Զեյթունցյանի «Արշակ Երկրորդը» եւ զուգահեռը Փաշինյանի հետ - Mediamax.am

exclusive
9014 դիտում

Զեյթունցյանի «Արշակ Երկրորդը» եւ զուգահեռը Փաշինյանի հետ


Պերճ Զեյթունցյանը
Պերճ Զեյթունցյանը
Պերճ Զեյթունցյանը
Պերճ Զեյթունցյանը

«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպի նոր հրատարակությունը: Մեդիամաքսի հետ զրույցում հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ ստեղծվել է մատենաշար, որի նպատակը վերահրատարակություններն են, ներկայացվելու է բազմաճյուղ գրականություն: «Առաջին քայլը պատմավեպերի հրատարակումն է, եւ դրանց շարքում Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» իր շատ կարեւոր դերն ունի: Պատմավեպը տպագրել ենք ճիշտ այնպես, ինչպես գրել է Պերճ Զեյթունցյանը՝ հավատարիմ մնալով նաեւ իր ուղղագրությանն ու կետադրությանը: 

 

 -Ի՞նչ սկզբունքով են վերահրատարակվում խորհրդային տարիներին  լույս ընծայած գրքերը: 

 

- Մեր հասարակության մեջ կա տարածված կարծիք, որ խորհրդային տարիներին բոլոր գրքերը գրվել են գաղափարական որոշակի պարտադրանքով: Մենք մոռանում ենք խիզախ գրողների, եւ ընդհանրապես, գրականության մասին, որ ունակ է ճեղքել ցանկացած գաղափար: Ես այն համոզման եմ, որ խորհրդային տարիներին ունեցել ենք փայլուն գրականություն, եւ վերահրատարկություններով գաղափարայնության այդ կաղապարը պետք է շատ գործերի  վրայից հանել: Խոսքը հատկապես պատմավեպի ժանրին է վերաբերվում: 

 

 

 

Քանակական հաշվով մեր պատմավեպի ծաղկումը, ըստ էության, խորհրդային շրջանում էր. Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի, հետագայում նաեւ Վիգեն Խեչումյանի, Պերճ Զեյթունցյանի, Վարդան Գրիգորյանի, Արմեն Մարտիրոսյանի պատմավեպերը բավական են այս ժանրի շուրջ դիսկուրս ստեղծելու համար: Գրվել են փայլուն պատմավեպեր: Մյուս կողմից, պատմավեպն իրականության մասին այլ լեզվով խոսելու ժանր է: Դրա միտումը կար եւ՛ խորհրդային շրջանում, եւ՛ Հայաստանի անկախության սկզբնական շրջանում: Այնպես որ, պատմավեպի ստեղծումը տվյալ ժամանակահատվածում շատ կարեւոր ծածկագրեր է պարունակում, եւ մեր խնդիրը պետք է լինի նաեւ այդ ծածկագրերը բացահայտելը:

 

-Միեւնույն պատմական իրողությունը պատմիչները, նաեւ գրողները հաճախ տարբեր կերպ են մեկնաբանում: Այս համատեքստում՝ ինչո՞վ է առանձնանում Զեյթունցյանի «Արշակ Երկրորդը»:

 

-Արշակ Երկրորդի կերպարին, Արշակավանի ֆենոմենին անդրադարձել են Րաֆֆին՝ «Սամվել» վեպում, Ստեփան Զորյանը՝ «Հայոց բերդը» վեպում, Լևոն Խեչոյանը՝ «Արշակ արքա. Դրաստամատ ներքինի» վեպում: Կարելի է ասել՝ չարչրկված թեմա է: Մեր դասական պատմավեպի ֆենոմենը ո՞րն է. վերցնել պատմական մի շատ կարեւոր իրադարձություն կամ պատմական մի շատ կարեւոր անհատ, եւ այդ անհատի գործունեության շրջանակում դիտարկել պատմությունը: Շատ հաճախ մեր պատմավեպերում գլխավոր հերոսները իդեալականացվել են՝ «Վարդանանքի» Վարդան Մամիկոնյանը, Րաֆֆու «Սամվելը», Մուրացանի «Գեւորգ Մարզպետունին» եւ այլն:  

 

Պերճ Զեյթունցյանը Պերճ Զեյթունցյանը

 

 

Պերճ Զեյթունցյանը գրեց բարոյական պատմավեպ, որի խնդիրը ոչ միայն արքայի, տվյալ ժամանակաշրջանի պատմական անցքերի գնահատումն է, այլեւ այն, թե ժողովրդին առաջնորդող մարդու բարոյահոգեբանական կերպարը ինքանո՞վ է ազդում տվյալ ժողովրդի ճակատագրի վրա: Եվ այս առումով՝ Արշակ Երկրորդը շատ հետաքրքրական կերպար է մեր պատմության մեջ: Չգիտեմ՝ Պերճ Զեյթունցյանն իր այս կերպարը ստեղծելով ու՞մ է նկատի ունեցել, ի՞նչ ակնարկներ է արել, բայց, այնուամենայնիվ, մենք ստացել ենք պատմությունը նորովի վերլուծող պատմավեպ, որը զերծ է «կլիշեներից»:

 

-Այս վեպում մենք տեսնում ենք նաեւ բոլորովին ուրիշ Սամվել: 

 

 -Շատ կարեւոր է Զեյթունցյանի պատմավեպը նաեւ այն առումով, որ բանավեճ կա մեր նախընթաց շրջանի պատմավիպասանության հետ: Օրինակ՝ «Արշակ Երկրորդում»   Սամվելի կերպարն իր բնույթով ուղղակի հակասության մեջ է մտնում Րաֆֆու կերտած Սամվելի հետ: Եթե Րաֆֆու Սամվելը ներկայանում է որպես հայրենիքը ամեն ինչից վեր դասող կերպար, Զեյթունցյանի մոտ՝ Սամվելը քաղքենի կերպար է, ով իր տոհմում ունի բազմաթիվ հայտնի մարդիկ, եւ ում նպատակը պատմության այդ հոլովույթում անմահ մնալն է:  Դրա համար նա պատրաստ է ամեն ինչի՝ հայրենասիրության քողի տակ: 

 

-«Արշակ Երկրորդը» կարդալիս վերարժեւորում ես անցյա՞լը, պատմական իրադարձություննե՞րը, թե հենց քո ժամանակը: Բազում զուգահեռներ կարելի է բերել մեր օրերի հետ:

 

- Երբ մենք նախատեսում էինք «Արշակ Երկրորդի» հրատարակումը, Թավշյա հեղափոխությունը դեռ չէր եղել: Բայց հիմա, երբ լույս տեսավ եւ ես վերընթերցեցի, հստակ մեսիջներ տեսա նաեւ այսօրվա համար: Գուցե սուբյեկտիվ ընկալում է. Արշակ Երկրորդի կերպարը շատ նման է Նիկոլ Փաշինյանի կերպարին: Տեսեք, Արշակավանի հիմնումը՝ որպես ընդդիմություն նախարարական մյուս տների, եւ հզոր պատնեշ՝արտաքին թշնամիներ դեմ, շատ նման է թավշյա հեղափոխության հռչակած սկզբունքներին: Գուցե զուգահեռը դուր չգա այսօրվա հեղափոխականներին, որովհետեւ Արշակավանում հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր հանցանք էին գործել, դժգոհ էին տերերից: Հետագայում այդ սկզբունքը ծառայեց հենց Արշակի դեմ: 

 

Ահա այդ տագնապը կա Զեյթունցյանի վեպում, որ հեղափոխության ժամանակ հռչակած սիրո, համերաշխության եւ այլ սկզբունքները կարող են շատ արագ ծառայել հեղափոխության դեմ:

 

- Իսկ կարո՞ղ ենք նայել այն տեսակետից, որ Արշակավանը ազատ, միաբան ու հզոր Հայաստանի խորհրդանիշն էր, որին չկարողացավ հասնել Արշակը: 

 

-Կարելի է ասել՝ տեսլական էր, որը նախեւառաջ իր սխալ քաղաքականության պատճառով կործանվեց: Որքան էլ հռչակում ես դեմոկրատական սկզբունքներ, այնուամենայնիվ, պետությունը դատապարտված է ունենալ «օլիգարխներ», ամենատարբեր պետական ինստիտուտներ, որոնց հետ չես կարող հաշվի չնստել: 

 

- «Ես ուզում եմ ի՛մ կողմը լինել»: Արքայի այս բողոքը իրեն պարտադրված երկընտրանքի մասին է. կամ պետք է Պարսկաստանի կողմը բռնի, կամ Բյուզանդիայի: Ի՞նչ կասեք այս մասին:

 

-Դա էլ, եթե պատմության ընթացքի զուգադրությամբ նայենք, մեր ժողովրդի բնական ձեւավորված ճակատագիրն է եւ մեր արտաքին քաղաքականության բարդույթը՝ մշտապես  ընտրություն կատարել երկու աշխարհաքաղաքական միավորումների միջեւ: 

 

Պերճ Զեյթունցյանը Պերճ Զեյթունցյանը

 

 

Ինչ էր ուզում անել Արշակը՝ ստեղծել ուժեղ հայկական պետականություն, բայց ստիպված էր բախվել մի կողմից բյուզանդամետների, մյուս կողմից՝ պարսկամետների ներքին կռիվներին: Նույն խնդիրը այսօր կա Հայաստանում: Երկրի ղեկավարը գնում է  Ռուսաստան, ակտիվանում են եվրոպամետները, գնում է Եվրոպա, ակտիվանում են ռուսամետները: Սակայն այստեղ անձի դիրքորոշում չկա, երբ դու պետության ղեկավար ես, քո կողմնորոշումները, անձնական համակրանքն ու հակակրանքը պետք  է փոխարինվեն պետական շահերով: Այս տեսակ պատմավեպերը նաեւ դրա համար են. ի՞նչ է տվել մեզ ինչ-որ մի թեւի ենթարկվելը: 

 

***

 

«Իր ամենասիրած գործն էր»

 

Պատմավեպի մասին զրուցել ենք նաեւ գրողի դստեր՝ Զարմինե Զեյթունցյանի հետ: 

 

- Ինչո՞վ է առանձնանում «Արշակ Երկրորդը»:

 

- Այս վեպը կարդացել եմ մի քանի անգամ, տարբեր տարիքում՝ ամեն անգամ ավելի խորությամբ ընկալելով այն: «Արշակ Երկրորդը» միայն պայմանականորեն է պատմավեպ, իրականում, այն իր ժամանակից առաջ ընկած մարդու մասին է, ով տարբերվում է իր շրջապատից, խախտում է բոլոր ստատուս-քվոները։ Արշակը ուզում էր, որ ժողովուրդը չմտածի միայն գոյատեւման մասին, այլ ստեղծարար լինի, կառուցող, դեպի ապագան նայող: Բայց նրան մեղադրում էին իրենց դարավոր «անդորրը» խանգարելու համար:

 

-Ի՞նչ կարող է ասել այն այսօրվա ընթերցողին:

 

-«Արշակ Երկրորդը» բոլոր առումներով  նաեւ այսօրվա մասին է: Կարո՞ղ եք ասել՝ ինչը այսօրվա մասին չէ, ի՞նչը արդիական չէ այս վեպում: 

 

-Ի՞նչ հիշողություններ ունեք կապված վեպի խորհրդային հրատարակության հետ, արձագանքների:

 

-Հիշում եմ, ինչպես էին ժամանակին հորս քննադատում պատմական փաստերը աղավաղելու, թագավորին ոչ հարիր դրվագներ ներկայացնելու համար (խոտի դեզի մեջ  ինտիմ տեսարան կա): Նույնիսկ նամակ էին գրել Կարեն Դեմիրճյանին: Հայրս շատ հարվածներ ստացավ թե՛ քննադատներից, թե՛ կառավարությունից։ Ի վերջո, նա այս վեպով ոչ միայն խախտել էր պատմավեպի բոլոր կանոնները, այլ թագավորին ներկայացրել էր որպես մեզնից մեկը, որպես մարդ՝ վախերով, կրքերով, թուլություններով, ցանկություններով: Դրա համար էլ ես միշտ ասում եմ, որ այս վեպի ժամանակը դեռ գալու է:  

 

-Հետաքրքիր է՝ ի՞նչ էր ասում գրողն իր վեպի մասին:

 

-Միայն գիտեմ, որ իր ամենասիրած գործն էր: 

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին