5/10/15. Ծառուկյանի հրաժարումը կոալիցիայից, «ռադիկալ» Վարդանյանը - Mediamax.am

exclusive
7498 դիտում

5/10/15. Ծառուկյանի հրաժարումը կոալիցիայից, «ռադիկալ» Վարդանյանը


Ռուբեն Վարդանյանն ու Կարեն Կարապետյանը
Ռուբեն Վարդանյանն ու Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բդադտկեն եւ Յուրի Մերզլյակովը
Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բդադտկեն եւ Յուրի Մերզլյակովը

Լուսանկարը` ԵԱՀԿ

Դենիել Ֆրիդը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Դենիել Ֆրիդը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Գագիկ Ծառուկյանը
Գագիկ Ծառուկյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-29

 

«Չհամաձայնեցված հարցերի թիվը կմոտենա զրոյին»

 

Մայիսի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Երեւանում հայտարարել էր, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը «հաջող անցնի, ապա չհամաձայնեցված հարցերի թիվը  կմոտենա զրոյին»:

 

Նա նշել էր, որ հունիսի 10-ի Քոչարյան-Ալիեւ հաջող հանդիպման դեպքում, «ամենայն հավանականությամբ, կպահանջվի եւս մեկ հանդիպում երկրի ղեկավարների մակարդակով` կարգավորման հիմնական սկզբունքների հաստատման համար»:

Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բդադտկեն եւ Յուրի Մերզլյակովը Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բդադտկեն եւ Յուրի Մերզլյակովը

Լուսանկարը` ԵԱՀԿ

Միջնորդներն ընդգծել էին, որ այս փուլում խոսքը գնում է կարգավորման հիմնական սկզբունքների, այլ ոչ թե խաղաղ համաձայնագրի մշակման մասին:

 

Ֆրանսիացի միջնորդ Բեռնառ Ֆասյեն նշել էր, որ 2008 թ. Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ, եւ «եթե սկզբունքները չորոշվեն մինչեւ այս տարվա վերջ, մեծ է հավանականությունը, որ ընտրություններից հետո գործընթացը հարկավոր կլինի սկսել զրոյից, ինչպես դա արդեն եղել է անցյալում»։

 

«Մոսկվայի եւ Վաշինգտոնի լավ համագործակցությունը»

 

Մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը հայտարարել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների «լավ համագործակցության» մասին:

Դենիել Ֆրիդը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Դենիել Ֆրիդը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Ռուսաստանի եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին զեկույցով, նա նշել էր, «որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են միասին աշխատել խաղաղ գործընթացի առաջխաղացման ապահովման համար, ինչը կայունություն եւ անվտանգություն կապահովի Հարավային Կովկասում, ինչը համապատասխանում է մեր փոխադարձ շահերին»։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-29

 

Ծառուկյանը հրաժարվում է կոալիցիայից

 

Մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն «նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»:

Գագիկ Ծառուկյանը Գագիկ Ծառուկյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում  «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն:  Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ եւ պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ: Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում», - հայտարարել էր Ծառուկյանը։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-29

 

Վարդանյանը «ավելի ռադիկալ մոտեցման կողմնակից է»

 

Մայիսի 25-ին IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ միշտ աշխատել է մասնավոր հատվածում եւ իրեն որեւէ պետական պաշտոնում չի պատկերացնում:

 

«Ես ունեմ մի սկզբունք՝ մարդ պետք է զբաղվի այն աշխատանքով, որն իր մոտ լավ է ստացվում», - ասել էր Ռուբեն Վարդանյանը:

 

Նա նշել էր, որ քաղաքական գործընթացներում չի ներգրավվում, սակայն համոզված է, որ էլիտաները պետք է քննարկեն, թե ինչպիսի Հայաստան են ցանկանում տեսնել 20 տարի հետո: «Այս հարցերի շուրջ ես բանավիճում եմ Հայաստանի նախագահի, ներկայիս եւ նախորդ վարչապետների հետ», - ասել էր նա:

 

«2008 թվականին ես առաջին անգամ հանդիպեցի Սերժ Սարգսյանի հետ եւ ասացի, որ մեզ սպասում է փոփոխությունների եւ բարեփոխումների երկար ու դժվարին ճանապարհ, որի ընթացքում հնարավորություններիս սահմաններում անելու եմ ամեն ինչ, որ Հայաստանը եւ հայկական աշխարհը զարգանան, հարգված ու հաջողված լինեն: Ասացի, որ անելու եմ դա ոչ թե ներկայիս ղեկավարության, այլ հայ ազգի համար: Այդ սկզբունքով ես աշխատում էի Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հետ, հիմա աշխատում եմ Կարեն Կարապետյանի հետ, ում լավ ճանաչում եմ եւ ջերմ հարաբերություններ ունեմ», - նշել էր Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանն ու Կարեն Կարապետյանը Ռուբեն Վարդանյանն ու Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Մեկնաբանելով Կարեն Կարապետյանի գործունեությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում, Ռուբեն Վարդանյանն ասել էր.

 

«Կարեն Կարապետյանի գործը բավական դժվար է, որովհետեւ ինքը պետք է փոփոխություններ անի՝ առանց հեղափոխության: Ես ավելի հեղափոխական մարդ եմ եւ կարծում եմ, որ մոդելի փոփոխությունը պետք է ավելի կտրուկ լինի: Ես ավելի ռադիկալ մոտեցման կողմնակից եմ, որի մասին գիտեն եւ նախագահը եւ վարչապետը: Բայց, իհարկե, ինձ ավելի հեշտ է այդպես արտահայտվել, քանի որ ես պետական պաշտոն չեմ զբաղեցնում»:

 

Երեւանի կոչը Մինսկին

 

Մայիսի 29-ին Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը:

 

«Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, պետք է պատճառը հասկանանք, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ասել էր Շարմազանովը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին