5/10/15. Քոչարյան vs. Բրայզա, Քլինթոնը Երեւանում, բանալի՝ Ազնավուրին - Mediamax.am

exclusive
11101 դիտում

5/10/15. Քոչարյան vs. Բրայզա, Քլինթոնը Երեւանում, բանալի՝ Ազնավուրին


Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը եւ Մեթյու Բրայզան
Ռոբերտ Քոչարյանը եւ Մեթյու Բրայզան

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հիլարի Քլինթոնը եւ Սերժ Սարգսյանը
Հիլարի Քլինթոնը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հիլարի Քլինթոնը եւ Էդվարդ Նալբանդյանը
Հիլարի Քլինթոնը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հովիկ Աբրահամյանը եւ Արծվիկ Մինասյանը
Հովիկ Աբրահամյանը եւ Արծվիկ Մինասյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Միգել Անխել Մորատինոսը 2007 թվականին
Միգել Անխել Մորատինոսը 2007 թվականին

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ՀՈՒՆԻՍԻ 5

 

«Օգտագործել հնարավորությունը»

 

Հունիսի 4-ին ԵԱՀԿ Գործող նախագահ, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս հնարավորությունը:

 

«Հիմա ամենահարմար պահն է վճռական քայլը կատարելու համար»,- ասել էր ԵԱՀԿ Գործող նախագահը Բաքու եւ Երեւան այցի նախօրեին։

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը հավատում է, որ Ադրբեջանն իրոք պատրաստ է համաձայնվել Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման գաղափարի հետ, Մորատինոսն ասել էր.

 

«Հեշտ չէ բալանսավորել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքը ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ: Երկուսն էլ ունիվերսալ սկզբունքներ են, որոնք կիրառելի են տարբեր հանգամանքներում: Վստահ եմ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը հնարավորություն ունեն գտնել լուծումը` օգտագործելով առավել հարմար սկզբունքները, որպեսզի կարգավորեն այն իրավիճակը, որը մեծ վնասներ է հասցնում հազարավոր մարդկանց, որոնք արժանավայել, խաղաղ եւ բարեկեցիկ կյանքի իրավունք ունեն»։

Միգել Անխել Մորատինոսը 2007 թվականին Միգել Անխել Մորատինոսը 2007 թվականին

Լուսանկարը` REUTERS

Մեկնաբանելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը` Ռուսաստանը, պնդում է, որ Կոսովոյի անկախությունը նախադեպ կդառնա մյուս հակամարտությունների համար, իսկ մյուս երկու համանախագահները` Ֆրանսիան եւ ԱՄՆ, հանդես են գալիս հակադիր դիրքերից, ԵԱՀԿ Գործող նախագահն ասել էր.

 

«ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունները խիստ տարբեր են: Համանախագահների կողմից ներկայացվող Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ողջամիտ չեն համարում կանխորոշված բանաձեւերի օգտագործումը, քանի որ իրավիճակների մեծ տարբերությունը ոչ կենսունակ է դարձնում դրանք»։

 

«Հայտնի չէ լավատեսության աղբյուրը»

 

Հունիսի 5-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքսին ասել էր, որ իրեն «հայտնի չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի լավատեսության աղբյուրը»։

 

Քոչարյանն ասել էր այս մասին` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «զգալի առաջընթացի են հասել» ու «եթե Սանկտ Պետերբուրգում հունիսի 9-ին կայանալիք Քոչարյանի և Ալիեւի հանդիպումը հաջող լինի, ապա հիմնարար սկզբունքների շուրջ տարաձայնությունների քանակը կարող է կրճատվել եւ հասնել զրոյական մակարդակի»։

Ռոբերտ Քոչարյանը եւ Մեթյու Բրայզան Ռոբերտ Քոչարյանը եւ Մեթյու Բրայզան

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Բանակցային գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաեւ անցած երկու ամիսների ընթացքում ադրբեջանական կողմի արված հայտնի հայտարարությունները չափազանց փոքր հնարավորություն են թողնում դրական արդյունք ակնկալելու համար», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ՀՈՒՆԻՍԻ 5

 

Հովիկ Աբրահամյանը՝ խորհրդարանի նախագահ

 

Մայիսի 31-ին Հայաստանի 5-րդ գումարման խորհրդարանի նախագահ ընտրվել էր ՀՀԿ ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը եւ Արծվիկ Մինասյանը Հովիկ Աբրահամյանը եւ Արծվիկ Մինասյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Այսօր կա այն ներուժը, որը թույլ կտա իրականացնել մեր ծրագրերը եւ արդարացնել ժողովրդի հույսերը», - ասել էր ԱԺ ղեկավարը:  

 

«Համահունչ կյանքի կազմակերպման ձեւեր»

 

Հունիսի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ Հայաստանը պետք է ունենա ԵՄ-ին համահունչ կյանքի կազմակերպման ձեւեր:

 

«Համագործակցությունը կյանքի կազմակերպման ձեւերին է վերաբերում, անհրաժեշտ է մշակել միասնական նորմեր եւ չափանիշներ, որոնք թույլ կտան բարեփոխումներ կատարել մեր երկրում: Օրինակ, աստիճանաբար է հնարավոր է դառնում աշխատել ընդհանուր կրթական դաշտում եւ կիրառել համընդհանուր գործիքներ այն արդյունավետ դարձնելու նպատակով»,- ասել էր  փոխարտգործնախարարը։

 

«Նոր պատերազմն ավելի կործանարար եւ աղետալի կլինի»

 

Հունիսի 1-ին Հարավային Կովկասում եւ Վրաստանի հակամարտության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հայտարարել էր, որ «Եվրամիության համար տարածաշրջանում կարեւորագույն խնդիրներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի կանխումն է»:

 

Նրա խոսքով, եթե պատերազմը վերսկսվի, ապա «դա աղետ կլինի ոչ միայն այդ երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար»:

 

«Նոր պատերազմն ավելի կործանարար եւ աղետալի կլինի, քան 2008 թվականի օգոստոսի պատերազմը, եւ այն ավելի դժվար կլինի դադարեցնել»,- նկատել էր Ֆիլիպ Լեֆորը՝ հավելելով, որ պետք է ամբողջությամբ բացառել նոր պատերազմի հնարավորությունը:

 

Նա նշել էր, որ պետք չէ շատ մեծ հույսեր կապել միջազգային միջնորդների հետ, քանի որ նրանք չեն կարող լուծել հիմնախնդիրը կողմերի փոխարեն, իսկ «վերեւից պարտադրված լուծումը» կլինի փխրուն եւ ոչ լեգիտիմ:

 

Քլինթոնի այցը

 

Հունիսի 4-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր աշխատանքային այցով Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

 

«Այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, եւ ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում եւ այսօր գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա», - ասել էր Սերժ Սարգսյանը։

Հիլարի Քլինթոնը եւ Սերժ Սարգսյանը Հիլարի Քլինթոնը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի նախագահն նշել էր, որ «ուրախ է նաեւ նրա համար, որ հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես կառուցվում են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ «Մենք մշտապես կարող ենք անկեղծորեն քննարկել ցանկացած հարց, որ հետաքրքրում է կողմերից մեկին: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում», - ասել էր նա:

 

«Ես եւ նախագահ Օբաման բարձր ենք գնահատում Ձեզ հետ ունեցած մեր շփումները: Ես եւ Դուք շատ ու շատ զրույցներ ենք ունեցել, եւ ինչպես Դուք նշեցիք, դրանք շատ անկեղծ են եղել, ինչն էլ բնորոշ է ընկերներին: Եվ ես գիտեմ, թե Դուք անձամբ ինչպիսի ջանասիրությամբ եք աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար: Միացյալ Նահանգները պատրաստակամ են օժանդակել եւ աջակցել Ձեր շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ», - ասել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Հիլարի Քլինթոնը եւ Էդվարդ Նալբանդյանը Հիլարի Քլինթոնը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Քլինթոնն ասել էր, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: ԱՄՆ պետքարտուղարը շեշտել էր Հայաստանի նախագահի անձական դերակատարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ հիշեցրել, որ 2 տարի առաջ, գտնվելով Հայաստանում, ասել էր, որ «գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում» ու այսօր էլ «իրավիճակը չի փոխվել»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ՀՈՒՆԻՍԻ 5

 

Բանալիներ՝ Ազնավուրին

 

Հունիսի 1-ին տեղի էր ունեցել Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալիները «Ազնավուր» հիմնադրամին հանձնելու արարողությունը։

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում»,- ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները շաղկապված են հազարավոր թելերով, եւ դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդն այցելել են Հայաստան։ Ես հույս ունեմ, որ նորընտիր նախագահ պարոն Էմանյուել Մակրոնն այս ավանդույթը կշարունակի, Մաեստրո՛, եւ մենք Ձեզ հետ միասին նրան կդիմավորենք այս տուն-թանգարանում»,- հավելել էր նախագահը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին