Ֆրոյդի գաղափարներն ընդհանրացնող «Ես-ը եւ Այն-ը» - Mediamax.am

exclusive
4928 դիտում

Ֆրոյդի գաղափարներն ընդհանրացնող «Ես-ը եւ Այն-ը»


Լուսանկարը` Gaia Rampon

Զիգմունդ Ֆրոյդը
Զիգմունդ Ֆրոյդը
Գագիկ Պետրոսյանը
Գագիկ Պետրոսյանը
Գրքի շապիկը՝ Մկրտիչ Մաթեւոսյանի
Գրքի շապիկը՝ Մկրտիչ Մաթեւոսյանի

«Բանք» եւ «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները ներկայացնում են Զիգմունդ Ֆրոյդի «Ես-ը եւ Այն-ը» աշխատությունը։ Գերմաներենից թարգմանությունը Մարիամ Թորոսյանինն է` գիրքը հայերեն ներկայացվում է առաջին անգամ։

 

Ծանոթագրությունները եւ վերջաբանը՝ Գագիկ Պետրոսյանի։ Նրա խոսքով՝ «Ես-ը եւ Այն-ը» Ֆրոյդի մինչ այդ եղած բոլոր ստեղծագործությունների խտացումն է։

 

 -Դուք նշել եք, որ «Ես-ը եւ Այն-ը» բավական հեռու է գիտական աշխատության սովորական ձեւից, եւ ընթերցողի մոտ հարց է առաջանալու՝ ի՞նչ է ինքը կարդում։ Ինչում է այս աշխատության առանձնահատկությունը։

 

- Ֆրոյդի հոդվածների, աշխատությունների մեջ կարելի է առանձնացնել մի քանի շերտ՝ կլինիկական, որտեղ հիվանդության նկարագրություններ են, թերապիական, որ ցույց է տալիս հոգեթերապիական մեթոդի եւ տեխնիկայի առանձնահատկությունները, եւ մետահոգեբանական շերտը, որ ներկայացնում  է հոգեվերլուծության հիմքում ընկած հոգեբանությունը։

 

Գրքի շապիկը՝ Մկրտիչ Մաթեւոսյանի Գրքի շապիկը՝ Մկրտիչ Մաթեւոսյանի

 

Իսկ այս աշխատությունը նա համարում է հայեցական, ընդհանրացնող, այսինքն, այն ամենը, ինչ մինչ այդ նա ստացել է, գաղափարները, որ ստեղծել է, այստեղ խտանում-միանում են։ Սա է «Ես-ը եւ Այն-ը» աշխատության առանձնահատուկ դերն ու նշանակությունը։

 

Բոլոր դեպքերում, երբ ասում ենք՝ գիտական չէ, նկատի ունենք, որ գիտական չէ իր ժամանակներում ընդունված գիտականության չափանիշների տեսանկյունից։ Գիտականությունն ինչ-որ չափով արհեստական է, պայմանավորվածության արդյունք. պայմանավորվում են՝ ինչն է գիտական, ինչը՝ ոչ գիտական։ Բայց Ֆրոյդը ստեղծում է իր սեփական չափանիշներն ու խոսում այնպիսի երեւույթների մասին, որոնք հնարավոր չէ վերլուծել ոչ միայն նրա ժամանակների, այլեւ այսօրվա գիտական մեթոդաբանության (նկատի ունենք բնագիտական՝ ֆիզիկա, քիմիա, որին ձգտում էր նմանվել հոգեբանությունը) տեսանկյունից։ Ֆրոյդը ցույց տվեց, որ հոգեբանությունն իրականում չի կարող տեղավորվել մի մեթոդաբանության շրջանակներում, եւ այս առումով ֆրոյդյան տեսությունն՝ ընդհանրապես, եւ մասնավորապես՝ «Ես-ը եւ Այն-ը» աշխատությունը ցույց են տալիս հոգեբանության լայնությունը՝ մեթոդաբանական առումով։

 

- Այս գրքով Ֆրոյդը նաեւ շտկո՞ւմ է նախորդ աշխատություններում առաջ քաշած գաղափարները։

 

- Իհարկե, ինչ-որ ճշգրտումներ կան, բայց Ֆրոյդը շատ անգամներ նշում է, որ իր տեսությունը զարգացող տեսություն է, եւ ամեն գաղափար, հասկացություն ճշգրտվում է նորանոր փորձառության տվյլաների հիման վրա։ Բոլոր դեպքերում, նա նշում է նաեւ, որ էական ոչ մի բան չի փոխվում  նախկին ասածի համեմատ, այլ լրացվում է եւ ճշգրտվում։ Այս աշխատության մեջ կարծես ամբողջականանում  է հոգեկանի գործառման պատկերը։ Երեւի թե սա կարող ենք համարել ֆրոյդյան հոգեբանության մետահոգեբանական համակարգը։

 

- Գրքի վերջաբանում նշում եք, որ ֆրոյդյան հայեցակարգը տարբերվում էր իր ժամանակի ակադեմիական հոգեբանությունից, մեջբերում եք նաեւ հակադիր տեսակետները։ Մեր ժամանակներում հոգեբանությունը շարունակո՞ւմ է զարգացնել ֆրոյդյան  տեսությունն ու  հայեցակարգերը։

 

- Ցավոք, հոգեբանության մեջ շարունակականություն ընդհանրապես չի դիտվում։ Ամեն նոր եկող փորձում է ստեղծել նոր հոգեբանություն՝ հրաժարվելով նախորդից։ Սա շատ բացասական է անդրադառնում հոգեբանության վրա։ Ֆրոյդն իր «Սիրողական հոգեբանության խնդիրը» աշխատության մեջ գրում է, որ յուրաքանչյուր գրող, պատմաբան, փիլիսոփա կարող է ստեղծել իր հոգեբանությունը, քանի որ այս ոլորտում բացակայում են հեղինակությունները, որոնց ոչ թե կուրորեն կհավատանք, այլ կընդունենք, ինչպես ֆիզիկայում՝ Նյուտոնին, Գալիլեյին եւ այլն։

 

Գագիկ Պետրոսյանը Գագիկ Պետրոսյանը

 

Այս առումով, իհարկե, Ֆրոյդից հեռացվածություն կա, Ֆրոյդի տեսությունը, հայեցակարգը արժեքավոր է միայն հոգեվերլուծողների շրջանակներում, որոնք իրենց  համարում են Ֆրոյդի ուսմունքի շարունակողը։ Հայաստանում նույնպես քիչ է կարեւորվում հոգեվերլուծությունը, որովհետեւ բարդ է ու ժամանակատար` եւ՛ հասկանալը, եւ՛ կիրառելը։ Դրա փոխարեն Եվրոպայում, Ամերիկայում մշակվել են մեթոդներ, որոնց կարելի է տիրապետել, ասենք, 3 ամսում ու 2-3 շաբաթ կիրառելով՝ ստանալ որոշակի արդյունք։ Այդ արդյունքն իրակա՞ն է, թե՞ ուղղակի երեւացող, սա արդեն այլ հարց է։ Փաստն այն է, որ մեր օրերում Ֆրոյդի տեսությունը, գաղափարները կիրառում են ավելի շատ մշակութաբաներն ու փիլիսոփաները, քան հոգեբաները։ Հոգեբանությունը շատ բան է կորցնում դրանով։

 

- Ֆրոյդի կենսագրությունը ի՞նչ ազդեցություն է ունեցել նրա տեսությունների վրա։ Հայտնի է, որ նա ինքն իր վրա հիպնոս է կիրառել, թմրադեղեր է գործածել, կյանքն ավարտել է էֆթանազիայով եւ այլն։

 

- Գրքի վերջաբանում կենսագրական տվյալներ չենք նշել, որովհետեւ, իմ համոզմամբ՝ մարդու կենսագրությունը կարեւոր է, բայց կենսագիրները, պատմիչները, ամեն մեկը գրում է իր տեսանկյունից, ներկայացված դեպքերը, փաստերը մեր կողմից ստուգելի չեն։ Այո, կան տեղեկություններ այն մասին, որ Ֆրոյդը կոկաին է գործածել, էֆթանազիայով է կյանքն ավարտել, բայց, եթե մենք հոգեվերլուծությունը համարում ենք գիտություն, պետք է ընդունենք, որ այն կտրված է Ֆրոյդի անձից, հակառակ դեպքում՝ նրա գրվածքները պետք է համարենք գեղարվեստական ստեղծագործություն։

 

Զիգմունդ Ֆրոյդը Զիգմունդ Ֆրոյդը

 

Իհարկե, հակված չենք այդպես մտածելու, որովհետեւ այն ժամանակ շատերը կարող էին ինքնահիպնոս կիրառել, թմրադեղ ընդունել (թմրադեղերը՝ որպես ցավազրկող միջոցներ, ազատ վաճառքում կային), բայց միայն Ֆրոյդը եկավ որոշակի եզրահանգումների, որովհետեւ նա գիտնական էր, ֆիզիոլոգ, զբաղվում էր նյարդային համակարգի, իսկ հետո նաեւ հոգեկանի ուսումնասիրությամբ։ Եվ, կարծում եմ, նրա աշխատությունների համար ավելի մեծ դեր է խաղացել գիտական գործունեությունը, քան անձնական կյանքը։

 

- Ի՞նչ կտա գիրքը ընթերցողներին։

 

- Գիրքը կարող է նպաստել ընդհանուր զարգացվածությանը, եթե խոսում ենք ոչ մասնագետների մասին։ Գուցե ունենա որոշակի նշանակություն` պատկերացնելու համար, որ մեր դրսեւորումների հիմքում կարող են ընկած լինել հոգեկան գործոններ, որոնք մենք բացարձակապես չենք գիտակցում։ Ցավոք, հոգեկան իրականությանը մեր օրերում մեծ տեղ չի հատկացվում, նույնիսկ պետական կենսագործունեության մեջ կարեւորում են ֆինանսական, տնտեսական եւ այլ գործընթացները, իսկ հոգեկան իրականությունը մղվում է հետին պլան կամ ընդհանրապես չի դիտարկվում։

 

Լուսանկարը` Gaia Rampon

Իսկ մասնագետներին այս աշխատությունն անհրաժեշտ է մասնագիտական մտահորիզոնի ընդլայնման առումով։ Որքան շատ տեսություն լինի հոգեբան-մասնագետի ինտելեկտուալ զինանոցում, այնքան նրա միտքն ավելի ճկուն կլինի, առավել արդյունավետ կհակազդի իրավիճակին, որովհետեւ հոգեբանությունն իրավիճակային, անհատական մոտեցման կողմնակից է։ Ամեն անհատ առանձին էակ է, չի կարելի ընդհանուր օրինաչափությամբ դիտարկել, բայց, բոլոր դեպքերում, տեսություններն ընդհանուր օրինաչափություններ դուրս են բերում։ Այսինքն, եթե գիտենք տարբեր տեսություններ՝ ունենք բազմաթիվ գործիքներ, եթե ունենք մեկ գործիք, դրանով ենք լուծելու բոլոր խնդիրները, որոնք գուցե այդ գործիքի լուծելիք խնդիրները չեն։

 

Արմինե Սարգսյան

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին