5/10/15. Ազիմովի «ոսկե միջինը», 2007-ի ընտրությունները, ԵՄ-ի կոչը - Mediamax.am

exclusive
4426 դիտում

5/10/15. Ազիմովի «ոսկե միջինը», 2007-ի ընտրությունները, ԵՄ-ի կոչը


Արազ Ազիմովը
Արազ Ազիմովը

Լուսանկարը` ԵԱՀԿ

Հուշագրի ստորագրումը
Հուշագրի ստորագրումը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Դիտորդական առաքելության ղեկավարները
Դիտորդական առաքելության ղեկավարները

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նիկոլ Փաշինյանը՝ 2007-ին
Նիկոլ Փաշինյանը՝ 2007-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանն ընտրատեղամասում
Ռոբերտ Քոչարյանն ընտրատեղամասում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-25

 

Գալ «ոսկե միջինի»

 

Մայիսի 10-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովն ասել էր, որ «Հայաստանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու իր առավելապաշտական դիրքորոշումից եւ գտնի «ոսկե միջինը»։

 

«Ադրբեջանը եւս պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ ադրբեջանական իշխանություններին ենթարկելու իր առավելապաշտական դիրքից: Արդյունքում ստեղծվում է հենց այդ «ոսկե միջինը»,- ասել էր Արազ Ազիմովը։

 

«Ես միշտ ասել եմ հայերին, որ օկուպացիան «շուտ փչացող ապրանք է»: Պետք է ժամանակին ազատվել դրանից: Նրանք չեն պատկերացնում, թե որքան հնարավորություններ կբացվեն իրենց առջեւ գրավյալ տարածքները ազատելու դեպքում: Գրավյալ յոթ շրջանների ազատումն ու Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջան ադրբեջանցիների վերադարձը կլինի այն քայլը, որը կօգնի Հայաստանին արժանի տեղ զբաղեցնել տարածաշրջանում, Ադրբեջանի հետ նորմալ կապեր վերականգնել»,- հայտարարել էր Ազիմովը:

Արազ Ազիմովը Արազ Ազիմովը

Լուսանկարը` ԵԱՀԿ

Նա նաեւ ասել էր, որ «Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող գերակշռել հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած շահերին»:

 

«Կարծում եմ, որ Ադրբեջանի հետ կապված Ռուսաստանի շահերը պակաս չեն, կամ էլ նույնիսկ ավելի կարեւոր են, քան պատրանքային ռազմավարական հաշվարկները Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համատեքստում, գործողությունները հարավային թեւում եւ այլն։ Այս ամենը լրացուցիչ ծանրաբեռնում է տարածաշրջանը: Ժամանակին մենք դրան ուշադրություն էինք հրավիրում: Եթե ռուսական կողմին այդքան հարմար է լինել Հայաստանի դաշնակիցը, ապա դա նրանց գործն է: Իսկ մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ ստեղծել նորմալ, բարիդրացիական հարաբերություններ եւ առաջարկում ենք, կոչ ենք անում, հրավիրում ենք Ռուսաստանին այդպիսի հավասարազոր ռազմավարական համագործակցության»,- ասել էր ադրբեջանցի դիվանագետը:

 

Հակոբյանի եւ Օհանյանի նշանակումները

 

Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Արկադի Ղուկասյանը հրամանագիր էր ստորագրել գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոններից ազատելու մասին:

 

Մեկ այլ հրամանագրով ԼՂՀ պաշտպանության նախարար եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը, որը զբաղեցնում էր ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը:

 

Մայիսի 11-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել Սեյրան Օհանյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին։

 

Ընտրությունները

 

Մայիսի 12-ին Հայաստանում տեղի էին ունեցել Ազգային ժողովի ընտրություններ։

 

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրատեղամասում հայտարարել էր, որ խորհրդարանում ցանկանում է տեսնել «իրական ընդդիմություն, այլ ոչ թե արտասահմանյան ներկայացուցչություններ տարբեր խմբակցությունների տեսքով»։

Ռոբերտ Քոչարյանն ընտրատեղամասում Ռոբերտ Քոչարյանն ընտրատեղամասում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` (32.8%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (14.7%), ՀՅԴ-ն` (12.7%), «Օրինաց երկիր» կուսակցությունը` (6.8%), «Ժառանգություն» կուսակցությունը»`(5.8%):

 

Մայիսի 13-ին ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքը եւ «Նոր ժամանակներ» ու «Հանրապետություն» կուսակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում իշխանական կուսակցություններին մեղադրել էին «ընտրակեղծիքների հայտնի բոլոր միջոցներն ու եղանակների» օգտագործման համար:

 

Նիկոլ Փաշինյանն՝ «Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդներից մեկը, Երեւանում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում  «կայացել են ոչ թե ազատ եւ անկախ ընտրություններ, այլ պետական հեղաշրջում»։ 

Նիկոլ Փաշինյանը՝ 2007-ին Նիկոլ Փաշինյանը՝ 2007-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Փաշինյանի խոսքերով, «իշխանություններն օգտագործել են կեղծման բոլորովին նոր մեթոդ` ընտրությունների նախօրեին տպագրելով 400 հազար նոր անձնագրեր եւ բաժանելով դրանք հատուկ խմբերին, որոնք մտնում էին տարբեր ընտրատեղամասեր եւ քվեարկում էին»։

 

«Հենց դա է օգնել իշխանություններին խաբել դիտորդներին եւ ստեղծել ազատ ընտրությունների պատրանք,- ասել էր Փաշինյանը:

 

Մայիսի 13-ին ԺՄԻԳ/ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի եւ Եվրոպական Խորհրդարանի համատեղ դիտորդական առաքելությունը Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանակալիորեն համապատասխանել են միջազգային չափանիշներին:

Դիտորդական առաքելության ղեկավարները Դիտորդական առաքելության ղեկավարները

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մայիսի 14-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոմ Քեյսին ասել էր, որ մենք «շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին ընտրությունների առիթով եւ կիսում ենք միջազգային դիտորդների այն կարծիքը, որ ընտրությունների ենթակառուցվածքները մեծապես բարելավվել էին, եւ դա քայլ էր` արված միջազգային չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ»։

 

Մայիսի 15-ին Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը «հանձնել է քննությունը» եւ «կշարունակի մերձեցումը ԵՄ-ի հետ»։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-25

 

ԵՄ-ի կոչը

 

Մայիսի 15-ին Եվրոպական Միությունը Հայաստանին կոչ էր արել 2013թ. նախագահական ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշերին համապատասխան:

 

Եվրոպական Հանձնաժողովի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն Ներկայացուցչի հրապարակած համատեղ փաստաթղթում՝ 2011թ-ին Հայաստանում Եվրոպական Հարեւանության Քաղաքականության իրականացման վերաբերյալ ասված էր.

 

«Ապահովել 2013 թվականի նախագահական ընտրությունների անցկացումը միջազգային չափանիշերին համապատասխան` վերացնելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված թերությունները»։

 

Նույն փաստաթղթում ասված էր, որ Եվրոպական Միությունը շարունակում է պնդել Մեծամորի ատոմակայանի փակումը, քանի որ «այն չի կարող արդիականացվել միջուկային անվտանգության միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-25

 

Կոալիցիոն հուշագիրը

 

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության միջեւ ստորագրվել էր քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը գործելու էր մինչեւ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Հուշագրի ստորագրումը Հուշագրի ստորագրումը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ընտրությունները Երեւանում

 

Մայիսի 14-ին տեղի էին ունեցել Երեւանի ավագանու ընտրություններ։

 

«Երկիր ծիրանի» կուսակցությունը ստացել էր 7.75 % (26 109 ձայն), «Ելք» դաշինքը՝ 21.00 % (70 731 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 71,25 % (240 036 ձայն):

 

Քաղաքապետի պաշտոնը պահպանել էր Երեւանի գործող ղեկավար Տարոն Մարգարյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մայիսի 15-ին «Ելք» դաշինքը հայտարարել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքներն ընդհանուր առմամբ ձեւավորվել են քաղաքացիների ընտրության արդյունքում։

 

«Ելք»-ի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, որ «իրենց չի հաջողվել մարդկանց համոզել՝ քվեարկելու առանց ընտրակաշառքի»։ «Սա փաստ է, եւ մենք պետք է դա հաղթահարեք»,- ասել էր նա:

 

Արա Թադեւոսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին