առաջ (1993 թ. ապրիլ): Լուսանկարի հեղինակը Զավեն Խաչիկյանն է։

 

- Ինչո՞ւ է հենց այս լուսանկարը գրքի կազմին։

 

- Կազմին լուսանկարից մի դետալ է, որ կտրել են ու դարձրել դիմանկարային լուսանկար։ Դրա իրավունքը հրատարակչությունն ունի։ Թե ինչու են ընտրել հենց այդ պատկերը, դժվարանում եմ ասել։ Մյուս լուսանկարներն ավելի տարածված են, տեսնված, սա Մոնթեի չհրատարակված, քիչ հայտնի լուսանկարներից է։ Պատճառներից մեկը, հավանաբար, դա է։

Մոնթե Մելքոնյանը Քարվաճառի ազատագրումից առաջ, 1993 թ. ապրիլ, Մոնթե Մելքոնյանը Քարվաճառի ազատագրումից առաջ, 1993 թ. ապրիլ Մոնթե Մելքոնյանը Քարվաճառի ազատագրումից առաջ, 1993 թ. ապրիլ, Մոնթե Մելքոնյանը Քարվաճառի ազատագրումից առաջ, 1993 թ. ապրիլ

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի

- Ինչպե՞ս է ստեղծվել լուսանկարը։ Շա՞տ լուսանկարներ ունեք Մոնթեից։

 

- Պատերազմը, Մոնթեին լուսանկարելը հերոսություն չէ (էլի եմ խոսել այս մասին), ուղղակի պատիվ եմ ունեցել նրա հետ մի քանի օր անցնելու ազատագրման ճանապարհներով։ Որքան հիշում եմ նրան, ուրիշ լուսանկարներում էլ, հայացքը միշտ բացակա էր, կտրված մեր իրականությունից, միտքը դեպի ազատագրվող տարածքները, խորհրդանշորեն ասած՝ դեպի մեր ապագան։ Մոնթեից շատ լուսանկարներ չունեմ (ընդհանրապես շատ չեմ նկարում): Ես չէի գնացել լուսանկարելու պատերազմը, ես գնացել էի մի պահ զինվորի կողքին լինելու, իմ ուսին էլ հրացանը չէր, լուսանկարչական սարքն էր։ Բոլոր այդ դրվագներում, ես ու ընկերս՝ երջանկահիշատակ Ռուբեն Մանգասարյանն էինք։ Ռուբենի մոտ մի պահ Մոնթեի տեսախցիկն էր. տվեց, ասաց՝ կուզեք, մի երկու բան արձանագրեք։ Մի քանի վտանգավոր իրավիճակներով անցանք, որոնց հիմա չանդրադառնամ։ Մոնթեն չկա, իմ լուսանկարը հայտնվում է գրքի կազմին, ես ձեզ հարցազրույց եմ տալիս... խնդիրը դա չէր, որ գնամ, հետո ինչ-որ բաներ պատմեմ, ինչպես շատ շատերի մոտ նկատեցի այս վերջին պատերազմում։ Դա իմ լուսանկարչության փիլիսոփայությանն ու էսթետիկային դեմ է, բայց ուրախ եմ, որ Մոնթեի կողքին եմ հայտնվել ու որոշ պատկերներ ունեցել եմ։

 

Այսօր բոլորն ուզում են ինչ-որ բան պատմել, ինչը դեմ էր այն ժամանակվա բարոյականությանն ու բարոյախոսությանը։ Մոնթեի լռությունը կարծես պատասխանում է այդ ամենին։

 

- Լուսանկարչությունը հնարավորություն տալի՞ս է բացահայտել ներաշխարհը, մարդուն։

 

- Այդ տերմիններից պետք է հրաժարվել, բուն լուսանկարչության էությունը ուրիշ մի բանում է: Բայց քանի որ հարցը տվել եք, ասեմ. ո՞վ եմ ես, որ բացահայտեմ Մոնթեին, պատերազմի գաղտնիքները։ Ես պրոֆեսիոնալ լուսանկարիչ եմ, որ գիտի այդ մասնագիտության զսպվածության գաղտնիքը, չափը, իրավունքները եւ այլն։ Ես ենթադրություններ եմ անում՝ հիշելով իմ զգացողությունը, որ նկարում երեւում է կամ չի երեւում։ Այն է՝ Մոնթեի մեր այս բամբասկոտ կենցաղից կտրված լինելու փաստը։

 

Քարվաճառն ազատագրելուց հետո շարունակվում էին ռազմական գործողությունները, զինվորները գյուղեր էին ազատագրում, կային զոհեր, վիրավորներ, գերիներ։ Պատերազմում հումանիզմ բառը կիրառելի չէ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է հակառակորդը վարվում գերիների հետ։ Բայց այն ժամանակ Մոնթեի պրոֆեսիոնալիզմն ու հակառակորդի նկատմամբ հարգանքը մի ուրիշ բան էր ասում։ Դա էլ մի ուրիշ փոքրիկ դաս էր, որ հասկանալի էր դառնում Մոնթեի մեկ-երկու ժեստից, հրամանից։

 

***

 

Մոնթեի արածները առասպել չէին, այլ մարդկային որակ   

 

Գրքի նախաբանը հեղինակել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կինը՝ սփյուռքահայ գրականագետ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը, ում համաձայնությամբ եւ հրատարակվել է գիրքը։ Մեդիամաքսի հարցերին նա պատասխանել է ԱՄՆ-ից՝ հեռավար։

 

- Մոնթե Մելքոնյանի մտավախությունը, որ անկախանալու դեպքում Հայաստանը կարող է դառնալ հարեւան գիշատիչների զոհ, ցավոք, ինչ-որ չափով, իրականացավ։ 2020-ին կորցրինք Արցախի զգալի մասը, մեր երկրի անկախությունն էլ վտանգված է։

 

- Նախ ասեմ, որ այս գրքում տպագրված ամենավաղ հոդվածը գրվել է 1981-ին։ Մոնթեն այդ ժամանակ շատ էր գրում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Հայաստան» պաշտոնաթերթի համար։ Սակայն այս հոդվածների մեծ մասը գրվել է, երբ ապրում էր ընդհատակում՝ խիստ գաղտնի պայմաններում, այսինքն՝ 1984-ից մինչեւ իր ձեռբակալությունը՝ 1985-ը։ Վերջին հոդվածները գրված են բանտում (1985-1989)։ Պայմանները սկսել էին արագ փոխվել։ 1988-ին ես ԵՊՀ-ի ուսանող էի եւ օրագրության նման գրում էի իրեն, թե ինչ է կատարվում Հայաստանում. Խորհրդային Միության փլուզման ընթացքը սկսվել էր։ Գաղտնիք չէ, գրքի առաջաբանում էլ եմ նշել, որ Մոնթեն առաջադիմական մարդ էր, կողմնակից էր ընկերվարական (սոցիալիստական) սկզբունքներին եւ բնավ չէր հավատում դրամատիրությանը (կապիտալիզմին)։ Նա գիտեր, որ առաջադիմական սկզբունքները հարգելով՝ կարելի է ստեղծել Հայաստան, որը կծառայեր ժողովրդին։

Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1992 թվականի հոկտեմբերին Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1992 թվականի հոկտեմբերին

Լուսանկարը` Սեդա Գպրանյան-Մելքոնյանի արխիվից

Երբ առաջին անգամ Հայաստանի անկախության կոչերը հնչեցին Oպերային հրապարակում, Մոնթեն շատ ցավոտ հոդվածներ գրեց։ Նրան վախեցնում էին այդ կոչերը։ Նա ինձ գրեց՝ վերջիվերջո ի՞նչ է անկախ պետությունն այսօր. անկախ պետություն կնշանակի Ալբանիայի նման երկիր, ո՞վ կուզի այդպիսի անկախություն։ Այդ ժամանակ Ալբանիան դրսի հետ բացարձակապես կապ չուներ. ո՛չ պարտք էր առնում, ո՛չ պարտք տալիս, այսինքն՝ կախված չէր որեւէ երկրից, հետեւաբար, իսկապես անկախ, բայց փակ երկիր էր։ Ուրեմն, Մոնթեի մտավախությունն այն էր, որ ուզես, թե չուզես, որեւէ երկիր կախված է իր շուրջը գտնվող երկրներից, եւ Հայաստանի նման փոքր երկրի համար հանկարծակի նման կոչեր հնչեցնելը վտանգավոր էր։ Նրա կանխատեսումները շատ կշռադատված էին, Մոնթեն պատմաբան էր, նաեւ չափազանց վերլուծող միտք ուներ. գիտեր՝ ինչը ուր կտանի մեր երկիրը։

 

«Պայքարելու իրավունքը» գրքի առաջին հրատարակությունը լույս տեսավ, երբ Մոնթեն դուրս էր եկել բանտից, եւ երկուսով ապրում էինք Արեւելյան Եվրոպայում, դարձյալ՝ ընդհատակյա պայմաններում։

 

- 90-ականների ազատամարտը հաղթանակով պսակվեց առաջամարտիկների, եւ հենց Մոնթեի շնորհիվ։ Ի՞նչ եք կարծում՝ եթե նա կենդանի լիներ, կունենայի՞նք դեպքերի այսօրինակ ընթացք։

 

- Չեմ կարծում։ Ես չեմ կարող ասել, թե այն ժամանակ ամեն ինչ լավ էր, հարթ էր, ամեն ինչում բոլորն իրար հետ համաձայն էին։ Բայց կային մարդիկ, որ գիտեին՝ որն է առաջնահերթությունը, կարողանում էին նպատակ դնել իրենց առաջ ու կառուցողական քննարկումներ անել թեկուզ ղեկավարության հետ, ու այդպես հաջողության հասան։ Այն ժամանակ էլ միշտ չէ, որ աջակցություն էին ստանում գործողություններ անելու համար։ Ես հիշում եմ, որ Ճարտարի ճակատից հուժկու հարձակման ենթարկվեց Մարտունին: Այդ օրերին եւ՛ Շահումյանն ընկավ, եւ՛ Մարտակերտը։ Մոնթեն մեծաքանակ ուժեր չուներ։ Զինամթերքն էլ հիմնականում գալիս էր Ադրբեջանից, եւ նա խիստ պատվիրել էր՝ տանկերը, հրասայլերը այնպես խոցել, որ կարողանան նորոգել ու գործածել։

Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1993 թվականի ապրիլին Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1993 թվականի ապրիլին

Լուսանկարը` Սեդա Գպրանյան-Մելքոնյանի արխիվից

Ազատամարտի հաղթանակի համար մեծ դեր խաղացին կամքի ուժն ու համոզվածությունը, որ սա մեր երկիրն. կամ պետք է մեռնենք, կամ պահենք։

Անշուշտ, այդ ժամանակ շատ-շատերի համար բանակն առաջնահերթություն էր։ Ես հիշում եմ՝ ինչ ուրախությամբ Նոր տարվա գիշերը բոլորին մսեղեն մատուցվեց։ Նրա սեղանին չէիր տեսնի մի բան, որ տարբերվում էր զինվորների ուտելիքից։ Դեռ ավելի վատ էր։ Օր է եղել սեղանին հաց ու կարագ է եղել, իսկ Մոնթեն կարագ չէր ուտում։ Ես եմ խոհարարին խնդրել՝ դոշա՞բ էլ չունեք, տաք իրեն (ծիծաղում էին, անեկդոտի պես պատմում դա)։ Նման նվիրվածություն կար տղաների մեջ նաեւ, որովհետեւ նայում են՝ հրամանատարն ինչպիսին է, ուզում են ընդօրինակել։

 

Մոնթեի արածները առասպել չէին, այլ մարդկային որակ (զոհողություն, նվիրվածություն, հոգատարություն, քաջալերանք), որ ազդեցություն ունեցավ բանակի վրա։

 

Կար գիտակցում, որ սա մեր սահմանն է։ Մի անգամ հիշում եմ, Նոր տարվա գիշերը դիրքեր գնացինք։ Դիրքերից մեկի վրա խրամատը խորը չէր փորված։ Նա տղաների հետ սկսեց փորել խրամատը, ասաց՝ սա Հայաստանի՛ սահմանն է, սա՛ է սահմանը մեր, այսինքն, այստեղ չպետք է հասնի թշնամին...

 

- Գրքում ներկայացված քաղաքական հայացքները (մասնավորապես՝ Հայաստանի անկախությանը վերաբերող) տարաձայնությունների առիթ չե՞ն տվել։

 

- Իհարկե, եղել են տարաձայնություններ որոշ ընկերների հետ։ Ինչ վերաբերում է ինձ, ես մեծացել եմ Դաշնակցության վերահսկողության ներքո գտնվող գյուղի մեջ՝ Անջարում։ Երբ շատ փոքր էի, ասում էին՝ դա Հայաստան չէ. քանի որ Խորհրդային Միության կազմում է։ Ես միայն Հայաստանում սովորելու գալով՝ սիրեցի Հայաստանը։ Այդ օրերին ասում էին՝այս չկա, այն չկա, բայց առաջնահերթությունները, կյանքի որակը շատ տարբեր էին։ Ինձ զարմացնում էր՝ ինչպես իմ ընկերուհիներից ոմանք չեն գիտակցում՝ ինչքան շատ բան է տալիս իրենց այդ երկիրը, ինչը, օրինակ, ես, իմ ծնողները, քույրերը Լիբանանում չունեինք։

Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1993 թվականի ապրիլին Մոնթեն եւ Սեդան Մարտունիում 1993 թվականի ապրիլին

Լուսանկարը` Սեդա Գպրանյան-Մելքոնյանի արխիվից

Բնականաբար, Հայաստանում ապրելը օգնեց, որ ինքս հակվեմ առաջադիմական գաղափարներին։ Մոնթեն (եւ ես) առաջադիմական ընդունում էինք, որ Խորհրդային միությունը լեցուն է սխալներով: Մենք երկուսս էլ հավատում էինք, որ կարելի է սրբագրել այդ սխալները եւ ոչ թե մոռանալ ամեն բան, մոռանալ այն ամենն, ինչ կառուցվել է ու գնալ դեպի դրամատիրություն։

 

- «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Մոնթե Մելքոնյանի այս ուղերձը զգուշացո՞ւմ էր, մտավախությո՞ւն, թե՞ կանխատեսում։

 

- Բոլորը միասին։ Նույնիսկ Արեւմտահայաստանի մասին զրույցների ընթացքում ասում էր՝ Սեդա, մենք միայն մեծ-մեծ խոսում ենք` այս ենք ուզում, այն ենք ուզում, բայց մինչեւ մենք այդ հողի վրա չլինենք ու չպայքարենք-չպարտարդենք մեր ներկայությունը, ոչնչի չենք կարող հասնել։

 

Նա հավատում էր, որ, այո, Արցախում պետք է ժողովուրդը մնա: Երբ ուզել են Մարտունուց կանանց ու երեխաներին հեռացնել, նա դեմ է եղել, ասել է ռազմաճակատից պետք է հեռացնենք, պետք է մնան ապահով գյուղերում, բայց շրջանը չլքեն, որովհետեւ սա բոլորիս երկիրն է:

 

- Ի՞նչ կարող են տալ Մոնթեի գաղափարներն ու սահմանումներն այսօր, երբ շրջադարձային ու ոչ շահեկան փուլ է մտել մեր երկրի պատմությունը։

 

- Ես հույս ունեմ, որ Մոնթեի մտածելակերպին ծանոթանալով՝ գալիք սերունդը ինչ-որ չափով կգիտակցի առաջնահերթությունները, որ հսկայական առեւտրային կենտրոններ, առանձնատներ, փայլուն ինքնաշարժեր, թանկարժեք զարդեր ունենալը ոչ երջանկություն է տալիս, ոչ՝ հայրենիք։ Առաջնահերթության հարց է. մարդիկ կարծում են, որ ինչքը իրենց երջանկություն է բերում։ Ինչքը երբեք երջանկություն չի բերում: Մոնթեն եւ ես Արեւելյան Եվրոպայում շատ աղքատ ապրած մարդիկ էինք, բայց ամենաերջանիկ մարդիկ էինք, որոնց ես երբեւէ հանդիպել եմ:

 

- Շա՞տ են անտիպները։ Հետագա հրատարակությունների մասով կա՞ն պայմանավորվածություններ։

 

- Անտիպներ, այո, կան։ Ամենալավ գործերից մեկը, որ որոշ ժամանակ առաջ հավաքեցինք, «Ինքնաքննադատությունն» է։ Իմ կարծիքով՝ ամենալավ գործերից մեկն է, չափազանց անկեղծ է գրված, եւ հույս ունեմ, որ առիթ կընծայվի այդ գրքույկը հրատարակելու։

 

- Հայաստանյա՞ն հրատարակության մասին է խոսքը։

 

-  Ներկայումս որոշակի ծրագիր չկա այդ գրքի համար։ Ընդամենը հայերեն եւ անգլերեն տարբերակները համակարգչիս մեջ են եւ պատրաստ հրատարակության։

 

Անկեղծ ասած, ես շատ բախտավոր եմ, որ Մոնթեի մայրիկը հրաշալի արխիվ պահող կին էր։ Մոնթեի բոլոր նամակներն ինձ է տվել։ Հարյուրավոր նամակներ ունենք Մոնթեից (առավել՝ ինձ ուղղված նամակներ), որ հսկայական աշխատանքի կարիք ունեն եւ ապագայի լավ ծրագիր կարող են դառնալ։

 

Մոնթեի չհրատարակված հարցազրույցը կա. 1990 թվականին միջնորդեցի, որ Հայաստանում հրատարակվող «Մունետիկ» թերթը հարցազրույց աներ, որը սակայն չի տպագրվել։ Կա նաեւ մի բնապահպանական հոդված, որն անտիպ է։

 

Մոնթեի արխիվի մեծ մասը Հայաստանի իմ տանն է։ Տարիներ առաջ մեզ ժամանակավոր, շատ խոնավ տարածք է տրվել քաղաքապետարանից։ Արխիվի մի մասն էլ այնտեղ է։ Պետք է տեղափոխենք։ Բայց, ինչպես նշեցի, ամենակարեւոր նյութերն իմ տանն են։

 

- Կարելի՞ է ասել, որ այս գրքով բացահայտվում է նաեւ Մոնթեի մահվան առեղծվածը։

 

- Գիտեք, Մոնթեի մահվան հետ կապված ասեկոսեները շատ են։ Ես սիրում եմ փաստերով խոսել։ Մեր ունեցած փաստերն ասում են, որ ադրբեջանական զրահամեքենայից են կրակել, ու բեկորը նրա քունքին է կպել։ Այդ բեկորն ինձ մոտ է։ Մինչ այժմ մեր ունեցած տվյալներն այս են։

 

- Գրքի կազմի նկարի մասին ի՞նչ կասեք։

 

- Հոյակապ նկար է․Մոնթեի ով լինելն, իսկապես, երեւում է։ Այդ օրը Զավեն Խաչիկյանը եւ լուսահոգի Ռուբեն Մանգասարյանը Քարվաճառում էին եւ հրաշալի լուսանկարներ էին արել։

 

- «Վերնատան» աշխատանքը հավանո՞ւմ եք։

 

-Այո, իրենք ինձ դիմեցին՝ գիրքը հրատարակելու առաջակով եւ շատ բծախնդիր աշխատեցին։ Նկատեցի, որ հարգանքով էին վերաբերվում Մոնթեի գրություններին։ Գիտեք, անկախ այն բանից, մարդիկ իրար հետ համաձայնում են, թե՝ ոչ, կարեւոր է հարգանքը։ Մարդիկ իրավունք ունեն կարծիք ունենալու, կարեւոր է չհայհոյել, չվարկաբեկել, հարցի լուծումները գտնել քննարկելով, վերլուծելով: Մոնթեն շատ էր սիրում քննարկել հարցերն իր ընկերների հետ։ Այս գրքում տեղ գտած հոդվածներում էլ քննարկումներ կան նամակների միջոցով։ Հետեւաբար, հուսամ, որ դա էլ օրինակ կծառայի, որ չհամաձայնել՝ չի նշանակում իրար հայհոյել, իրար ատել։

 

Քանի որ հաճախ են ԱՄՆ-ից հարցնում՝ ինչպես ձեռք բերել գիրքը, ուզում եմ նշել, որ գիրքը կարելի է պատվիրել արտերկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից՝ դիմելով հրատարակչությանը։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին