Մշակույթի ցուցիչ Շեքսպիրը՝ «Լիր արքա»-ի նոր հրատարակությունը - Mediamax.am

exclusive
3340 դիտում

Մշակույթի ցուցիչ Շեքսպիրը՝ «Լիր արքա»-ի նոր հրատարակությունը


«Լիր արքա»-ի բեմադրությունը Վիեննայի Բուրգթատրոնում 2013թ. դեկտեմբերին
«Լիր արքա»-ի բեմադրությունը Վիեննայի Բուրգթատրոնում 2013թ. դեկտեմբերին

Լուսանկարը` REUTERS

Արամ Թոփչյանը
Արամ Թոփչյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն


«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա»-ի պատկերազարդ հրատարակությունը, որն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից: Թարգմանությունը, առաջաբանը եւ ծանոթագրությունները Արամ Թոփչյանինն են, ում հետ զրուցել ենք:

 

- «Համլետ»-ի 700-էջանոց  պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում էր ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, նաեւ մանրակրկիտ մեկնություններ ու ծավալուն ուսումնասիրություն: Ինչո՞վ է առանձնանում «Լիր արքա»-ի նոր հրատարակությունը: Մեկնություններ կա՞ն:

 

-«Լիր արքա»-ի նոր հրատարակությունը ծավալով ավելի փոքր է` 288 էջ + 16-էջանոց գունավոր ներդիր, բայց դարձյալ ունի ընդարձակ ու հիմնավոր առաջաբան (68 էջ) եւ ծանոթագրություններ (66 էջ): Դրանցում, ինքնուրույն ուսումնասիրության հետ մեկտեղ, աշխատել եմ հնարավորին չափ արտացոլել «Լիր արքա»-ի շուրջը ստեղծված գրականության անցյալն ու ներկան: Ձեռքիս տակ ունեցել եմ հարուստ նյութ, ներառյալ ողբերգության` վերջին տասնամյակների լավագույն անգլերեն հրատարակությունները, որոնցում ժամանակակից ընթերցողի համար բացատրված են շեքսպիրյան բնագրի գրեթե ամեն մի բառ ու նախադասություն:   

 

- «Լիր արքա»-ն հայերեն թարգմանել են Ստեփան Մալխասյանը, Հովհաննես Մասեհյանը եւ Խաչիկ Դաշտենցը։ Ձեր իսկ փոխանցմամբ` Եղիշե Չարենցը ծայրեծայր խմբագրել է «Լիր արքա»-ի` Մասեհյանի թարգմանությունը, եւ հրատարակված է նաեւ այդ տարբերակը: Կարծում եմ հարց առաջ կգա` ինչի՞ համար է նոր թարգմանությունը, ինչո՞ւ Շեքսպիր, ինչո՞ւ «Լիր արքա»:

 

-Այսպիսի հարցերի պատասխանել եմ բազմիցս, ուստի, նախորդ մտքերս չկրկնելու համար, նշեմ միայն հետեւյալը: Շեքսպիրի նման առանցքային հեղինակների շարունակական թարգմանությունը կարելի է մշակութային ցուցանիշ համարել: Եթե մի լեզվով կան, ասենք, Հոմերոսի, Վերգիլիուսի, Օվիդիուսի, Դանտեի, Սերվանտեսի, Ռաբլեի կամ Գյոթեի նույն երկերի բազմաթիվ թարգմանություններ, ապա սա արդեն լուրջ հիմք է` համոզվելու, որ գործ ունենք բարձր մշակույթի հետ: Այս կարգի հեղինակ է Շեքսպիրը, եւ պատահական չէ, որ նրա նույն երկերը գոյություն ունեն, օրինակ, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն կամ իտալերեն զանազան տարբերակներով, եւ այդ աշխատանքը շարունակվում է նաեւ այսօր:

 

Վերջերս իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել էի մի հրապարակում, ըստ որի միայն վերջին տասը տարում շատ մեծ (անգամ միլիոնավոր) տպաքանակներով հրատարակվել են Հոմերոսի «Իլիական»-ի տասնյակ նոր անգլերեն թարգմանություններ: Սա հրաշալի է եւ վառ ապացույց ու գրավական այն բանի, որ Հոմերոսի նման անկրկնելի մշակութային արժեքը մշտապես ուղեկցելու է անգլալեզու գրականությանը: 

 

Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, ապա նշեմ, որ Ձեր հիշատակած երեք թարգմանությունից իմը նախ եւ առաջ տարբերվում է բանաստեղծական չափով, իսկ սա իր հետ բերում է նաեւ թարգմանական այլ սկզբունքներ (հատկապես չափածո երկերը թարգմանիչներին տալիս են տարբեր մոտեցումների հնարավորություն, իսկ Շեքսպիրի պիեսները, ծավալուն արձակ հատվածներ ընդգրկելով հանդերձ, առավելապես չափածո են): Մանրամասներին ընթերցողը կարող է ծանոթանալ իմ առաջաբանի ««Լիր արքա»-ն հայերեն» գլխում: 

 

Իմ նպատակը ոչ թե մրցակցությունն է նախորդ թարգմանիչների հետ, այլ Շեքսպիրի հայերեն թարգմանության հարուստ ավանդույթն ու հայ շեքսպիրագիտությունը կենդանի պահելը եւ ըստ կարելվույն լրացնելը: Այս առիթով ուզում եմ հիշատակել շեքսպիրագիտության հանգուցյալ հայ երախտավորներ Ռուբեն Զարյանին ու Նշան Մուրադյանին: Բախտ եմ ունեցել երկուսին էլ անձամբ ճանաչելու եւ նրանց հետ երկար զրույցներ ունենալու: Նրանք ամեն կերպ խրախուսել են իմ առաջին թարգմանական փորձերը, մասնավորապես Շեքսպիրի ժամանակակից Քրիստոֆեր Մարլոյի «Ֆաուստ»-ի թարգմանությունը, որն արել եմ ուսանողական տարիներին (այն լույս է ընծայել «Սովետական գրող» հրատարակչությունը 1985 թ.):

 

Ձեր վերջին երկու հարցին կպատասխանեմ կարճ: Ինչո՞ւ Շեքսպիր: Որովհետեւ նրա մշտական ներկայությունը պարտադիր է ցանկացած բարձր (կամ այդպիսին լինելու հավակնություն ունեցող) մշակույթում: Ինչո՞ւ «Լիր արքա»: Որովհետեւ այն Շեքսպիրի մեծագույն երկերից մեկն է, շատերի կարծիքով` մեծագույնը: Այս առումով հետաքրքիր է հիշել վերջերս մահացած ականավոր շեքսպիրագետ Ռեջինալդ Ֆոքսի «Համլետն ընդդեմ Լիրի» գիրքը (1993), որտեղ նա կարծիք է հայտնել, թե 1960-ական թվականներից ի վեր «Լիր արքա»-ն փոխարինել է «Համլետ»-ին որպես Շեքսպիրի «լավագույն, մեծագույն կամ գլխավոր գլուխգործոց»:

 

 - Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել թարգմանելիս:

 

-Անշուշտ ունեցել եմ տարբեր դժվարություններ, որոնցից նշեմ երեքը: Առաջինը Շեքսպիրի լեզուն ճիշտ հասկանալն է. այն կոչվում է «վաղ նոր անգլերեն» (Early Modern English), որը միջին անգլերենից հետո լեզվի զարգացման հաջորդ փուլն է: Ես հին լեզուների ուսումնասիրության մեծ փորձ ունեմ: Անգլերենի դեպքում, մասնավորապես, Շեքսպիրից առաջ թարգմանել եմ հատվածներ Ջեֆֆրի Չոսերի «Քենթրբերյան պատմություններից», որը գրված է այսօրվա անգլերենից շատ ու շատ տարբեր միջին անգլերենով: Այդ նպատակով հատուկ քերականական ձեռնարկով նախ ուսումնասիրել եմ լեզուն: Շեքսպիրի անգլերենը, անշուշտ, միջինի համեմատ շատ ավելի մոտ է նորին, բայց դարձյալ ունի բառապաշարի ու քերականության բազմաթիվ նրբություններ, որոնք այսօր միանգամից չեն կարողանում հասկանալ նույնիսկ լեզվի կրողները: Ուստի շեքսպիրագիտության պատմության ընթացքում ստեղծվել են շեքսպիրյան բառարաններ, քերականական ձեռնարկներ, եւ կան նրա երկերի այնպիսի գիտական հրատարակություններ, որոնցում, ինչպես արդեն նշել եմ, այսօրվա ընթերցողի համար բացատրված է գրեթե յուրաքանչյուր բառ ու նախադասություն: Այս ամենն աշխատանքի ընթացքում ունեցել եմ ձեռքիս տակ, եւ դրանք օգնել են բնագիրը ճիշտ հասկանալուն:

Արամ Թոփչյանը Արամ Թոփչյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Երկրորդ դժվարությունը Շեքսպիրի պատկերավոր, փոխաբերություններով ու թեւավոր խոսքերով լի լեզուն հնարավորինս ճշգրտորեն (առանց էական կորուստների ու բառային անհարկի հավելումների) եւ միաժամանակ գեղարվեստորեն հայերենի վերածելն է, որը թարգմանչից մեծ ջանքեր է պահանջում: Իսկ երրորդ դժվարությունը, քանի որ ես ինքս եմ իմ թարգմանությունների համար գրում առաջաբաններ ու ծանոթագրություններ, Շեքսպիրի երկերի շուրջ ստեղծված գրականության օվկիանոսի մեջ լավ կողմնորոշվելով, հայ ընթերցողին ճիշտ նյութ մատուցելն է: Ահա այս կարգի խնդիրներ եմ փորձել լուծել, սակայն Շեքսպիր թարգմանելն ու նրա մասին գրելն ինձ այնպիսի վայելք է պատճառում, որ ոչ մի դժվարություն չի կարող լուրջ արգելք լինել:      

 

- Շեքսպիրի գործերի հեղինակային իրավունքը մինչ օրս հաստատված չէ: Ձեր ուսումնասիրությունների ժամանակ փորձո՞ւմ եք գտնել նաեւ այս հարցի պատասխանը:

 

-Չէի ասի, որ այդ հեղինակային իրավունքը հաստատված չէ: Ընդհանուր առմամբ հաստատված է, եւ նրա գործերը հրատարակվում են «Ուիլյամ Շեքսպիր» անունով (հիշեցի Վուդի Ալլենի հայտնի կատակը. «Այդ երկերը գրել է ոչ թե Ուիլյամ Շեքսպիրը, այլ մեկը, որի անունն էր Ուիլյամ Շեքսպիր»): Այլ հարց է, որ Շեքսպիրի կենսագրության մեջ կան որոշ մութ ու վիճելի խնդիրներ, որոնք մարդկանց առիթ են տվել կասկածի ենթարկելու նրա գրական ժառանգության հեղինակային պատկանելությունը: Բացի այդ, սա ինտրիգային ու շահեկան թեմա է` զանազան պրպտումների ու ենթադրությունների համար, եւ ով այս մասին քիչ թե շատ փաստարկված ուսումնասիրություն է գրում, միանգամից հայտնի է դառնում: Ես ինքս կասկած չունեմ, որ այդ երկերի հեղինակը հենց ինքն է` դերասան Շեքսպիրը, իսկ առաջարկվող բոլոր մյուս թեկնածուները` ընդհուպ մինչեւ Էլիզաբեթ թագուհի, ինձ միշտ խիստ անհավանական, եթե չասեմ` անհեթեթ են թվացել: Հարցին կարճ անդրադարձել եմ «Համլետ»-ի մեկնություններում եւ ուսումնասիրության մեջ: Երկում կան հատվածներ, մասնավորապես «թատրոնների պատերազմի» ու բեմական խաղի առանձնահատկությունների մասին, որոնք ակնհայտորեն գրված են թատրոնի մարդու, այսինքն` դերասան Շեքսպիրի ձեռքով, եւ նա արտահայտում է իր խանդը մրցակից թատերախմբի` «Մատուռի մանուկների» հաջողությունների առթիվ: Հետաքրքրվողներին առաջարկում եմ կարդալ «Համլետ»-ի II.2. 334–356 եւ III.2.1–43 տողերի իմ մեկնությունները: Ավելացնեմ, որ Շեքսպիրի անձնավորության խնդրին առաջիկայում, եթե ժամանակը թույլ տա, պիտի նվիրեմ մի առանձին ուսումնասիրություն: Ի դեպ, վերջերս լուր է տարածվել, որ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցի առթիվ կատարվել է նրա գերեզմանի ռադարային զննում եւ արդյունքները հրապարակվելու են շուտով: Տեսնենք, միգուցե սա նոր լույս կսփռի Շեքսպիրի կենսագրության վրա:

 

- Ժան Կլոդ Կարիերը նկատում է, որ Շեքսպիրն անվերջ հարստանում է ու ամրապնդում իր դիրքերը, որովհետեւ նրա պիեսները ներառում են բոլոր մեկնաբանություներն ու նշանավոր ընթերցումները, որոնք հաջորդել են իրար այն ժամանակից ի վեր: Ի՞նչ կասեք այս առթիվ: Եթե խոսենք  կոնկրետ  «Լիր արքա»-ի մասին, 21-րդ դարի մարդուն ի՞նչ կարող է ասել այս ողբերգությունը: Նոր մոտեցումների, մեկնաբանությունների, նոր թարգմանությունների  կարիք կա՞ այսօր:

 

-Վերեւում բերեցի Հոմերոսի օրինակը` նշելով, որ միայն վերջին տասնամյակում եղել են «Իլիական»-ի մոտ տասնյակ նոր անգլերեն թարգմանություններ: Նույն կարգի հեղինակ է Շեքսպիրը եւ, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, ամեն տարի լինում են ոչ միայն նրա երկերի նոր թարգմանություններ, այլեւ դրանց վերաբերող հարյուրավոր հրապարակումներ եւ ուսումնասիրություններ: Իսկ այս տվյալներն ինքնին խոսուն են: Շեքսպիրի երկերում մարդկային էության մութ ու լուսավոր կողմերը ցուցադրված են այնպիսի բազմազանությամբ ու խորությամբ, եւ դա արված է մշտապես հետաքրքիր այնպիսի սուր դրամատիկ իրավիճակներում, որ նա արդիական է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ մարդը մարդ է եւ առհասարակ գոյություն ունի երկրագնդի վրա: Եվ սա վերաբերում է առաջին հերթին Շեքսպիրի գլուխգործոցներին, որոնցից մեկն է «Լիր արքա»-ն:

 

-Գրքի շապիկի ձեւավորման մասին ի՞նչ կասեք:

 

-Գրքի կազմի չորրորդ էջին «Լիր արքա»-ի առաջին` 1608 թ. հրատարակության տիտղոսաթերթն է: Իսկ առաջին էջին մեծացված տարբերակով պատկերված է այդ հրատարակությունն իրականացրած տպարանի էմբլեման` վերցված տիտղոսաթերթից: Այսինքն` ձեւավորումն արված է նույն մտահղացմամբ, ինչ որ «Համլետ»-ինը: Ի դեպ ավելացնեմ, որ «Համլետ»-ի կազմի ձեւավորումը վերջնական տեսքի է բերել շնորհալի նկարիչ ու թարգմանիչ Էդիկ Պողոսյանը, որի անունը, թյուրիմացաբար եւ ցավալիորեն, չի նշվել գրքում:

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

- Հաջորդիվ ձեր թարգմանական տարածքում դարձյալ շեքսպիրյան գլուխգործոցնե՞րն են:

 

- Շեքսպիրի գլուխգործոցներն ինձ կուղեկցեն մինչեւ կյանքիս վերջը, բայց ես թարգմանական մեծ ծրագիր ունեմ, որը ներառում է նաեւ համաշխարհային գրականության այլ կոթողներ: Սիրում եմ հատկապես թարգմանել չափածո դրամատուրգիա եւ էպիկական պոեմներ: Մի քանի օր առաջ հրատարակության եմ հանձնել հույն մեծ ողբերգակ Սոֆոկլեսի երեք նշանավոր «թեբեական» ողբերգությունները` «Էդիպուս արքա», «Էդիպուսը Կոլոնոսում» եւ «Անտիգոնե», հին հունարենից իմ նոր թարգմանությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով (անտիկ գրականությունն իմ տարերքներից մեկն է): Որոշ գործեր թարգմանում եմ կնոջս` Գոհար Մուրադյանի աշխատակցությամբ (նա հին հունարենի ու լատիներենի հմուտ մասնագետ է): Հիմա լատիներենից թարգմանում ենք Վերգիլիուսի «Էնեական»-ը, որը եթե հաջողվի ավարտին հասցնել, կլինի մեր կյանքի նշանակալից նվաճումներից մեկը:

 

Ներկայումս աշխատում եմ «Զանգակ» հրատարակչության հետ եւ, օգտվելով առիթից, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանին` սիրալիր վերաբերմունքի եւ իմ ներկայացրած գրքերը պատրաստակամորեն հրատարակության ընդունելու համար: Շնորհակալ եմ նաեւ գեղարվեստական ու թարգմանական գրականության համակարգողներ Հայկ Համբարձումյանից եւ Արթուր Մեսրոպյանից, որոնք ամեն կերպ նպաստում են «Զանգակ»-ի հետ իմ արդյունավետ համագործակցությանը: Վերջապես պիտի իմ երախտագիտությունը հայտնեմ ամերիկահայ մշակութաբան, բարերար Ալիս Նավասարգյանին, որն օժանդակել է «Լիր արքա»-ի հրատարակությանը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին