5/10/15. Քոչարյանն ու Ալիեւը չպայմանավորվեցին, «Կարապետյանը հրաժարականի պատճառ չունի» - Mediamax.am

exclusive
9075 դիտում

5/10/15. Քոչարյանն ու Ալիեւը չպայմանավորվեցին, «Կարապետյանը հրաժարականի պատճառ չունի»


Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը
Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը
Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը Մոսկվայում 2004 թվականին
Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը Մոսկվայում 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Երեւանում 2013 թվականին
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Երեւանում 2013 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-12

 

«Լիովին մեզ բավարարում է»

 

Հունիսի 7-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «մենք գտնվում ենք անվտանգային այնպիսի համակարգում, որը մեզ լիովին բավարարում է»։

 

«Մենք չենք ծրագրում որեւէ բան փոխել: Չեմ կարծում, որ մենք պետք է անդամակցենք ՆԱՏՕ-ին»,- ասել էր կառավարության ղեկավարը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրատարակված հարցազրույցում:

 

Պատասխանելով այն հարցին, որ հենց իրեն է վերագրվում Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն հիմնելու գաղափարը, Սերժ Սարգսյանն ասել էր.

 

«Ըստ երեւույթին, դա հնարել են Հայաստանում, հետո դա հասել է Ռուսաստան: Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի գրասենյակը շատ վաղուց բացվել է Մոսկվայում, եւ այն նույն պայմաններով, ինչ եւ մեզ մոտ: Թե՞ դուք կարծում եք, որ Ռուսաստանին կարելի է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, իսկ Հայաստանը պետք է առճակատման գնա ՆԱՏՕ-ի հետ: Ես, անկեղծ ասած, ուրախ եմ, որ Ռուսաստանում որոշ մարդիկ ինձ համարում են արեւմտամետ, քանի որ շատերը Արեւմուտքում ինձ համարում են ռուսամետ: Եվ դա հստակ ապացուցում է, որ իրականում ես հայամետ գործիչ եմ»։

 

Չհաջողվեց առաջընթացի հասնել

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը «ցավոք, չի նշանավորվել առաջընթացով, եւ առկա տարաձայնությունները պահպանվում են»։

 

Հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում պատասխանելով լրագրողների հարցերին, Վարդան Օսկանյանը նշել էր, որ «նախագահների քննարկմանն էին առաջարկվել այն հարցերը, որոնց շուրջ, ինչպես հույս ունեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանք կարող էին առաջընթացի հասնել»:

 

Միեւնույն ժամանակ, նշել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարը, «տեղի էր ունեցել լուրջ եւ խորքային քննարկում»։

Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը Մոսկվայում 2004 թվականին Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը Մոսկվայում 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Հունիսի 12-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Ադրբեջանը «պետք է խստացնի իր դիրքորոշումը Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների եւ համաշխարհային հանրության հանդեպ»։

 

Մամեդովը նշել էր, որ Սանկտ-Պետերբուրգում Իլհամ Ալիևի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը «ծանր է անցել, եղել են նաեւ վեճեր»: «Չնայած այն փաստին, որ տարածաշրջանում Ադրբեջանի վարկանիշը հզորանում է, դա բավարար չէր, որպեսզի Հայաստանը բանակցությունների ժամանակ կառուցողական լիներ»,- ասել էր նա:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-12

 

«Ռասիզմի հոտ է գալիս»

 

Հունիսի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Թուրքիայի արտգործնախարարի` շփման գծում վերջին շրջանում հրադադարի խախտումների եւ զոհերի վերաբերյալ հայտարարություններից «ռասիզմի հոտ է գալիս»:

 

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն առ այն, թե ինքը «մտահոգված է միայն ադրբեջանցի զինվորների կորուստով», Էդվարդ Նալբանդյանն ասել էր. «Երբեւէ չեմ լսել, որ նա մտահոգված լինի ադրբեջանցիների սադրանքների պատճառով հայ զինծառայողների սպանությամբ»:

 

«Այն դեպքում, երբ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է այս միջադեպերը եւ կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, թուրքական կողմի նման հայտարարությունները խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները»,- հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարը, հանդես գալով ԵԱՀԿ Գործող նախագահ Էյմոն Գիլմորի հետ համատեղ ասուլիսում Երեւանում:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Երեւանում 2013 թվականին Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Երեւանում 2013 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«20 տարի առաջ, երբ Հայաստանը դեմ չեղավ Թուրքիայի ներգրավմանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որոշ երկրներ ակնկալում էին, որ այն անաչառ կգտնվի եւ կնպաստի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Սակայն, ինչպես ցույց տվեցին այս 20 տարիները, Թուրքիան ոչ միայն անաչառ եւ չեզոք չէ, այլեւ վնաս է հասցնում կարգավորման գործընթացին: Այս գործելաոճը հարց է բարձրացնում, թե ինչքանո՞վ համահունչ են Թուրքիայի մոտեցումները Մինսկի խմբի անդամ լինելուն»,- եզրափակել էր Էդվարդ Նալբանդյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-12

 

«Կարապետյանը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի»

 

Հունիսի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի:

Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը

 

«Պարբերաբար հրապարակ նետվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին մտացածին են: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին ցանկություններ ունեն նրանք, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում եւ, մասնավորապես, մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-ասել էր Սերժ Սարգսյանը։

 

Բաքուն «պատանդ է վերցրել» բանակցային գործընթացը

 

Հունիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրում ընդունել է «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշումը եւ բացահայտորեն սպառնում է նոր ռազմական գործողություններով՝ փաստացի պատանդ վերցնելով բանակցային գործընթացը, շանտաժի ենթարկելով եւ շարունակաբար վարկաբեկելով համանախագահներին»:

 

Նա ընդգծել էր, որ «հասունացել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն առավել շոշափելի քայլեր ձեռնարկի Բաքվի սադրիչ եւ ապակառուցողական քաղաքականությունը սանձելու ուղղությամբ»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին