exclusive
3424 դիտում

Շան բախտն, անփոփոխ մարդն ու իրական հերոսների ճակատագրերը


Լուսանկարը` Frank Andree

Մհեր Իսրայելյանը
Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken


Մհեր Իսրայելյանի «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատվածքների ժողովածուն հուշերի ու երեւակայության տիրույթ է, որտեղ կողք-կողքի տեղավորվում են ընտանիքի անդամներ ու ընկերներ, գեներալներ ու երեխաներ: Գիրքը, որի շնորհանդեսը կայացել էր 2017թ. հոկտեմբերին, եւ խաղաղության, եւ պատերազմի մասին է:

Մհեր Իսրայելյանը 12 տարի ռազմադիվանագիտական աշխատանքի բերումով ապրել է Բելգիայում: Ստեղծագործել սկսել է հոր՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի մահից հետո: Նրա առաջին «Մինչեւ մեռնելն ապրել է պետք» գիրքը հրատարակվել է 2015-ին:

- «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» գրքի առաջաբանում նշել եք, որ պատմվածքներից յուրաքանչյուրի վերնագիրը Ձեզ հավասարաչափ հոգեհարազատ է ու ազատորեն կարող է զարդարել գրքի շապիկը: Շատ բազմազան են թեմաները՝արյան կանչ, պատերազմ, խաղաղություն, ազատության ձգտում…Այնուհանդերձ, բոլոր պատմվածները կարծես թե կապված են մեկ ընդհանուր թելով:

- Պատմվածքները կառուցված են քառորդդարյա ժամանակահատվածում (90-ականերից մինչեւ վերջին տարիները) խտացած ընկալումների, տարբեր զգացական տպավորությունների հիման վրա: Այդ առումով՝  թեմաները շատ բազմազան են, իմաստային բովանդակությամբ՝  ընդգրկուն, քանի որ մարդու կյանքում քառորդ դարը մի հսկայական ժամանակահատված է, հազար ու մի բան կարող է պատահել: Ինչ վերաբերում է պատմվածքների միջեւ եղած կապին, ապա ես հեղինակ եմ, ինչ գրում եմ, մեկը մյուսի հետ կապված են: Իմ ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել: Ընթերցողն ավելի ճիշտ կզգա: Եթե իբրեւ ընթերցող տեսնում եք այդ կապը, ուրեմն այդպես է:

Մհեր Իսրայելյանը Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Գրել եք նաեւ, որ պատմվածքները ստեղծվել են հուշերի ու երեւակայության հիման վրա: Ավելի անկանխատեսելի է  երեւակայությո՞ւնը, թե՞ կյանքն ինքը:

- Երեւակայությունը անսահման է, անսպառ, մինչդեռ իրականության մեջ, երևի թե, կան սահմաններ՝ թեկուզ արհեստական, մարդու կողմից հնարված: Գրողի կոչումը հենց դա է՝ երեւակայությամբ հաղթահարել սահմաններն ու ընթերցողին տանել մի ուրիշ աշխարհ:

- Ըստ այդմ՝  կուզեիք, որ կյա՞նքը նմանվեր գրականության մեջ արտացոլված իրականությանը, թե՞ գրականությունը՝ կյանքին:

-Դժվար հարց է, մեկը մյուսին, երևի, լրացնում են: Առանց իրական կյանքի գրականությունը չէր ծնվի: Դժվարանում եմ միանշանակ ասել:

- «Տաթոն» պատմվածքի համանուն հերոսուհին Արցախի մի մասնիկն էր, ու բոլորը  փորձում էին փայփայել այդ մասնիկը, շոշափել, գուրգուրել այն:

- Այդ պատմվածքը համարյա ամբողջությամբ իրական դեպքերի վրա է հիմնված, իսկ ինչը  իրական է, ավելի է դիպչում մարդու սրտին: Պատմվածքի աղջիկը՝ Տաթոն հենց Արցախն է, տղան՝ Հայաստանը, նրանք փայփայում են մեկը մյուսի ընկերությունը:

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken


-Իրականում տղան Դուք էիք:

-Այո՛, իրականում ես էի:

-«Աչքերդ բաց» պատմվածի հերոսները՝ Բեգոն, Աշոտը, Լորիսը ամեն մեկը մի պատճառով մեկնել է պատերազմի դաշտ. մեկն իր կոշիկի, երկրորդն իր կացնի, երրորդն էլ իր հնարամիտ խմբագրի ձեռը կրակն ընկած: Այդ տղաները հայտնվում են թշնամու ծուղակում՝ առանց հույսի նշույլի: Ձեր գործում մեղադրանք կա՞, թե՞ չկա: Ո՞վ է, ի վերջո, իրական հերոսը: Մի տեսակ նուրբ ու անտեսանելի է շեշտադրումը:

- «Աչքերդ բաց» պատմվածքի հերոսները իրական մարդիկ են: Տարբեր պատմություններ են, սակայն ես միավորել եմ մի թեմայի շուրջ: Իրականում նրանք իրար չեն էլ ճանաչում: Մեղադրանք չկա, որովհետեւ ցանկացած մարդ ծնվել է ապրելու համար, ուզում է ապրել ու քչերն են բնույթով մարտիկ: Հերոսները ծնվում են, իհարկե, պատերազմի ժամանակ: Հայրենասիրական պոռոտախոսությունները, ամպագոռգոռ հայտարարությունները շատ դեպքերում ցուցամոլության կամ մեկ այլ բանի դրսեւորումներ են: Իրական հերոսն այն տղան է, որի անունը մենք չգիտենք էլ: Ինձ հարազատ մի մարդ՝ գեներալ, մի անգամ ասաց, որ հաճախ գնում է Արցախի գյուղերից մեկը, հանդիպում է իր երբեմնի մարտընկերներին, որոնցից յուրաքանչյուրը մարտի դաշտում մի առյուծ էր: Ինքը հետեւել է նրանց, ոգեշնչվել նրանց հերոսականությամբ, այսօր այդ մարտիկները հասարակ գյուղացի մարդիկ են, անատամ (հենց այդպես էլ ասաց), հնարավորություն չունեն անգամ ատամները սարքելու, ինքը հանգամանքների բերումով գեներալ է դարձել, բոլորը ճանաչում են: Եվ մի ավելի դաժան բան ասաց՝ իսկական հերոսները, որ զոհվեցին, նրանց անուններն ընդհանրապես մոռացված են:

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken


Կյանքը անկանխատեսելի է այդ առումով: Գրելիս չեմ մտածում՝ ինչ նպատակ եմ հետապնդում, հետո տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում: Ես իրավիճակն եմ ներկայացրել:

- «Ծուղրուղու» պատմվածքում ժողովրդին աքլորի հե՞տ եք համեմատում, որ մեկ ոտքի վրա սպասում է ինչ-որ բանի: 

-Կա նման համեմատություն: Ժողովուրդը կանգնած սպասում է, բայց եթե ուզում է արդյունքի հասնել, ինքը պետք է մի բան անի: Այդ պատմվածքը արտացոլում է Խորհրդային Միության փլուզման վերջին տարիների դեպքերը: 80-ականներին կային մարդիկ, որ հասկանում էին՝ տանը նստած մեր հարցերը ոչ ոք չի լուծի: Հենց այդ մարդիկ էլ ջոկատներ ձեւավորելով եւ այլ ճանապարհներով փորձեցին մեր ժողովրդի երազանքը, նպատակները իրականացնել:

-Ինձ թվում էր՝ այդ ակնարկը վերաբերում է մեր օրերին:

- Գեղարվեստական գրականությունը միշտ ակտուալ է, որովհետեւ, շատ բան չի փոխվում, ցանկացած պատմական կոնտեքստում, ցանկացած ժողովրդի մեջ, միլիոն տարի էլ անցնի, մարդու հույզերը, ձգտումները նույնն են մնալու, մարդը միշտ ձգտելու է  անկախության, ազատության, հզորության, մարդը լինելու է ագահ եւ այլն, եւ այլն:

- «Նոբելյան մրցանակ» պատմվածքում վարորդը,  որ կարող է աչքերը  փակ սլանալ մառախլապատ լեռներով դեպի անսահմանություն, պատմում է գեներալի մասին, որ լոգարանում եւ սափրվել է, եւ մարտն է վարել: Այս անհավանական, լուսավոր պատմությունը նո՞ւյնպես իրական հիմք ունի:

- Դա  հայտնի պատմություն է, գեներալը լոգարանում սափրվելիս է եղել, հայտնել են, որ թշնամին հարձակվել է: Որպեսզի  խուճապ չստեղծվի, ենթակա հրամանատարներին հավաստիացրել է, թե գտնվում է հրամանատարական իր կետում ու սկսել է վարել մարտը, հրամաններ տալ՝ տեսողական հիշողությամբ (գեներալը նաեւ գիտնական էր, ավտոմատացված համակարգերի մասնագետ): Հաղթում են մարտը`առանց զոհերի: Այդ միջադեպի համար գեներալը պաշտոնական նկատողություն է ստանում:

-Առավել կարեւոր է հաղթանակը պատերազմի՞ բովում, թե՞ խաղաղության մեջ՝արվեստում, գիտության մեջ, թեկուզ թղթախաղում: Առավել եւս, որ կյանքը թղթախաղ է, թղթախաղը՝ պատերազմ, պատերազմն ուղղակի զինադադար է խաղաղության երկար ձգձգվող ժամանակի ծիրում, զինադադարը՝ մի պատուհան մարդու հրեշավոր ծրագրերն ի չիք դարձնելու համար (ըստ՝ «Խաչի թագավորը» պատմվածքի):

-Ամենամեծ հաղթանակը ժողովրդի խաղաղությունն է ժողովուրդը ձգտում է խաղաղության, դա բնական է, այլապես եթե բոլորը ցանկանային կռվել, պատերազմել,  ինչի համար է այդ դեպքում պատերազմը:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Քաղաքական կարո՞ղ են համարվել Ձեր պատմվածքները:

-Ես կասեի՝ մաքուր գեղարվեստական գործեր են:  Բայց քաղաքականութունն այնքան ընդգրկուն ու լայն հասկացողություն է, որ ցանկացած գեղարվեստական գործի մեջ, ցանկացած երեւույթի կարող ենք քաղաքական երանգեր, քաղաքական ենթատեքստ գտնել:

- Երբ Ձեր գիրքը բացեցի, առաջին գործերը կարդալիս` թվաց Վրեժ Իսրայելյանի պատմվածքների շարունակությունն եմ կարդալու: Ինչ-որ անտեսանելի կապ կար, հետո քիչ-քիչ տեսա, ճանաչեցի Մհեր Իսրայելյան-գրողին: Չգիտեմ՝ որքանով էր ճիշտ զգացողությունս, կա՞ նման կապ, թե՞ ոչ:

- Հենց այդպես էլ կա: Գրել սկսել եմ վերջին երեք տարիներին՝ հայրիկիս մահից հետո: Հայրս հեռացավ, կարծես մի բան փոխանցեց ինձ, եւ ես շարունակեցի գրել: Չեմ բացառում, որ նա լիներ, ես ընդհանրապես չգրեի: Լինելով ողջամիտ մարդ, մտածում էի, թե ինչպես փոխանցեմ գրվածքներս նրան: Հետո երազում տեսա, փոխանցեցի, ու անցան այդ ապրումները:

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am